Հորը սպանողը «պահ է տրվել» նյարդահոգեբանական դիսպանսերին
Երեկ` ժամը 18.30-ին, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 9/1 հասցեում գտնվող բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ Սերյոժա Վազգենի Ղուբաթյանի դիակը` բռնի մահվան հետքերով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է, որ Տիգրան Գ.-ն փետրվարի 20-ին` ժամը 17-00-ի սահմաններում` ընտանիքում ձևավորված փոխադարձ անբարյացակամ հարաբերությունների հողի վրա առաջացած վեճի ընթացքում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կացնով հարվածել է իր հորը` Սերյոժա Ղուբաթյանին գլխի շրջանում և սպանել:
Քննիչ Արթուր Պողոսյանի տեղեկացմամբ` նույն օրը Տիգրան Գ.-ն ձերբակալվել է և քանի որ, ըստ քննիչի, անձը հաշվառված է եղել Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում, դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգենյարդաբանական դիսպանսեր: Այժմ այնտեղ է գտնվում:
Դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը «Հետքին» հայտնեց, որ Տիգրան Գ.-ն որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ դիսպանսերում: Փոքր տարիքում գրանցվել է նևրասթենիա հիվանդությամբ, բայց դրանից հետո դիսպանսեր բուժումների չի հաճախել: Տնօրենը հայտնեց, որ Տիգրան Գ.-ն ժամանակավոր է գտնվում դիսպանսերում: «Ի պահ է տրվել, մինչև տեղափոխեն»,- ասաց դիսպանսերի տնօրենը:
Վերջինս համոզված է, որ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո Տիգրան Գ.-ն այլևս դիսպանսերում չի լինի: «Նա այստեղ անելիք չունի»,- ասաց Գայանե Քալանթարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել