
Երեկ Արմավիրի մարզի չորս գյուղում` Գեղակերտում, Ծաղկունքում, Դաշտում և Լեռնամերձում, անցկացվեցին համայնքապետի ընտրություններ: Այս համայնքներից երեքում առաջադրվել էին միայն գործող գյուղապետերը, որոնք բոլորն էլ վերընտրվեցին: Գեղակերտում գյուղապետ վերընտրվեց անկուսակցական Սերյոժա Առաքելյանը, Ծաղկունք և Դաշտ գյուղերում` Հանրապետական կուսակցության անդամներ Դավիթ Կարապետյանը և Հրանտ Պետրոսյանը:
Միայն Լեռնամերձում էր, որ գյուղապետի պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու: Լեռնամերձը մինչ այժմ համարվում է «կոմունիստական» գյուղ. գյուղամեջում դեռ կանգուն է Լենինի կիսանդրին: Այնուամենայնիվ, իր թեկնածությունն առաջադրած թեկնածուից մեկը` Կոմունիստական կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը, հավաքեց ընդամենը 61 ձայն:
Լեռնամերձի գործող գյուղապետ Սահակ Միրզոյանը չէր առաջադրել իր թեկնածությունը: Փոխարենն ընտրություններում հաղթեց նրա եղբայրը` անկուսակցական Վարդան Միրզոյանը` հավաքելով 167 ձայն:
Թիվ 20 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտրություններն անցել են առանց միջադեպերի: Հանձնաժողովը թեկնածուներից դիմում-բողոքներ չի ստացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել