«ԻՏԵՐԱ»-ն մայրաքաղաքում ներդրումներ կանի
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի նախագահ Իգոր Մակարովը hամաձայնագիր են ստորագրել Երևանի քաղաքապետարանի և «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի միջև համագործակցության վերաբերյալ։
Շնորհակալություն հայտնելով հյուրերին համագործակցության առաջարկն ընդունելու համար, Կարեն Կարապետյանը նշել է, որ այս համաձայնագիրը փոխշահավետ գործակցության նոր սկիզբ է դնում. «Մեր համոզմամբ մայրաքաղաքում ներդրումային դաշտը բավական մեծ է: Կան ոլորտներ, որտեղ կարելի է իսկապես շահավետ ներդրումներ կատարել»,-ասել է քաղաքապետը:
«Մեզ համար մեծ պատիվ է Երևանում գտնվել ու ներդրումներ կատարել քաղաքի զարգացման գործում»,- ընդգծել է Ի. Մակարովը:
«ԻՏԵՐԱ»-ն, որի կազմում ընդգրկված են 156 ընկերություններ, այսօր բազմակողմ ծրագրեր է իրականացնում աշխարհի 24 երկրներում` քաղաքաշինական, քաղաքային ենթակառուցվածքների, բնակելի թաղամասերի, շենքային համալիրների ու էլեկտրակայանների շինարարության ասպարեզում:
Գնահատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային առաջարկը` Ի. Մակարովը նշել է, որ այն երկարաժամկետ ու հեռանկարային համագործակցություն է խոստանում:
Որոշակի փոփոխություններ են ակնկալվում նաև մայրաքաղաքի սպորտային կյանքում: Որպես ՌԴ հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ և նույն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, Ի. Մակարովը և Կ. Կարապետյանը այցելել են կառուցվող նոր հեծանվահրապարակ, քննարկել են միջոցառումների ծրագիր, որը հնարավորություն կտա այս ոլորտում միջազգային բարձր կարգ ապահովել և համաշխարհային մակարդակի մրցումներ անցկացնել:
Ըստ ստորագրված համաձայնագրի, «ԻՏԵՐԱՆ» պարտավորվում է 2011–2016թթ. մայրաքաղաքում ներդրումային խոշոր ծրագրեր իրականացնել զբոսաշրջության, առևտրի և հանրային սպասարկման, այգիների, կանաչ տարածքների զարգացման և միշարք այլ ոլորտներում։ Մասնավորապես նախատեսվում է մինչև 2016թ. մայրաքաղաքում կառուցել նոր բազմաֆունկցիոնալ կենտրոն և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ հյուրանոց։ «ԻՏԵՐԱՆ» կիրականացնի նաև «Նոյլենդ» («Նոյի գյուղ») զբոսաշրջային համալիրի կառուցումն ու մի շարք այլ նախագծեր։
Երևանի քաղաքապետարանը, ըստ համաձայնագրի, ՀՀ օրենսդրության շրջանակներում և սահմանած կարգով, պարտավորվում է ըստ ամենայնի օժանդակել մայրաքաղաքում կորպորացիայի ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ մատուցելով խորհրդատվական, տեղեկատվական և անհրաժեշտ այլ ծառայություններ։
Ծրագրերի ժամկետների վերջնական ժամանակացույցը կհստակեցվի առաջիկայում` բիզնես պլանների հաստատումից հետո։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել