Շփման գծում իրավիճակն անհանգիստ է
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` վերջին օրերի ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը տակավին անհանգիստ է: Այդ ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններն առանձնացան ոչ միայն կրակային խոցման ինտենսիվությամբ, այլև կիրառված զինատեսակների բազմազանությամբ:
Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մարտի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ` արձակելով շուրջ 1300 կրակոց:
Հակառակորդի նախահարձակ գործողությունները հատկապես առավել ընդգծված բնույթ են կրել մարտի 20-ին և 21-ին: Միայն այդ երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են մոտ 110 անգամ, որից շուրջ 50-ը «СВД», իսկ 40-ը` «Սև նետ» տիպի դիպուկահար հրացաններից:
Զավեշտական է, որ այսքանից հետո Ադրբեջանի պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչամեքենան, իր սովորության համաձայն, փորձում է առաջնային գծում հաստատված լարվածությունը պայմանավորել ոչ թե ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցմամբ, այլև Պաշտպանության բանակի նախահարձակ գործողություններով:
Թերևս դրա ամենաթարմ օրինակը մարտի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած ապատեղեկատվությունն է, որում ասվում է, թե իբր «Հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր, 1986թ. ծնված Սամիր Հիդայաթ օղլու Աղաևը...»:
Իսկ դրանից ընդամենը մեկ օր անց` մարտի 24-ին, չգիտես ինչու այս անգամ բավականին ուշացումով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց ևս մեկ զինվորի` Էլնուր Մամեդովի զոհվելու մասին ԶԼՄ-ների տարածած լուրը, որն իբր տեղի է ունեցել մարտի 21-ին` ժամը 19:20-ին, Թարթառի ուղղության դիրքերից մեկում:
Անդրադառնալով այս տեղեկություններին` ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը դրանք որակեց որպես ադրբեջանական պրոպոգանդայի հերթական հերյուրանք: «ԼՂՀ զինված ուժերը ինչպես նախորդ բոլոր շրջաններում, այնպես էլ Սոչիի եռակողմ հանդիպումից հետո շարունակում են հարգել հակամարտ կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդման շուրջ մարտի 5-ին ձեռք բերված պայմանավորվածությունը,- լրատվամիջոցներին տված իր պարզաբանումն այսպես է ձևակերպել ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի պետ Ս. Հասրաթյանը:
-Ադրբեջանն, իր սովորության համաձայն, փորձում է սեփական զինուժում միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հիմքի վրա տեղի ունեցող մահվան ելքով յուրաքանչյուր միջադեպ, այդ թվում նաև մարտի 21-ի և 23-ի դեպքերը, վերագրել ղարաբաղյան կողմին` դրանով իսկ հետապնդելով երկու նպատակ. նախ` սեփական ժողովրդից թաքցնել իր բարոյալքված բանակում տիրող իրական վիճակը և երկրորդ` միջազգային հանրության տեսադաշտում Պաշտպանության բանակը ներկայացնել նախահարձակի դերում: Մինչդեռ, եթե պաշտոնական Բաքուն իրականում մտահոգված է իր դիրքապահ զինվորների ճակատագրով և այստեղ տեղի ունեցող յուրաքանչյուր մահվան դեպք շտապում է ներկայացնել որպես հրադադարի խախտման հետևանք, ապա հարց է ծագում` ինչու ադրբեջանական կողմը ոչ միայն հրաժարվում է կատարել առաջնային գծից դիպուկահարների դուրս բերման մասին միջազգային համապատասխան կառույցների կողմից արվող առաջարկությունը, այլև պարբերաբար խախատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շփման գծում նախատեսվող դիտարկումների անցկացման պայմանավորվածությունը:
Բոլորի համար ակնհայտ է նաև, որ ի տարբերություն Ադրբեջանի` հայկական կողմերը, որպես բարի կամքի դրսևորում, ոչ միայն իրենց պատրաստակամությունն են հայտնել և հայտնում վերոնշյալ գործընթացները կյանքի կոչելու համար, այլև այսօր էլ շարունակում են ձեռնպահ մնալ շփման գծում լարվածությունն ուժեղացնելու ցանկացած փորձից: Այս ամենից հետո մնում է եզրակացնել, որ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված լարվածությունը Ադրբեջանի կողմից պարբերաբար և հետևողականորեն իրականացվող ապակառուցողական քաղաքականության արդյունք է: Հանգամանք, որն առաջին հերթին պետք է մտահոգի հենց Ադրբեջանի հասարակությանը...»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել