HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» կոչ է անում ԱԺ արտահերթ նիստ հրավիրել փետրվարի 24-ին

Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, փոխնախագահ Սամվել Բալասանյանին, ԱԺ «ՀՀԿ», «ԲՀԿ», «ՕԵԿ» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներ Գալուստ Սահակյանին, Գագիկ Ծառուկյանին, Հեղինե Բիշարյանին և Վահան Հովհաննիսյանին` առաջարկելով փետրվարի 24-ին` հինգշաբթի, հիրավիրել արտահերթ նիստ` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և Սամվել Բալասանյանի ներկայացրած «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի երկու նախագծի քննարկման օրակարգով: Նամակի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև. «Հարգելի տիկին և պարոնայք, Քաջատեղյակ եք, որ Ազգային ժողովում այս պահին շրջանառության մեջ են դրված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի երկու նախագծեր. մեկը` հեղինակված ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի (Պ-1086-10.02.2011-ՏՀ-010/0), մյուսը` «Ժառանգության» պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի և Ստյոպա Սաֆարյանի (Պ-1089-17.02.2011-ՏՀ-010/0) կողմից: Երկու նախագծերը միմյանց չեն հակասում, ավելին` լրացնում են մեկը մյուսին, և նպատակ ունեն կարգավորել 2010 թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում «անհապաղ» մաքսազերծման պահանջի պատճառով Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների հազարավոր սեփականատերերի համար հարուցված խնդիրները: Ծագած խնդիների օբյեկտիվ և մարդասիրական լուծումը հետևյալն է. այդ բազմահազար անձանց գոնե երկու տարի ժամանակ տրամադրել, ինչպես նախատեսում է Ս. Բալասանյանի ներկայացրած նախագիծը, և նման ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման համար ժամանակավորապես վերականգնել ՀՀ Մաքսային օրենսգրքի նախկին պայմանակարգը, ինչպես նախատեսում է «Ժառանգության» պատգամավորների հեղինակած օրինագիծը, ինչպես նաև` այլ փոփոխությունների ու լրացումների միջոցով հստակեցնել, պարզեցնել ու ռացիոնալացնել մաքսազերծման ընթացակարգը, դրույքաչափերը, որպեսզի ավտոմեքենա ներմուծող մեր հայրենակիցները չխուսափեն մաքսազերծումից: Այդ ընթացքում հնարավոր կլինի հարցը կարգավորել` առանց ցնցումների, փակուղուց հանելով բազմաթիվ անձանց, ովքեր իրականում հայտնվել են անելանելի դրության մեջ և այլ հնարավորություն չունենալով` նման կերպ են կարողանում հայթայթել նվազագույն ֆինանսական միջոցներ` իրենց ընտանիքների գոյատևման համար: Հաշվի առնելով ժամանակի գործոնը` քանի որ ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում հազարավոր մարդիկ հայտնվել են ծանրագույն վիճակում, և արդեն լրանում է օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը, առաջարկում ենք ձեզ ս.թ. փետրվարի 24-ին` հինգշաբթի, հրավիրել արտահերթ նիստ` երկու նախագծերի քննարկման օրակարգով` միավորելով և ընդունելով դրանք: Խնդրում ենք Ձեր պատասխանի մասին տեղյակ պահել «Ժառանգություն» խմբակցությանը, որպեսզի Ձեզ փոխանցվի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու կապակցությամբ աշխատակազմից վերցված ձևաթուղթը` այն ստորագրելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter