HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահպանե՞լ Մագելի քարանձավը որպես յուրահատուկ էկոհամակարգ, թե՞ վերակառուցել զբոսաշրջիկների համար

Մագելի քարանձավում տուրիստական երթուղիների կազմակերպման վերաբերյալ նախագիծը թերի է, իսկ հասարակական լսումները կարող են համարվել ընդամենը նախնական քննարկումներ: Նման կարծիք հայտնեց Մագելի քարանձավի բարեկարգման ծրագրի քննարկման մասնակիցների մեծամասնությունը: Ծրագիրը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել «Ինկար» ընկերությունը: Արենի գյուղում փետրվարի 18-ին լսումները կազմակերպել էին «Ինկար» ՍՊԸ-ն և ՀՀ բնապահպանության նախարարությունը: Ընկերությունը մտադիր է տուրիստական էքսկուրսիաներ կազմակերպել քարանձավում, ինչի համար պատրաստվում է շինարարական աշխատանքներ կատարել, ընդլայնել մուտքը, բետոնապատել հատակը, էլեկտրական լուսավորություն ապահովել, աստիճան կառուցել: Չի բացառվում, որ էքսկուրսիաների համար կկառուցվեն նաև առանձին օբյեկտներ: Մագելը գտնվում է Նորավանքի կիրճում և միմյանց կապված մի քանի կարստային քարանձավ է: Քարանձավ մտնելու մի քանի մուտք կա, բայց նրանց մի մասը լցված է քարերով, իսկ մի մասն անհասանելի է: Հասանելի մուտքն արդեն մի քանի տարի գտնվում է Նորավանքի խնամակալի հսկողության ներքո: Նման կոչում է ստացել էկոլոգներից տեղի բնակիչ Վարդգես Կարախանյանը, ով հասարակական սկզբունքներով օգնում է պահպանել Նորավանքի զարմանալի բնությունը: Քարանձավները տուրիզմի համար լավ օբյեկտ են: Միաժամանակ, յուրաքանչյուր քարանձավ բարդ և չափազանց առանձնահատուկ էկոհամակարգ է: Մագելի քարանձավում է բնակվում չղջիկների 8 տեսակ, որոնցից 6-ն ընդգրկված է Կարմիր գրքում: «Ոչ մի դեպքում չի կարելի բացել քարանձավը տուրիստների համար, մինչև չվերականգնվի այնտեղ գոյություն ունեցող չղջիկների պոպուլիացիան,- ասում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը:- Մենք հազիվ ենք փրկել նրանց վերջնական ոչնչացումից: Անընդհատ քարանձավ էին մտնում, վառում էին պլաստմասե շշեր և նետում քարանձավի մեջ: Մենք այն մաքրել ենք և ճաղավանդակով փակել մուտքը: Այժմ քարանձավում միայն ձեռնաթևավորների քանակի մոնիտորինգ ենք անցկացնում, որպեսզի չվախեցնենք գաղութին»: Մամիկոն Ղասաբյանի խոսքերով` սիրողական քարանձավագետների այցից հետո քարանձավում հաշվվել է ընդամենը մի քանի տասնյակ ձեռնաթևավոր, որոնք մնացել են 10 հազարանոց գաղութից: Հիմա 700-800-ն են: Ձեռնաթևավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանը կարևորեց այդ կենդանիների նշանակությունը ոչ միայն կենսաբազմազանության պահպանման, այլև վնասատուների դեմ պայքարի տեսանկյունից: «Չղջիկները թռչուններից վերցրին միջատների ոչնչացման էստաֆետան: Յուրաքանչյուր չղջիկ մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացնել մինչև 500 միջատ: Ահա և հաշվեք, թե ինչ կստանաք, և ինչից կարող եք զրկվել,- ասաց նա:- Քիմիան վնասատուների դեմ պայքարի ամենալավ միջոցը չէ»: Նախագծի հեղինակ Սմբատ Դավթյանը վստահեցրեց, որ շինարարական աշխատանքները չղջիկներին վնաս չեն պատճառի: «Մենք զգույշ կաշխատենք, առանց աղմուկի»,- ասաց նա: «Առանց աղմուկի՞, ինչպե՞ս ձեզ կհաջողվի աշխատել առանց աղմուկի, եթե դուք քանդեք պատերը, մեծացնեք մուտքը: Հենց աշխատանքները սկսվեն, չղջիկները կանհետանան»,- առարկեց Ղասաբյանը: Էկոլոգների անհանգստությունը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը, որը իրավաբանական պատասխանատվություն է կրում Մագելի քարանձավի համար, նրա պահպանման համար իրական մեխանիզմների չի տիրապետում: Խնամակալ Վարդգես Կարախանյանը կտրուկ անհամաձայնություն հայտնեց նախագծին: «Դուք այստեղ կգաք, գումար կաշխատեք և կգնաք, իսկ մենք կկորցնենք այն, ինչ ունենք,- ասաց նա:- Կան այլ քարանձավներ, ավելի հրապուրիչ, և որտեղ արդեն վաղուց չղջիկներ չկան, քանի որ վերացել են: Տուրիստներին այնտեղ տարեք, կառուցեք, այն էլ որ դրանք հուշարձանի կարգավիճակ չունեն»: «ԷկոԼուր»-ի հարցին, թե ինչով է պայմանավորված հենց այս քարանձավի ընտրությունը` Սմբատ Դավթյանը պատասխանեց. «Առավել շահավետ պայմաններով»: Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանի կարծիքով` ընկերության ծրագիրը գրավիչ է նրանով, որ իրենց առաջարկում են աշխատատեղեր և տուրիզմի ակտիվացում, որից գյուղը եկամուտ ունի, քանի որ արտադրում է գինի հայտնի «Արենի» բրենդով: Սակայն Եղյանը կարծում է, որ պետք է գնահատել նաև գյուղատնտեսության համար հնարավոր ռիսկերը: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Նազիկ Մկրտչանը կարծում է, որ նախագիծը պետք է ներառի գործունեության վերլուծություն և օգուտների հաշվարկ: Բացի դրանից` Մագելի քարանձավը գտնվում է Գնիշիկ համայնքի վարչական տարածքում, որի ներկայացուցիչներն ընդհանրապես հրավիրված չէին հասարակական լսումներին: Այդպիսով, ինչպես հայտնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, որոշում ընդունվեց այդ լսումները համարել նախնական լսումներ և նորից լսումներ անցկացնել` հաշվի առնելով առկա դիտողությունները և առաջարկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter