Սյունիք է այցելել Արտակարգ իրավիճակների նախարարը
Երկօրյա աշխատանքային այցով Սյունիք ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր Սյունիքի մարզպետարանում հանդիպել է համայնքի ղեկավարների ու փրկրարական ծառայության աշխատակիցների հետ: Նա անդրադարձել է 2010թ.-ին կատարված աշխատանքներին ու խոսել ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագրերի մասին, որոնք պետք է միտված լինեն կառույցի կատարելագործմանը:
Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել հայ փրկարարի «նոր կերպար, ինչն էլ իր հերթին պետք է նպաստի բնակիչների վստահության բարձրացմանը»:
Նախարարի խոսքով, աղետակայուն պետություն ունենալու համար հանրապետությունում ճգնաժամային կառավարման կենտրոնից բացի, 911 ծառայության ևաղետների ռիսկերի նվազեցման պլատֆորմի ստեղծման անհրաժեշտություն կա, քանի որ,բացի ցունամիից, Հայաստանի Հանրապետության տարածքին հարիր են բոլոր տեսակի աղետները:
«Պետք է պատրաստ լինել ցանկացած տեսակի աղետի դիմակայմանը, այստեղ կարեւոր է նաեւ բնակչության իրազեկվածությունը: Իշխանությունները պետք է տեղում հանդիպումներ կազմակերպեն բնակչության հետ, բարձրաձայնեն եւ քննարկեն առկա խնդիրները: Պետք է միավորենք բոլոր ուժերը», - ասաց Արմեն Երիցյանը:
2010թ. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման բնագավառներում արձանագրված հաջողությունների համար նախարարի անունից հանդիպման ընթացքում պատվոգրերեր ու շնորհակալագրեր հանձնվեցին մարզի համայնքի ղեկավարներին, մարզպետարանի քաղաքաշինության վարչության եւ ԱԻ մարզային վարչության աշխատակիցներին:
Մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ մարզպետը նշեց, որ, պայմանավորված Սյունիքի բարդ աշխարգհագրական դիրքով, շատ հաճախ հնարավոր չի լինում դժբախտ պատահարների ու արտակարգ իրավիճակների դեպքում մարզի մի ծայրից մյուսը հասնել (որի համար պետք է 4 ժամ), ճիշտ ժամանակին ու անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, ուստի անհրաժեշտ է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել, մասնավորպես` մարզի տարածքը բաժանել հյուսիսային եւ հարավային մասերի, որպեսզի իրականացվող ծառայությունն ավելի արդյունավետ ու լիարժեք լինի:
Կարեւորվեց նաեւ մարզի տարածքում գտնվող 4-5 ջրամբարներում (պարբերաբար տեղի ունեցող խորտակումներից ու մահվան դեպքերից խուսափելու համար) նշված ծառայությունների ուժեղացումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն այսօր նաեւ այցելեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որտեղ ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին հանձնվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ` ճգնաժամային կառավարման կենտրոնի շենքի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար:
Երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում վաղը նախատեսվում է Արմեն Երիցյանի եւ նրա հետ մարզ ժամանած նախարարության բաժինների ղեկավարների այցը համապատասխան մարզային ծառայություններ, որտեղ վերջիններս մանրամասն կծանոթանան կառույցների աշխատանքներին ու խնդիրներին:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել