HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում» գրքի շնորհանդեսը

Փետրվարի  23-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում (Ստալինը և ուկրաինական Հոլոդոմորը)» գրքի շնորհանդեսը: Ներկա կլինեն Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանը, ներկայացուցիչներ Հայաստանում ՌԴ դեսպանատնից, ՀՀ Սփյուռքի նախարարությունից: Գրադարանում կբացվի ցուցահանդես` «Ուկրաինական գրականությունը` հայերեն», «Հայ գրողները` ուկրաիներեն», «Ուկրաինական գրականություն» խորագրերով, որտեղ կներկայացվեն հայերեն և ուկրաիներեն շուրջ 120 միավոր գրականություն` բառարաններ, տեխնիկական գրականություն, մասնագիտական, պատմական, մանկապատանեկան թեմաներով գրված գրքեր, որոնք տպագրվել են 1925-2010թթ.: «Ուկրաինական գրականություն» խորագրի ներքո ներկայացված են Չինգիզ Այթմատովայի, Ջորջ Բայրոնի, Տարաս Շևչենկոյի, Լյուդմիլա Չեկալենկոյի ստեղծագործություններից: «Ուկրաինական գրականությունը` հայերեն» խորագրով ցուցափեղկում ուշագրավ են Վլադիմիր Կոլոմիեցի, Իվան Գրաշի, Նաթան Ռիբակի, Վիկտոր Կոչևսկու ստեղծագործությունները, իսկ «Հայ գրողները` ուկրաիներեն» խորագիրը կրող ցուցափեղկում ներկայացված են Ավ.Իսահակյանի, Հովհ.Թումանյանի, Վահան Տերյանի, Վախթանգ Անանյանի, Լևոն Միրիջանյանի, Խաժակ Գյուլնազարյանի, Գեղամ Սարյանի ստեղծագործությունների ուկրաիներեն թարգմանությունները: Այստեղ աչքի են ընկնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի և «Սասունցի Դավիթ» էպոսի թարգմանությունները: Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում» գիրքը ուկրաիներենից հայերեն է թարգմանել Ֆելիքս Բախչինյանը: Ս.Կուլչիցկին գրքում իր գոհունակությունն է հայտնում, որ գիրքը թարգմանվել է հայերեն: «Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնց կոչում են պատերազմի երեխաներ… Մայրական կողմից իմ նախնիները մի քանի 100-ամյակ ապրել են օսմանյան կայսրությունում` Ակկերման հայկական գաղութում: Նրանք պահպանել էին իրենց հավատքը, ես ինքս Զարդար տատիս ջանքերով կնքվել եմ հայկական Գրիգորյան եկեղեցում…»,-գրում է հեղինակը: Խոսելով գրքի ստեղծման պատմության մասին` նա նշում է. «Արխիվում ուսումնասիրելով «հույժ գաղտնի» կնիք-մակագրությամբ փաստաթղթերը ես հասկացա, որ 1976թ. իմ պաշտպանած դոկտորական թեզը խորհրդային արդյունաբերության մասին կեղծ տեղեկատվությունների հիման վրա եմ կառուցել: Հասկացա, որ խաբվել եմ: «Հատուկ թղթապանակի» փաստաթղթերի հետ ծանոթությունը 80-ականների կեսերին գլխիվայր շրջեց»,- գրում է հեղինակը` խոստովանելով, որ դրանից հետո, որպես ուկրաինացի զավակ, իրեն առաջին անգամ մեղավոր է զգացել թեկուզ այն բանի համար, որ երկար տարիներ ուկրաինական կոմունիստական կուսակցության ԿԿ-ի դասախոսական խմբի կազմում շրջել է մարզերով, տարբեր լսարարններում պատմել խորհրդային իշխանության նվաճումների մասին: Գիրքը ոչ միայն փորձ է` ցույց տալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1933թ., այլ նաև բացատրելու, թե ինչու է այն տեղի ունեցել: Աշխատությունը կազմված է հոդվածներից, որոնք տպագրվել են Կիևի «Դեն» թերթում: «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում» գրքում Ս.Կուլչիցկին հանգել է այն եզրակացության, որ իսկապես խորհրդային իշխանությունը բանվորագյուղացիական էր, բայց իշխանության տարածումը ժողովրդական զանգվածների վրա, կառավարման կառուցվածքի նման կոշտ կենտրոնացման պայմաններում հանգեցրեց նրան, որ կոմկուսական-խորհրդային անվանակարգը (նոմենկլատուրա) բազմամիլիոնանոց պետական ողջ կուսակցությունը և ինքը` ժողովուրդը, որոշակի պայմաններում բռնակալի ձեռքին դարձավ խաղալիք: Իր հոդվածները հեղինակը ներկայացրել է հինգ խորագրերի ներքո` «Ցեղասպանությունը որպես քաղաքական-իրավական կատեգորիա», «1933թ. Հոլոդոմորն արդյո՞ք եղել է ցեղասպանություն», «1932-1933 թվականների Հոլոդոմորը որպես ցեղասպանություն. ապացուցողական հիմքի բացերը», «Մահացու հորձանուտ», «Կարելի՞ է արդյոք ուկրաինական Հոլոդոմորն առանձնացնել 1932-1933թթ. համամիութենական սովից»: Գիրքը 2008թ. թարգմանվել է ռումիներեն, հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2010թ.: Նշենք, որ Հայաստանի Ազգային գրադարանը ակտիվորեն համագործակցում է Ուկրաինայի ազգային գրադարանի հետ 1970-ական թվականներից սկսած: Վերջին 3 տարում գրքափոխանակության միջոցով Հայաստանի Ազգային գրադարանը Ուկրաինայի Ազգային գրադարանից ստացել է շուրջ 80 միավոր գիրք, 110 միավոր ամսագիր: Այս մասին տեղեկացնում է Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter