
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին գտնելը լրագրողների համար «երազանքի» պես մի բան բան է: Մոտ մեկ ամիս է` անընդհատ անպատասխան զանգահարում եմ նրան, սակայն այսօր պատգամավորը, չգիտես ինչու, որոշեց հեռախոսազանգին պատասխանել: Ալեքսանյանը երեւի գործարանում էր. ապակե շշերի ձայն էր գալիս, հավանաբար` օղու շշերի:
Հետաքրքրվեցի, թե ի՞նչ խնդիրներ ունի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ եւ ինչո՞վ է պայմանավորված, որ
բազմիցս հանձնաժողովը տուգանել է նրան պատկանող ընկերությանը` անբարեխիղճ մրցակցության համար:
«Ես չեմ իմանում, ցավդ տանեմ, այդ հարցն իրենց (նկատի ունի հանձնաժողովին, - Գ. Բ.) տվեք»,- ասաց Ս. Ալեքսանյանը:
«Այսինքն, դուք իրենց հետ խնդիրներ չունե՞ք» հարցին ի պատասխան էլ` ասաց. «Չէ, ես իմ գործն եմ անում»:
Նկատեցի, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս Գրուպ» (արդեն` «Ալեքս Գրիգ») ընկերությունը մի քանի անգամ տուգանվել է հատկապես ուկրաինական օղիների շշերի տեսքին շփոթեցնող աստիճան նույն օղի արտադրելու համար:
«Արդեն ուրիշ դաշտ ես անցնում, ոչ մի կեղծում էլ չկա, էլի»,- արձագանքեց պատգամավորը:
Հիշեցնենք` Ուկրաինայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն եւ «Իմիջ հոլդինգ» ընկերության տնօրեն Ա. Գուսակը դեռեւս նախորդ տարի դիմել էին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ահազանգելով «Սալեքս Գրուպ» ընկերության արտադրած օղիների` ուկրաինական արտադրության օղու տեսքին եւ ձեւավորմանը նման լինելու մասին:
ՏՄՊՊՀ-ն պարզել էր, որ «Սալեքս Գրուպ»-ի կողմից արտադրվում եւ իրացվում է «Խլոպցի», «Մոսկովսկայա», «Ստարայա Ստոլիցա», «Գժիլկա» ապրանքային անվանումներով օղի, բայց այդպիսի ապրանքանիշներ «Սալեքս Գրուպ»-ի անունով գրանցված չեն:
Հանձնաժողովը եզրակացրել էր, որ «Սալեքս Գրուպ»-ը օղու 4 տեսակի արտադրանքով թույլ է տվել անբարեխիղճ մրցակցություն` խախտելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, ինչի համար ընկերությանը տուգանել է 500 հազար դրամով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել