HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվել է «խիստ նկատողություն»

Իսկ պատգամավորն առաջարկում է հայհոյող տնօրեններից պարզապես ազատվել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք են ծառայել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, տնօրեն Ս. Նազարյանի բացատրագիրը: «Դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին վերջին շրջանում անդրադարձել են նաև զանգվածային լրատվական միջոցները»,- նշված է նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում: Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ԿԳ նախարարին առաջարկում է «Դպրոցներն ազատել հայհոյախառը բառապաշար ունեցող տնօրեններից»: Պատգամավորը նամակ է գրել Աշոտյանին`վերջերս լրատվության ուշադրության կենտրոնում հայտնված տնօրենների անվայել վարքի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ. «Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցի տնօրենի ու փոխտնօրենի բառապաշարում գերակշռում են հայհոյանքները: Այս մասին տեղեկատվություն կա Youtoub.com եւ «Lragir.am.» էլեկտրոնային կայքէջերում` «Հայհոյանքների մասին» վերնագրով: Կարծում եմ` պատահական չէ այս երեւույթը, որովհետեւ, ինչպես տարբեր լրատվամիջոցներ տեղեկացրել են, նույն բառապաշարով նրանց հետ խոսում է նաեւ Կոտայքի մարզպետը: Անցյալ շաբաթվա «168 ժամ» եւ «Հետք» թերթերում գրված է նաեւ Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի հայհոյախառն բառապաշարի մասին: Քանի որ որեւէ օրենքում հայհոյելը բառացիորեն հակամանկավարժական երեւույթ չի որակվել, եւ Դուք երեւի թե այդ հիմքով նրանց աշխատանքից ազատել չեք կարող, ապա, ելնելով այս իրականությունից, միգուցե առաջարկենք «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ կետում հարկադրաբար ավելացնել «Ուսումնական հաստատության տնօրենը չի կարող առաջադրվել եւ ընտրվել հայհոյող անձը, եթե նույնիսկ հավաստագիր ունի եւ իշխանական կոալիցիոն կուսակցության  անդամ է»: Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` պատասխանել. 1. Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը վերոնշյալ դպրոցների տնօրենների  վարքը գնահատելու եւ նրանց պատժելու  կապակցությամբ: 2. Կրթության նախարարության ո՞ր մասնագետներն են կցված վերոնշյալ մարզերին: 3. Կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը օրենքում փոփոխություն անելու վերոնշյալ իմ առաջարկի մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter