HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գլխավոր մասնագետը հորդորում է դիմել պաշտպանության նախարարությանը, եթե որևէ սպա անպատիժ է մնացել

«Ես առիթ եմ ունեցել մասնակցել զինվորներից մեկի մահվան դեպքով հարուցված քրեական գործի քննությանը, և պետք է շատ հիասթափված կերպով նշեմ, որ այդ գործով կոնկրետ սպաների նկատմամբ մոտեցումը շատ մակերեսային է եղել, խիստ մոտեցում չի եղել, ինչի արդյունքում այս զինվորը մահացել է, սակայն սպաներից մեկը մինչ օրս ազատության մեջ է»,- այսօր կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Տիգրան Մուրադյանը:

Խոսքը 2009 թ.-ին ժամկետային զինծառայող Սերգեյ Մանուկյանի մահվան մասին է: Փաստաբանը պարզաբանեց, որ սպան փորձել է հրամանատարության առջև ձևականորեն բարձր կարգապահություն ցուցաբերել ու թաքցրել է զորամասում տեղի ունեցող էական խախտումները: Արդյունքում սպաները այնքան են հալածել, նվաստացրել և ծեծի ենթարկել Սերգեյ Մանուկյանին, որ զինծառայողը ինքնասպանություն է գործել: Տիգրան Մուրադյանի կարծիքով` քրեական գործում կան ոչ միայն նախաքննական թերություններ, այլև պաշտպանության նախարարության կողմից բացթողումներ: Մասնավորապես, դեպքից հետո սպան շարունակել է մնալ իր պաշտոնում, խոչընդոտել ողջ նախաքննությանը, ազդեցություն ունենալ այն վկաների վրա, որոնք պետք է հանդես գային որպես նախաքննության ընթացքում տեղեկատվություն տրամադրողներ: Ընդ որում` այդ վկաներն էլ հենց վերոնշյալ սպաներին ենթակա զինծառայողներ են: «Ես համարում եմ, որ պաշտպանության նախարարությունը նույնպես այս հարցում կարող էր ունենալ որոշակի մասնակցություն, որպեսզի նախաքննությունը նման թերություններով չիրականանար: Կարծում եմ, որ այս խիստ մոտեցումը շատ ավելի կարևոր հարց է, քանի որ եթե անձն ունի իրավունք և այդ իրավունքը չի կարողանում այնպես իրականացնել, որ դա խախտողը ենթարկվի պատասխանատվության, ապա այդ իրավունքը ուղղակի իմաստազրկվում է»- ասաց Տիգրան Մուրադյանը:

Կլոր սեղանի մասնակիցներից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վիրաբ Խաչատրյանը համաձայնեց, որ պատասխանատվության, այսինքն` օրենքը կիրառելու ընթացակարգի կամ ցանկության բացակայությունը զրոյի է հավասարեցնում մարդու իրավունքը: Բայց միաժամանակ գլխավոր մասնագետն ասաց. «Պաշտպանության նախարարությունն արձագանքում է բոլոր նման բնույթի իրավախախտումներին: Նման դեպք չի եղել, երբ որ ուղղակի մեղավոր անձինք պատասխանատվության չենթարկվեն: Իրոք, այսօր ՊՆ-ն քաջ գիտակցում է ցանկացած մեղավոր անձի պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ Տիգրան Մուրադյանի բերած օրինակին կարող է ավելացնել նմանատիպ բազմաթիվ այլ օրինակներ: ՀԿ-ի նախագահի խոսքերով` այսօր խնդիր կա սպայական կազմին զերծ պահել կատարված հանցագործություններից բխող պատասխանատվությունից, առկա է հրամանատարական կազմի անպատժելիություն, և գրեթե բոլոր գործերով մեղադրվողները շարքային զինծառայողներ են: 1997-1999 թթ. պաշտպանության նախարարությունը ստեղծել էր Մահվան դեպքերի արտակարգ բաժին: ՀԿ-ի նախագահի խոսքերով` այս տարիներին բանակում մահվան և բռնությունների դեպքերն իրոք նվազեցին, քանի որ արտակարգ բաժինն անում էր որոշակի աշխատանք: «Բողոքարկման համակարգը շատ կարևոր է: Ես չգիտեմ` դա ինչպես կարող է ստեղծվել պաշտպանության նախարարության ներսում, բայց ես կարծում եմ, որ շատ անհրաժեշտ է դա ստեղծել նաև դրսում այդ տուժած անձանց, մահացած զինծառայողների հարազատների համար: Մենք լսում ենք որդիների կորցրած բազմաթիվ ծնողների, որոնց համար շատ բարդ է շփվել այդ համակարգի հետ, և որոնք բիրտ ուժի են շարունակ հանդիպում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Նա հիշեցրեց, որ հունվարին` Հայաստան կատարած այցի ժամանակ, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին կոնկրետ առաջարկներ արեց` բողոքարկման համակարգ ստեղծելու վերաբերյալ:

«Արվե՞լ են արդյոք կոնկրետ քայլեր այդ առաջարկները լսելուց հետո»,- հարցրեց Ժաննա Ալեքսանյանը: Վիրաբ Խաչատրյանը պատասխանեց, որ բողոքարկման համակարգի գաղափարն իրոք հետաքրքիր է: Բայց եթե դեպքը պարունակում է հանցակազմի տարրեր, այսինքն` հանցագործություն է (ենթադրենք` որևէ մեկը տուժել է բռնությունից), ապա քննվում է օրենքով սահմանված կարգով: Դատարանների վճիռների բողոքարկման կարգը ևս սահմանված է օրենքով: «Դրանից զատ` նախարարության համակարգում բողոքարկման համակարգ նախատեսելը ուղղակի կնշանակի դատական իշխանության անկախության սկզբունքի ոտնահարում»,- ասաց Վիրաբ Խաչատրյանը: Իսկ եթե խոսքը կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին է, այսինքն` սպայի կամ զինծառայողի գործողություններից բացակայում են հանցակազմի տարրեր, սակայն առկա է կարգապահական պատասխանատվության տարր, ապա պաշտպանության նախարարությունը պատրաստ է ընդունել ցանկացած դիմում: «Ցանկացած հարցով դուք կարող են դիմել պաշտպանության նախարարություն` ներկայացնելով ձեր նկատառումները, ձեր դիրքորոշումը, ձեր փաստարկները, և դրանք անպայման կքննարկվեն: Երբ դուք իմանում եք, որ սպան չի ենթարկվել պատասխանատվության, ես խնդրում եմ` ուղղակի դիմեք համապատասխան գրությամբ: Համապատասխան միջոցները կձեռնարկվեն, հավատացեք: Պաշտպանության նախարարությունը միշտ արձագանքում է իրավախախտումներին: Դա լինի շարքային զինծառայող, սպա, ցանկացած օղակի զինծառայող»,- ասաց Վիրաբ Խաչատրյանը: Նա բազմաթիվ դեպքեր գիտի, երբ նախարարությունը ստուգումների արդյունքում բացահայտել է մի շարք չարաշահումներ, և մեղավորները ենթարկվել են պատասխանատվության, ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: Անցյալ տարի արձանագրված բազմաթիվ արտակարգ միջադեպերից հետո ևս նախարարի հրամանով մի շարք անձինք ենթարկվել են պատասխանատվության: Այլ հարց է, որ հասարակությունը կարծում է, որ այդ մարդը ավելի խիստ պատասխանատվության էր արժանի: Վիրաբ Խաչատրյանի խոսքերով` դեռ կան սպաներ, որոնք իրենց սեփական պատկերացումն ունեն կարգապահության մասին:

«Մի քանի դեպքեր եղել են, երբ սպան, փոխանակ կիրառի կարգապահական կանոնագրքով նախատեսած պատախանատվության միջոցները, ինքը պատասխանատվության միջոցներ է նախատեսում` ապտակում է, ծեծի է ենթարկում, ես չգիտեմ, և այլն, շատ չխոսենք դրա մասին: Նման անձին միշտ ենթարկում են պատասխանատվության»,- ասաց նա: Վիրաբ Խաչատրյանը կարևորում է, որ բծախնդրորեն աշխատանքի ընդունվեն նրանք, ովքեր պետք է սպա աշխատեն: «Սպա աշխատելը բավականին պատասխանատու գործ է, որովհետև բանակը այն ոլորտն է, որտեղ մարդու կենցաղը և ծառայողական պարտականությունները միաձուլվում են»,- ասաց գլխավոր մասնագետը: Պաշտպանության նախարարի և զինդատախազի ներկայացրած միջոցառումների ծրագիրը, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, ներառում է կոնկրետ ուղղություններով իրավագիտակցության բարձրացում: Նախարարությունը նախատեսում է դասախոսություններ կազմակերպել զորամասերում, սպաներին ու զինվորներին հնարավորինս մատչելի բացատրել իրենց իրավունքները, պաշտպանության մեխանիզմները: «Նաև դատավճիռների ընթերցում է տեղի ունենում զինծառայողների շրջանում, որը ևս բավական լուրջ նշանակություն ունի»,- ասաց Վիրաբ Խաչատրյանը: Նշենք, որ հայկական բանակում մարդու իրավունքների վերաբերյալ կլոր սեղանը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter