HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե ես դատախազ փեսա, զինվորական բարեկամ չունեմ, չեմ կարողանալու իմ և կնոջս շահերը պաշտպանել»

(Բաց նամակ նախագահին` ՀՀ Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Էդգար Պետրոսյանի անօրինական գործողությունների` անգործության մասին) Հարգելի պարոն նախագահ, ես` Խաչիկ Հովհաննիսյանս, և կինս` Մելինե Մարգարյանը, 2010 թ.-ի սեպտեմբեր ամսից մինչև 2010 թ.-ի նոյեմբեր ամիսը բազմաթիվ դիմումներ ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, հատուկ քննչական ծառայության ղեկավարին, պաշտպանության նախարարին, վարչապետին և Երևան քաղաքի դատախազին` այն մասին, որ անհիմն և անօրինական ձևով 2010 թ.-ի հունիսի 21-ին քրեական գործ է հարուցվել Կենտրոնական քննչական բաժնում, իբր կինս` Մելինե Մարգարյանն, ըստ քննիչի, խարդախություն է կատարել «Տաշիր» ոսկու շուկայի մի քանի անձանց նկատմամբ: Պետք է նշեմ, որ խորհրդակցելով ՀՀ փաստաբանական պալատի մի շարք փաստաբանների, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի մի շարք իրավաբանների հետ` եկել եմ այն համոզման, որ այս գործը պետք է քննարկվի քաղաքացիաիրավական դաշտում, քանի որ վերոնշյալ մասնագետները այն որակել են որպես քաղաքացիաիրավական հարաբերություն: Մինչդեռ Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Էդգար Պետրոսյանը քաղաքացիաիրավական հարաբերությունը տեղափոխել է քրեականի դաշտ և գործ է սարքել` հարուցելով քրեական գործ 2010 թ.-ի սեպտեմբերի 11-ին, կնոջս` Մելինե Մարգարյանին,  անօրինական և անհիմն պիտակավորել է որպես խարդախի և կալանավորել` անտեսելով անմեղության կանխավարկածը: Հարգելի պարոն նախագահ, կինս` Մելինե Մարգարյանը, 2009-ից «Տաշիր» ոսկու շուկայում որպես անհատ ձեռներեց զբաղվել է ոսկյա զարդերի առք ու վաճառքով: Մի խումբ իրական խարդախներ, կնոջս վստահությունը չարաշահելով, սկզբում ոսկյա զարդերը վերցնելով, ժամանակին գումարները վճարել են, այուհետև կնոջս վստահությունը չարաշահելով` ավելի մեծ քանակի ոսկյա զարդեր են վերցրել և մինչև օրս չեն վերադարձրել: Այդ գործարքների ժամանակ կինս ոսկյա զարդեր է վերցրել նաև իր կողքի աշխատողներից` օգնել է նրանց` նրանց իսկ զարդերը վաճառելու: Նրանց գումարները ժամանակին վերադարձրել է: Սակայն, երբ այդ խարդախները չեն վերադարձրել գումարները, կինս էլ չի կարողացել այդ մարդկանց գումարները տալ: 2009 թ.-ի նոյեմբերին այդ խարդախները պարտավորագրեր են գրել նույն օրը, նույն ժամին, մեկը մյուսին վկայություն տալով, և պարտավորվել են իրենց պարտքերը վերադարձնել մաս-մաս, սակայն, չեն վերադարձրել: Այնուհետև, քանի որ այդ մարդիկ իրենց ոսկյա զարդերի գումարներն էին ուզում, մենք ստիպված վաճառեցինք մեր բնակարանը, ավտոտնակը, ավտոմեքենան, ամառանոցը և նույնիսկ քրոջս բնակարանը և այդ անշարժ և շարժական գույքի գումարները տվեցինք պարտքի դիմաց: 2010 թ.-ի մայիսի 4-ին «Տաշիր» ոսկու շուկայի աշխատակիցներ Գոհարիկ Մկրտչյանը, Նելլի Գևորգյանը և Լիլիթ Ավետիսյանը հայտարարություն են տվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշ բաժանմունքում և հայտնել, որ Մելինեն իրենց խաբել է և պարտքը չի տալիս: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը այն պարզ պատճառով, որ Մելինեն մեկ տարի շարունակ նշված անձանց հետ կատարել է խոշոր չափերի փոխշահավետ գործարքներ և այդ անձանց Կենտրոն վարչական շրջանի դատախազ Սամվել Հարությունյանի զոքանչին` Գոհար Մկրտչյանին, նրա քրոջ աղջկան` Լիլիթ Ավետիսյանին, վերջինիս մտերիմ ընկերուհի Նելլի Գևորգյանին տվել է բարձր տոկոսադրույքով գումարներ`  ուրիշների կողմից Մելինեին չվճարելու պատճառով առաջացած պարտքի դիմաց: Եվ ընդամենը մի քանի օր գումարը ուշացնելու համար վերջիններս հաղորդում են տվել ոստիկանության վերոնշյալ բաժանմունքում: Սուտ բարեգործի դեր կատարած Գոհար Մկրտչյանը 2009 թ.-ի նոյեմբեր ամսին կնոջս 5000 (հինգ հազար) ԱՄՆ դոլլար տասը տոկոս տոկոսադրույքով գումար է տրամադրել` վեց ամիս ժամանակով, որի համար կինս գրել է պարատվորագիր, որի մեջ նշել է վերցրած գումարի չափի և տոկոսադրույքի մասին, սակայն, չգիտես ինչպես, քննիչի մոտ հայտնվել է կեղծ պարատավորագիր` քանի որ բնօրինակը կորել է: Ամսական` շուրջ չորս ամիս շարունակ 500 (հինգ հարյուր) ԱՄՆ դոլլար տոկոսով գումար տրամադրելով` կենտրոնականի բաժնի դատախազ Սամվել Հարությունյանի «բարեգործ» զոքանչ Գոհար Մկրտչյանը ստացել է գերշահույթ, որը ապացուցվում է հետևյալում. անօգնական Մելինեին տրամադրել է 5000 (հինգ հազար) ԱՄՆ դոլլար տասը տոկոս տոկոսադրույքով` վերցնելով պարտավորագիր, հետագայում պարտավորագրի բնօրինակը պատճենում է տասը տոկոս գրառումը` հանելով իր դատախազ փեսայի օգնությամբ, քննիչի միջոցով` կնոջս համոզելով, թե քրեական գործը կկարճվի, պարտադրում են Մելինեին վճարելու 4400 (չորս հազար չորս հարյուր) ԱՄՆ դոլլար: Արդյունքում կինս «բարեգործ»-ին է վերադարձնում 6400 (վեց հազար չորս հարյուր) ԱՄՆ դոլլար 5000 (հինգ հազար) ԱՄՆ դոլլարի փոխարեն` վերցրած գումարից ավել վերադարձնելով բավականին մեծ գումար: Դատախազի զոքանչի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցել Մելինեից օրը 150-200 (հարյուր հիսունից երկու հարյուր) ԱՄՆ դոլլար տոկոս վերցնելու, ինչպես նաև 5000 (հինգ հազար) ԱՄՆ դոլլար տասը տոկոսով տալու համար, որը որակվում է որպես վաշխառություն, որը շատ-շատ ավելին է, քան ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարի կամ ոսկյա զարդը գրավ դնելու տոկոսադրույքը, որի մասին, իմ կարծիքով, ավելի քաջատեղյակ պետք է լիներ դատախազ փեսան: Դատախազի զոքանչը` տ. Գոհարը, պատրաստել է ծուղակ` օգտվելով Մելինեի անօգնական վիճակից, որն առաջացրել է իրենից ոսկյա զարդեր տարած և ոսկյա զարդերի գումարը չվերադարձրած աղջիկների պատճառով: «Բարեգործ»-ը նախ կնոջս տրամադրում է 5000 (հինգ հազար) ԱՄՆ դոլլար տասը տոկոսով` ուրիշի կողմից առաջացած պարտքը մարելու համար, հետո լարում է հաջորդ թակարդը. առաջարկում է իր սեղանիկի ոսկյա զարդերից գրավ դնել գրավատանը, որի դիմաց պահանջում է 150-200 (հարյուր հիսունից երկու հարյուր) ԱՄՆ դոլլար օրական տոկոս: «Բարեգործ»-ը հետապնդել և ստացել է գերշահույթ, որը չէր կարող ստանալ սեղանիկի վրա շարունակ մնացած և դժվար վաճառվող ոսկյա զարդերից: Անտրամաբանական է «Բարեգործ»-ի արարքը` հենց այնպես կես տարով օգնություն առաջարկել մի կնոջ, որը խեղդված է ուրիշների գործողությունների արդյունքում գոյացած գումարների ճահիճում և գերշահույթ ստանալու նպատակով գումար է տրամադրել ոչ թե հարազատին կամ բարեկամին, այլ օտար մարդու: Պետք է նշեմ, որ կինս Գոհար Մկրտչյանից, Նելլի Գևորգյանից, Լիլիթ Ավետիսյանից վերցված ոսկյա զարդերը նրանց իսկ գիտությամբ հանձնել է Քրիստինե Իգիթյանին, Նունե Ղազարյանին,և Արմենուհի Ստեփանյանին: Վերջիններս պարտավորվել են, որ պետք է բերեն համապատասխան գումարը, սակայն չեն բերել: Փոխարենը Մելինեն է սկսել բարձր տոկոսներով փորձել վճարել ուրիշների պարտքի դիմաց: Ընդամենը մի քանի օր բարձր տոկոսներով գումարներ վճարելը ուշացնելու համար Գոհար Մկրտչյանը, Նելլի Գևորգյանը, Լիլիթ Ավետիսյանը դիմել են ոստիկանության վերոնշյալ բաժանմունք: 2010 թ.-ի մայիսի 4-ին ոստիկանության բանավոր կանչով կինս` Մելինեն, իմ ուղեկցությամբ գնաց բաժին: Երբ նոր էինք տեղ հասել, ոստիկանութան հերթապահ մասից դուրս եկավ ինչ-որ տղամարդ և բարձր ձայնով ասաց. «Էս էիք ուզում, ասեցի բերեք փողերը տվեք»: Տեղում հավաքվածներից իմացա, որ տղամարդը Սամվել Հարությունյանն է, որը կենտրոնում աշխատում է բաժնի դատախազ: Ավելին` եղբորս ծննդյան օրը` 2010 թ.-ի մարտի 29-ին, Մելինեի բջջային հեռախոսին զանգեց Սամվել Հարությունյանը` ներկայանալով, որ ինքը կենտրոն Վարչական շրջանի դատախազ է, ասաց, թե ինչու իր զոքանչի ոսկյա զարդերը չենք վերադարձնում: Քանի որ հեռախոսը պատասխանեցի ես, հարցրի, թե ով է իր զոքանչը: Իմանալով, որ վեջինիս զոքանչը կնոջս աշխատանքային ընկերներից Գոհար Մկրտչյանն է` ես հեռախոսը փոխանցեցի կնոջս, որը հեռախոսի բարձրախոսը միացրեց, որպեսզի ես լսեմ իրենց խոսակցությունը: Կինս դատախազին` այսինքն Գոհար Մկրտչյանի փեսային ասաց, որ ինքը վերջինիս զոքանչին տալիս է 150-200 (հարյուր հիսունից երկու հարյուր ) ԱՄՆ դոլլար տոկոս օրական: Սամվել Հարությունյանը, մի պահ լռելով, շարունակեց սպառնալիքով. «Դե նայեք հա. եթե չեք ուզում դատվեք, ոսկյա զարդերը վերադարձրեք»: Որպեսզի ասածս պարզ լինի, մանրամասնեմ և կրկնեմ, որ այդ ոսկյա զարդերը վերոնշյալ դատախազի զոքանչը` Գոհարը, ինքն էր տրամադրել Մելինեին, որպեսզի վերջինս դնի (լոմբարդ) գրավատուն և գրավատնից վերցված գումարով փակի ուրիշների կողմից իրենց դրամական պարտավորությունները իր նկատմամբ չկատարելու պատճառով գոյացած պարտքերը: 2010 թ.-ի մայիսի 4-ին Մելինեն ոստիկանության Մարաշի բաժին ներկայացրեց պարտավորագրերը այն մարդկանց, ովքեր պարտք են իրեն, ինչպես նաև Քրիստինե Իգիթյանի տնային գիրքը և վերջինիս անձնագիրը, որը տվել էր Մելինեին ի պահ` վստահություն պարտքի դիմաց և այդ կապակցությամբ ոստիկանության բաժնում  կազմել է արձանագրություն: Սակայն կենտրոնական քննչական բաժնի քննիչ Էգդար Պետրոսյանը մինչ օրս հաշվի չի առնում այդ պարտավորագրերը, որոնցում պարզ երևում է, թե Մելինեին առանձնապես խոշոր չափերի ինչքան գումար են պարտք Քրիստինե Իգիթյանը, Նունե Ղազարյանը, Արմինե Ստեփանյանը, և որոնց գործողությունների արդյունքում խարդախության մեջ մեղադրում են Մելինեին: Քրեական գործ հարուցելուց հետո սույն գործով քննիչ Էդգար Պետրոսյանը Մելինեին ասել է, որ Գոհար Մկրտչյանի հովանավորը վերջինիս փեսան` Կենտրոն վարչական շրջանի դատախազ Սամվել Հարությունյանն է, որ, եթե մի կերպ կարողանա վերջինիս զոքանչի գումարները տա, ապա սույն քրեական գործը կկարճի որպես քաղաքացիաիրավական հարաբերություն: Բաժնի դատախազ Սամվել Հարությունյանի աշխատանքային լծակները և պաշտոնը օգտագործելով` վերջինիս Մելինեից քննչական բաժնում քննիչի ներկայությամբ ստիպողաբար վերցրել են 4400 (չորս հազար չորս հարյուր) ԱՄՆ դոլլար, և (վերևում ունեմ այս երևույթի բացատրությունը) ընդամենը պարտք է մնացել 600 (վեց հարյուր) դոլլար: Տեսնելով, որ Կենտրոն վարչական շրջանի դատախազի զոքանչի գումարները ավելացված չափերով կորզելուց հետո, քննիչը գործը չի կարճում` կնոջս` Մելինեին ես խորհուրդ տվեցի, որ բողոք գրի և հաղորդում տա այն անձանց մասով, որոնց դրամական պարտավորությունները չկատարելու արդյունքում ինքը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, ավելին քրեական գործ է հարցվել իր նկատմամբ: Քննիչ Էդգար Պետրոսյանը, լսելով, որ Մելինեն ուզում է բողոք գրել, ասել է. «Պարոնին հարցնեմ, նոր»: Մելինեի հարցին, թե քննիչը ո՞ւմ նկատի ունի` պարոն ասելով` քննիչը պատասխանել է` «դատախազին»: Իմ և կնոջս համար անհասկանալի է. քննիչը ո՞ր դատախազին նկատի ուներ` Գոհար Մկրտչյանի փեսա Սամվել Հարությունյանի՞ն, գործը հսկող դատախազի՞ն, թե՞ շրջանի դատախազին: Մելինեի մտադրությունը իմանալուց երկու օր հետո վերջինիս կալանավորեցին, բնականաբար քննիչի ասած «պարոնի»` դատախազի համաձայնությամբ: Կալանավորելուց հետո Մելինեն 29.09.2010 թ.-ին դիմում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին և մանրամասն ներկայացրել է իրականությունը և 10 օր անց ստացել է պատասխան, որ դիմումը ուղարկվել է կենտրոնական Քննչական բաժին` հանգամանքները ճշտելու համար: Սակայն մինչ օրս ոչ մի քննչական գործողություն չի կատարվել: 08.10.2010 թ.-ին Մելինեն դիմում է ուղարկել Հատուկ քննչական ծառայության ղեկավարին և հայտնել քննիչ Էդգար Պետրոսյանի թե շահադիտական գործողությունների, թե անգործության և թե անօրինականությունների մասին, սակայն մինչ օրս դիմումը անգործության է մատնվել: 08.11.2010 թ.-ին դիմում եմ ուղարկել Պաշտպանության նախարարին, քանի որ որդիս ծառայում էր ՀՀ բանակում` Ղարաբաղում, խնդրելով վերջինիս միջամտությունը` իր զինվորի մոր նկատմամբ կեղծ քրեական գործ սարքելու հարցում: Կեղծ բողոքողներից Իրինա Բաբաջանյանը, որի ամուսինը զինվորական է, փորձել է շանտաժի միջոցով կնոջիցս բարձր տոկոսադրույքով կորզել խոշոր չափերի գումարներ` իր շանտաժի իրագործման թիրախ դարձնելով Ղարաբաղում ծառայող որդուս` ասելով. «Այնպես կանենք, որ տղային բանակում նեղացնեն, մայրն էլ վախից իմ փոխարեն կտա պահանջվելիք գումարները»: Պաշտպանության նախարարին ուղղված դիմումը վերահասցեավորվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական քննչական բաժին և քննիչի կողմից դարձյալ մատնվել անգործության: 2010 թ.-ի նոյեմբերի 12-ին դիմում եմ ուղարկել ՀՀ վարչապետին և ստացել պատասխան, որ դիմումը ուղարկվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական քննչական բաժին: Այդ դիմումի կապակցությամբ քննիչ Է.Պետրոսյանը, առանց ծանուցագրի, ինձ կանչեց իր մոտ և հարցաքննեց: Քննիչի այն հարցին, թե ինքը ինչ անօրինական և շահագրգիռ վերաբերմունք է ցուցաբերում սույն քրեական գործին` ես հիմնավորված և ապացույցներով գրավոր ներկայացրի քննիչի շահագրգիռ անգործությունը քրեական գործին: Քննիչը ջղաձգված երկրորդ անգամ վերոնշյալ հարցը ինձ տվեց, և ես ստիպված երկրորդ անգամ գրեցի և պնդեցի իմ գրածը: Իմ և կնոջս կողմից գրված բոլոր դիմումների և հաղորդումների մեջ հիմնավոր նշված և ապացույցներով ներկայացված են քննիչ Է.Պետրոսյանի շահագրգիռ անգործությունը, անօրինական գործողությունները և կանխակալ վերաբերմունքը քաղաքացիաիրավական հարաբերությունը որպես քրեական գործ որակելու հարցում: Ավելին, քննիչի հանցավոր անգործության և դատարանների անտարբերության արդյունքում` անտեսելով անմեղության կանխավարկածը` կնոջս կալանավորել են: Պետք է նշեմ, որ կալանավորման համար քննիչը դիմել է խորամանկության և Մելինեին խոշոր գումար պարտք և այդ մասին պարտավորագիր գրած Արմինե Ստեփանյանի հետ հանցավոր համաձայնության է եկել, որպեսզի վերջինս արհեստականորեն ստեղծի մի իրավիճակ, որը հիմք լինի կնոջս կալանավորելու: Ըստ իս` դա քննիչի ասած վերադաս «պարոնի»  հրահանգն էր` ստեղծել մի իրավիճակ, որը հիմք լիներ այս քրեական գործի շրջանակներում կնոջս կալանավորելու: Սակայն պետք է նշեմ, որ այս քրեական գործի` խարդախության շրջանակներից դուրս է կնոջս կալանավորելը, քանի որ վերջինիս կալանավորել են ՀՀ Քրեական օրենսգրքի համար 118 հոդվածով, մի բանի համար, որ ինքը չի կատարել, իբրև թե կինս քաշել է Արմինե Ստեփանյանի թևից և նրան ցավ պատճառել, մինչդեռ եղել է հակառակը. կինս վերջինից պահանջել է իրենից վերցրած և պարտավորագրով գրած պարտքը, վերջինս էլ, լուտանքներ թափելով, հրաժարվել է և ոտքով աքացի է տվել Մելինեի ոտքին, իսկ Մելինեն փորձել է թևից բռնելով ընդամենը կարգի հրավիրել վերջինիս: Պետք է նշեմ, որ ՀՀ Քր.Օր.-ի 118 հեդվածը նախատեսում է 100.000 հարյուր հազար դրամ տուգանք, կամ կալանք 2 ամիս, մինչդեռ այս հոդվածով արդեն 5 ամսից ավելի  կինս կալանավորված է և գտնվում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում: Նույնիսկ այս հոդվածը առաջադրելիս քննիչ Է.Պետրոսյանը քննություն, առերեսում և կամ միջադեպին ներկա վկաներին չի հարցաքննել և առանց պարզելու իրականությունը` այս միջադեպը պատրվակ է օգտագործել` հորինված քրեական գործով կնոջս մեղադրելու և կալանավորելու: Հարգելի պարոն նախագահ, կնոջս անօրինական շարունակ պահում են անազատության մեջ` մի բանի համար, որ ինքը չի կատարել: Իմ և կնոջս դիմումները, բողոքնեը` ուղղված թե ՀՀ Գլխավոր, թե Երևան քաղաքի դատախազություններին, ուղարկվում են այն նույն քննիչին, ում դեմ բողոքել ենք մենք, այսինքն` մեր բողոքները մատնվում են դարձյալ անգործության, իսկ դիմումները մնում են անպատասխան: 2010 թ.-ի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազին և Երևան քաղաքի դատախազին ներկայացրած հաղորդումները անօրինականությունների և հանցագործությունների մասին, որտեղ նշվել է խարդախների և վաշխառուների` Գոհար Մկրտչյանի, Իրինա Բաբաջանյանի, Վահագն Միքայելյանի, Պարգև Նազարյանի, Կարինե Զաքարյանի, Նելլի Գևորգյանի, Քրիստինե Իգիթյանի, Արմենուհի Ստեփանյանի, Նունե Ղազարյանի կատարած գործողությունների մասին, ուղարկվել են դարձյալ նույն քննիչին, որը այդ հաղորդումները դարձյալ անգործության է մատնել: Չնայած մենք ստացել ենք պատասխան Երևան քաղաքի դատախազությունից, որ մեր հաղորդումները ուղարկվել են Կենտրոնական Քննչական բաժին` կցելու սույն քրեական գործին (քրգործ համար 13130110), հանգամանքները պարզաբանելու և արդյունքների մասին տեղյակ պահելու Երևան քաղաքի դատախազությանը և դիմումատուներին, սակայն մինչև օրս ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, և քաղաքի դատախազությանն էլ չի հայտնվել այդ մասին: 2010 թ.-ի դեկտեմբերի 27-ին քննիչը, կնոջս շահերի պաշտպանի հետ գտնվելով Աբովյանի ՔԿՀ-ում, հայտնել է, որ քրեական գործը ավարտել է և քրեական գործից մաս է անջատել` առանձին քննություն կատարելու համար: Անհասկանալի է քննիչի գործողությունը. Մի դեպքում քաղաքացիաիրավական հարաբերությունը որակելով քրեական հարաբերություն` կալանավորում է կնոջս, մյուս դեպքում` իմ և կնոջս հաղորդումների հիման վրա, որ կինս տուժել է խարդախների և վաշխառուների գործողությունների արդյունքում, որոնց մասին շարունակաբար գրվել է մեր նախորդ բողոքներում, նոր է հիշել և որոշել է մայր գործից մաս անջատել և այդ մասով քննություն կատարել: Անհասկանալի է` այդ անջատված մասով ո՞վ է տուժողը, և ո՞վ` մեղադրյալը: Հետևաբար, քննիչի գործողությունները իրավաբանորեն անտրամաբանական են և միտված են մեկ ուղղությամբ` կործանելու և բարոյազրկելու ընտանիքս, խորտակելու որդիներիս կյանքն և ճակատագիրը և երիտասարդ կնոջս քավության նոխազ դարձնելով` քրեական օրենսգրքով նախատեսված խարդախության հոդվածով վերջնականապես ազատազրկելուն: Կնոջս պաշտպանի միջնորդությունները քննիչը, անհիմն և առանց պատճառաբանությունների, մերժում է: Կնոջս շահերի պաշտպանը քննիչի միջնորդությունների մերժման դեմ միջնորդություններ է ուղարկել կենտրոնի դատախազություն, և կնոջս պաշտպանի ուղարկած միջնորդությունները Քր.գործը վերահսկող դատախազ Սերգեյ Աբրահամյանը, նույնպես անհիմն և առանց պատճառաբանությունների, մերժել է: Այս կապակցությամբ 2011թ.-ի հունվարին կնոջս պաշտպանը բողոքներ է ուղարկել Երևան քաղաքի դատախազին և մինչև օրս պատասխան չի ստացել: 2008-2010 թթ.-ին որդիս ծառայել է ՀՀ բանակում` Ղարաբաղում: 2010թ.-ի սեպտեմբերից մինչև նոյեմբերի 30-ը ես դարձել էի ստախոս, որովհետև տղաս, զենքը ձեռքին, ծառայում էր` պաշտպանելով հայրենիքը և մորը կալանավորողներին, իսկ ես չգիտեի` ինչպես թաքցնեմ որդուցս այն իրականությունը, որի մեջ հայտնվել էր կինս: Ստացվում է այնպես, որ եթե ես Կենտրոնական շրջանի դատախազությունում աշխատող դատախազ փեսա չունեմ, զինվորական բարեկամ չունեմ, չեմ կարողանալու իմ և կնոջս շահերը պաշտպանել և մեր դիմում-բողոքներին տեր կանգնել: Փաստորեն, Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Է.Պետրոսյանը, վերահսկող դատախազ Սերգեյ Աբրահամյանը, Կենտրոնի դատախազության բաժնի դատախազ Սամվել Հարությունյանը ինչպես ուզում, այնպես էլ անում են, և ես ու իրականում տուժած կինս նշված անձանց հետ չենք կարողանում օրենքի շրջանակներում հասնել արդարության` հանդիպելով դատախազություն-քննիչ-դատարաններ ամուր սերտաճած, կոռումպացված պատին: Հարգելի պարոն նախագահ, լինելով ՀՀ քաղաքացիներ, դիմում ենք Ձեզ, որպեսզի այդ անօրինականություններին վերջ տրվի, իսկ եթե արդարությունը չվերականգնվի, կարծում եմ, որ ստիպված կլինենք լքելու մեր հարազատ հայրենիքը և հրաժարվելու ՀՀ քաղաքացիությունից` քաղաքական ապաստան խնդրելով այլ երկրներից: Հարգելի պարոն նախագահ, խնդրում եմ և ակնկալում եմ Ձեր անմիջական հսկողությունն ու կարգադրությունը սույն Քր.գործի նկատմամբ: Այն է` օբյեկտիվ, մանրազնին քննչական գործողությունների արդյունքում կարճել սույն գործը` որպես քաղաքացիաիրավական հարաբերություն` ազատելով կնոջս անօրինական կալանքից, և այդ հարաբերության շրջանակներում համապատասխան մարմինը միջոցներ ձեռնարկի կնոջս վերադարձնելու այն խոշոր չափերի գումարները, որոնք Մելինեից վերցրել են Քրիստինե Իգիթյանը, Նունե Ղազարյանը, Արմինե Ստեփանյանը պարտավորագրերով, և որոնց գործողությունների արդյունքում թե ֆիզիկապես, թե հոգեպես և թե բարոյապես տուժել է իմ ընտանիքը` կինս, երկու որդիներս և ես: Ակնկալում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան կառույցներին, պարզելու քննիչ Էդգար Պետրոսյանի անօրինական գործողությունները` անգործությունը, և նրան ենթարկելու  պատասխանատվության: Հարգանքով` Անարդարությունից տուժած ՀՀ քաղաքացի Խաչիկ Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter