HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» պահանջում է վերջ տալ «ԳԱԼԱ»-ի դեմ հալածանքներին

«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում փետրվարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած վճռի կապակցությամբ, որով, բավարարելով Գյումրիի քաղաքապետարանի հայցը, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին պարտավորեցվում է մեկամսյա ժամկետում ապամոնտաժել Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռն ու մալուխը: Երեք տարի շարունակ դատական բոլոր ատյաններով անցած, վճռաբեկ դատարանի կողմից հօգուտ «ԳԱԼԱ»-ի բեկանված գործի քննության  այս փուլում ընդունված հիշյալ վճիռը հերթական հարվածն է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ժողովրդավարությանն ու «ԳԱԼԱ»-ի բազմահազարանոց լսարանի` ազատ եւ անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրավունքին: Փաստորեն ՀՀ իշխանությունները` - տարբեր ճանապարհներով խոչընդոտներ հարուցելու միջոցով չհասնելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եթերազրկմանը, - չբավարարվելով առաջիկա 10 տարիներին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը եթերից զրկելու մասին իրենց կայացրած քաղաքական որոշումը 2010թ. դեկտեմբերի 23-ին ՀՌԱՀ-ի ձեռամբ կենսագործելուց, - անհանգստացած անգամ այն հեռանկարից, որ այդ «մրցույթի» արդյունքներից անկախ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը նմանօրինակ եղանակով եթեր է հեռարձակվելու մինչեւ 2015 թվականը, ինչը լուրջ խոչընդոտ է օրերս ստորագրված կոալիցիոն հուշագրի արատավոր, հակաժողովրդավարական  նպատակներին հասնելու ճանապարհին, այժմ էլ փորձում են Գյումրիի քաղաքապետի միջոցով շարունակել ազատ խոսքի ու ազատ հեռուստաընկերության դեմ իրենց անփառունակ պայքարը: Ս.թ. փետրվարի 17-ին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները, վարչության անդամները հանդիպեցին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Ի պատասխան «Ժառանգության» ներկայացուցիչների հորդորների` ետ կանգնել անպատվաբեր քայլերից, քաղաքապետը հայտարարեց, որ ««ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ գնալու է մինչեւ վերջ»: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ազատ խոսքի դեմ այս սանձարձակ գործողությունները` իշխանություններին կոչ անելով երկիրը հեղինակազրկող նման քայլերի փոխարեն ուղիներ փնտրել կապուղիների թիվն ավելացնելու համար, որպեսզի 2010թ. դեկտեմբերին հեռարձակման իրավունքից մերժված «Ա1+» եւ «ԳԱԼԱ»  հեռուստաընկերությունները վերադառնան եթեր: Մենք նաեւ մեր զորակցությունն ենք հայտնում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը վերաքննիչում բողոքարկել պատրաստվող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը եւ այդ դատական ատյանին կոչ ենք անում զերծ մնալ իշխանությունների թելադրած քաղաքական որոշումներն օրինականացնելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter