Նորոգ ճանապարհների չարիքը
Խաղաղ, բարեկեցիկ ու ազատ ստեղծագործական կյանքով ապրելու իրավունք տրված է բոլոր ազգերին` անկախ կրոնական կամ ռասայական պատկանելիությունից: Եթե սերունդներին ժառանգաբար չի փոխանցվում այդ իրավունքը, ապա նրանք անընդհատ պայքարում են այն ձեռքբերելու համար: Ապրել աշխատելու, ստեղծագործելու, սիրելու համար, սա է մարդկության արդարացված ու անբեկանելի պահանջը քաղաքակիրթ աշխարհից: Հայրենիքից բռնազատված, հարազատ հողում ազգային փոքրամասնության կարգավիճակում հայտնված Ջավախքն այս օրերին ընկրկում իր պայքարից ու հայտնվում ժամանակի առաջադրած սպառնալի իրադարձությունների հորձանուտում:
Համահայկական թողտվության պատճառով Ջավախքը, ճակատագրի հեգնանքին դատապարտված, օտարվում է արմատներից, կորցնում` ազգային նկարագիրը: «Քաղաքակիրթ» աշխարհի աչքի առաջ անցյալի հուշերով ապրող հասարակության և հոգևոր, մշակութային կյանք ասվածի միջև գոյացած վիհն ահագնանում է, վերածվում` անդունդի: Հայրենի հողում ինքնադրսևորումը բացառվում է, (վրա՞ց) իշխանական նոր վարչակարգը, գերակա դարձնելով սահմանադրությունը, ամեն ինչ անում է երկրում միջազգային իրավունքը ազգային փոքրամասնություներին անհասանելի դարձնելու համար: Իրավիճակ, որտեղ հանդուրժողները բռնել են «ինքնակործանման», չհանդուրժողները` արտագաղթի ճանապարհը: Իսկ թե ի՞նչ նպատակով են Վրաստանի պետական նշանակության բոլոր ճանապարհները հիմնովին նորոգվում, արդեն պարզ է…
Ճանապարհաշինարարություն. ակամա հիշեցի Պաուլ Ռոռբախին (1), նրա «Բաղդադի երկաթուղի» աշխատությունը, որքան նմանություն և զազրելի ընդհանրություն կա նրա ու վրաց իշխանավորների դիվային ծրագրերի միջև: Առկա է միայն մի տարբերություն` վերջիններս «բավական քաղաքակիրթ են». առանց արյունահեղության, մարդկային մեծաթիվ զոհերի ճանապարհ են «հարթում» երկրի էթնիկ բնակիչներից ձերբազատվելու համար: Դիվանագիտական զգուշավորությամբ, սոռոսյան միջոցները չխնայելով, վրաց իշխանությունը «Ջավախքն առանց հայերի» ծրագրի խոչընդոտներն է «հարթում»: Գլխագիր նպատակը վրացերենը հայերենի կոկորդում խցկելն էր: Դա նրանց հաջողվեց: Մյուսը` հանդուրժողներին հասարակությունից «յուրովի մեկուսացնելը», մնացածներին` չհանդուրժողներին, երկրից հեռացնելը: Անցյալ տարի մեկնարկեց և մինչև ուշ աշուն «միջպետական բարեկարգ ճանապարհներ» անվան տակ նորոգվում էին Վրաստանի սահմանամերձ ճանապարհները, որոնց անմիջական մասնակիցն ու կրողը Ջավախքն էր: Եթե ոչ շնորհակալ լինելու, ապա դժգոհելու առիթ թերևս չպետք է ունենանք` հիշելով Ջավախքը Հայաստանին, Ախալքալաքը Ախալցխային կապող անմխիթար ու անբարեկարգ մայրուղիները: Շինարարական կազմակերպությունները, կառավարության հանձնարարությամբ, տեղաբնակ հայերի հավանական դժգոհության ալիքը կանխելու համար, ճանապարհաշինարարական աշխատանքներում ներգրավեցին միայն բեռնատար մեքենաներ ունեցող հայերին: Այլ ելք չէր մնում` աշխատել վրացիների, հույների և Թուրքիայից բերված (Սամսուն) թուրքերի հետ, քանի որ չնչին վարձավճարով աշխատանքն անգամ ձեռքբերում է: Չունենալով արդյունաբերական, գիտատեխնիկական ձեռնարկություններ` Ջավախքի հույսը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն էին, որոնք վերջին տասնամյակների ընթացքում այդպես էլ չունենացան զարգացման հեռանկարներ խոստացող ներդրումային ծրագրեր: Եկամտի հուսալի աղբյուր շարունակում է մնալ ռուսաստանաբնակ ազգականների օգնությունը, քանի որ սեփական միջոցներով անկարելի է դիմակայել կենսաապահովման նվազագույն խնդիրներին: Ռուսաստանում աշխատանք ձեռք բերելը դարձել է անկատար երազ, իսկ Վրաստանում ղեկավար պաշտոնը ցմահ անհասանելի է ջավախքցու համար, բացառությամբ, եթե ազագանունը փոխում է` ազգանվան մեջ իսպառ բացառելով հայկական արմատը:
«Միջպետական» անվանում ստացած բարեկարգ ճանապարհները «ծառայեցին» իրենց նպատակին…: Նորոգ ճանապարհների չարիքը սարերի հետևում չէր, իրեն սպասել չտվեց. աշնանն արդեն, արդյունքն ակնհայտ էր` թուրքերի աննախադեպ շարժ նկատվեց Ջավախքում: Ո՞վ է հիշում, վերջին անգամ, ե՞րբ են նրա այստեղ երևացել: Թուրքիայից թուրք առևտրականները ազատ, անկաշկանդ ելք ու մուտք են անում հայաշատ քաղաքներում ու գյուղերում, լեզվական խնդիրը` հայերեն չիմանալը, հաղթահարում են սակարկման թվերը թղթին գրելով: Թուրքիայից Ջավախքին «մատակարարվում է» հագուստ, տնտեսական արտադրության անհրաժեշտ ապրանքներ, իսկ Ադրբեջանից` սննդամթերք, որի որակի, պիտանելիության ժամկետի մասին խոսելն անիմաստ է: Անորակ սննդի օգտագործման արդյունքում ի հայտ են գալիս նորանոր հիվանդություններ, որոնց ախտորշումը բարդ է, բուժումը` թանկ (2):
Վերջին տարիներին բազմիցս բարձրաձայնվել է` Ադրբեջանը թմրաբիզնեսի տարանցիկ երկիր է: Փաստի վերահաստատումը թարմ է և այլևս` ոչ պետական գաղտնիք (3): Վրաստանի տնտեսական, քաղաքական հարաբերությունները Ադրբեջանի հետ գնահատվում են բավարար և «կառուցողական»: Վերջինիս «հրամցրած բարիքներից» անվերապահորեն օգտվում են մայրաքաղաք Թբիլիսիում, հարակից շրջաններում, քաղաքներում ու գյուղերում, թմրանյութի օգտագործումը երկրում տարածական ընդգրկում է ստանում: Նորոգ ճանապարհների չարիքը չուշացավ. թմրանյութը Ջավախք էլ հասավ: Մարդկային կամքին, բանականության բռնացող մեծագույն չարիքը, որ բառացիորեն, բոլոր առումներով, կործանում է մարդուն, դժբախտաբար, չշրջանցեց հայ երիտասարդներին: Մի բան, որ երբևէ չէր եղել: Սա մեծագույն ողբերգություն է Ջավախքի համար, որ ստվերում է մոնղոլ-թաթարների, սելջուկ թուրքերի ավերն ու բռնությունը, վրաց-թուրքական, վրաց-ռուսական պատերազմները, սովն ու համաճարակը: Մի՞թե սա Ջավախքի հայաթափման, «հայասպանման»` ազգային գենոֆոնդի խեղման ծրագրի մի մասը չէ: Իրավիճակ, որի հանդուրժողները բռնել են աշխատանք ու զբաղմունք չունենալու, անհանցանք ինքնադատաստանի` «ինքնակործանման» ճանապարհը:
Իսկ մե՞նք: Մենք շատ ուշացանք…
Ճանապարհների նորոգումը Ջավախքի հայաթափման վերջի սկիզբն է. մայրենիից, մշակույթից, ազգային ավանդույթից, արվեստից, գիտությունից կտրելը ի՞նչ է ջավախքցու համար, եթե ոչ մշակութասպանություն` մահ: Աղջիկ փախցնելու դարավոր ավանդույթը փորձանք է դառնում ավանդապահ հայի համար. անհամաձայնության դեպքում տղայի հարազատները պարտավորվում են 2500 լարի տուգանք մուծել, իսկ սիրահարված ու մերժված պատանուն սպասվում է հինգ տարվա ազատազրկում…: Ջավախքի հայրենասեր ու կենսախինդ երիտասարդները հայտնվում են իրավապահների խիստ հսկողության ներքո, անհեթեթ մեղադրանքով անգամ կարող են գյուղի մեջտեղում (Ծալկայի գյուղերից մեկում` …), օրը ցերեկով ծեծել իրենց ընդիմացող հայ երիտասարդին, ապա կիսամեռ թողնել գյուղի մեջտեղում և 7000 դոլլար պահանջել նրա հարազատներից կիսակենդան երիտասարդին իրավապահ մարմինների չհանձնելու համար…: Չհանադուրժողները բռնում են արտագաղթի ճանպարհը:
Մենք նրանց ի՞նչ իրավունքով ետ դարձնենք:
Օրերս Վրաստանի մշակույթի նախարար Ռուրուան հայտարարեց, որ պատրաստվում են Թուրքիային թույլատրել մզկիթ կառուցել Բաթումի քաղաքում, ևս մեկ թուրքական մզկիթ էլ բնիկ հայկական Սամցխե-Ջավախքի շրջանում` Ախալցխայում: Ժամեր անց իր ծանրակշիռ և հիմնավոր դժգոհությունը հայտնեց վրաց պատրիարքը: Հայաստանի պետական պատկան մարմիներից, անգամ Մայր աթոռի մամլո դիվանից մի ծպտուն դուրս չելավ, բացառությամբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի և ծագումով ջավախքցի ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի և Ազգային նոր պահպանողական շարժման, որը 27 հասարակական կազմակերպությունների անունից իր զայրույթն արտահայտեց վրաց իշխանություններին:
Եթե անգամ վրաց-թուրքական բանավոր համաձայնությունը իրականություն չդառնա (4), դա Հայաստանի արձագանքը ստուգելու աննշան փորձ էր: Իսկ մե՞նք: Մենք քարի պես լուռ էինք, բերդի պես` անառիկ, մեր զգացմունքները` անխոցելի…: Չգործած մեղքի ու հանցանքի համար ջավախքցին արժանի չէ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կողմից այս աստիճան արհամարհական անտեսումի:
Հարյուրամյակների ընթացքում արդար քրտինքով վաստակած ջավախքցու արժանապատիվ վեհությունը, կերտած փառահեղ անցյալը, ի դեմս մտավորականների ու արվեստագետների աստղաբույլի, ստեղծած լուսեղեն գոհարները, այն ամենը, ինչը հայկական է Թուրքիա-Ջավախք-Վրաստան-Ադրբեջան տարանցիկ ճանապարհին ոտնատակ ու ոտնակոխ են լինելու: Մնում է հուսալ, որ իրականություն չի դառնա Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծի կործանարար նախագիծը. դա կլինի «Բաղդադի երկաթուղու» վերջին կայարանը…:
Նորոգ ճանապարհների չարիքը հղի է նոր սպառնալիքներով. թույլ չտանք, որ Ջավախքը դառնա մի նոր Նախիջևան…
Ջեմմա Բաղդադյան
«Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր
Ծանոթագրություն
1. Ռորբախ Պաուլ, գերմանացի քաղաքական և հասարակական գործիչ: Գերմանա-հայկական ընկերության նախագահի տեղակալներից: Գրել է մի շարք աշխատություններ` նվիրված Մերձավոր Արևելքում Գերմանիայի քաղաքականությանը, որոնցում գնահատել է Արևմտյան Հայաստանի նշանակությունը Գերմանիայի տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից: «Բաղդադի երկաթուղի» (1902) աշխատության մեջ հիմնավորել է այդ շինության նշանակությունը Մերձավոր և Միջին Արևելքում Գերմանիայի նվաճողական քաղաքականության դիրքերից, նշել Արևմտյան Հայաստանով այն անցկացնելու նպատակահարմարությունը, որը կնպաստեր այդ տարածաշրջանում Գերմանիայի ազդեցության ամրապնդմանը: Ռորբախը գրել է. «Նա ով տիրում է Հայաստանին, անմիջականորեն տիրում է ինչպես Փոքր Ասիայի արևելյան մասին, այնպես էլ Միջագետքին»: Ընդգծելով այն կարևոր նշանակությունը, որ ուներ Հայաստանը Օսմանյան կայսրության համար, Ռորբախը շեշտել է, որ «Թուրքիան թե քաղաքական և թե ռազմական առումով կկորցնի իր կենսունակությունը հենց որ կորցնի Հայաստանը, հատկապես եթե այն կորցնի հօգուտ Ռուսաստանի»: Ելնելով դրանից` Ռորբախը դեմ էր Արևմտյան Հայաստանի անկախությանը, պաշտպանել է այնտեղից հայերի տեղահանության մասին Թուրքիայի իշխող շրջանների ծրագրերը: Նշել է, որ «Արևմտյան Հայաստանից պետք է դուրս անել բնիկ հայերին», իսկ նրանց տեղում բնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերված մահմեդականների: Եթե այդպես վարվեին, ապա Հայաստանը մեկ հարվածով կպոկվեր Ռուսաստանի ձեռքից»: Ռորբախն առաջարկել է արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը, նրա կարծիքով, կնպաստեր «ճանապարհի տնտեսական զարգացմանը»: Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆ: Տես, «Ուխտ Արարատի» թիվ 3(14), էջ 18: Մեկ դար անց Ռորբախի մասամբ չիրականացված ծրագրին նորիվ ընթացք է տրվում. այս անգամ վրացական գործոնի միջոցով, թիրախ է ընտրված Ջավախքը:
2. Հայաստանյան բուժհաստատություններ դիմող ջավախքցիները ընդունվում են որպես օտար երկրյա քաղաքացիներ, նրանց բուժօգնությունը, բուժզննումը և բուժումը, Հայաստանի քաղաքացիների համեմատ, կատարվում է կրկնակի արժեքով, այնքան թանկ է, որքան Վրաստանում: Մինչդեռ, նկատի ունենալով Ջավախքի հայ ազգաբնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ՀՀ կառավարությունը համապատասխան հանձնարարական պետք է տա ՀՀ առողջապահության նախարարությանը, որ ջավախքցիները ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներով բուժում ստանան: Քանի որ հարցի լուծումը օրենքի ուժ չունի Հայաստանում, ապա Ազգային ժողովի հերթական նիստերից մեկում պետք է խնդիրը բարձրաձայնել և պահանջել, որ այն ամենասեղմ ժամանակում օրենքի ուժ ստանա և դառնա կիրառելի պետական բոլոր բուժհաստատություններում:
3. Օրերս դա վերահաստատեցին միջազգային կառույցներն ու կազմակերպությունները` Թմրանյութերի վերահսկողության ՄԱԿ-ի միջազգային կոմիտեն, Մաքսային միջազգային կազմակերպությունները, որոնց վերահաստատեց Wikileaks-ը:
4. Գիտենալով, թե որքան աստվածասեր ու աստվածապաշտ է վրաց ժողովուրդ, համոզված եմ` պատրիարք Իլիա Երկրորդը, թիկունքում ունենալով միլիոնավոր հավատացյալների աջակցությունն ու զորակցությունը, դա թույլ չի տա:
22. 02. 2011թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել