Վերականգնվում է քաղաքացիների հողօգտագործման իրավունքը
Փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարան են հրավիրվել մայրաքաղաքի Սիլիկյան, Չարբախ թաղամասերում բնակվող շուրջ մեկ տասնյակ բնակիչներ՝ ստանալու իրենց հողամասերի նկատմամբ իրավունքի ձևակերպման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումները։
Դեռևս 1990-ական թվականներին Երևան քաղաքի Սիլիկյան, Չարբախ թաղամասերի և նախկին Հաղթանակ գյուղի տարածքում հողատարածքներ են հատկացվել մոտ 1300 ընտանիքների:
Անցած ժամանակահատվածում ՀՀ կառավարության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն վերը նշված տարածքների քաղաքացիներից ընդունել է դիմումներ և կատարել պետական գրանցումներ:
2005 թ.-ից մինչ օրս հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու և հողամասերի հատակագծեր թողարկելու համար հարցի լուծում է տրվել միայն առանձին դեպքերում:
Հարցի կանոնակարգման համար, ըստ գործող օրենսդրության, անհրաժետ է Երևանի քաղաքապետի որոշումը և հողամասերի գլխավոր հատակագիծը:
Հաշվի առնելով այս հանգամանքը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ փետրվարի 7-ից վերսկսվել է գործընթացը և հարցի հետ առնչություն ունեցող քաղաքացիներին իրազեկվել այդ մասին:
Աշխատանքները կազմակերպելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված համապատասխան հանձնաժողովի աշխատանքները համակարգում է քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը, ով այսօր բնակիչներին է հանձնել Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումները, որոնց հիման վրա քաղաքացիները կարող են ստանալ իրենց հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք։
Նշենք, որ երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետարան է դիմել մոտ 30 ընտանիք։ «Մնացյալ 20 ընտանիքների խնդրի լուծումը նույնպես ներկայում ընթացքի մեջ է։ Առավելագույն արագ պետք է ավարտենք գործընթացը: Խնդիրն այն է, որ բոլոր բնակիչները չեն դիմել. սպասում ենք դիմումները լինեն, որ արձագանքենք ըստ դիմումների»,- նշել է Վահագն Առաքելյանը: Նա նաև հավելել է, որ գործընթացը շարունակական է և վստահեցրել, որ քաղաքապետարանն անում է հնարավորը բնակչության կողմից ստացված դիմումներին արագ և հիմնավոր պատասխանելու ուղղությամբ։ Դիմումների մերժման դեպքում քաղաքացիներին ներկայացվում է մերժման պատճառը՝ համակողմանի հիմնավորված և պարզաբանված պատասխանով:
Հանձնաժողովի տվյալներով՝ լուծման կարիք ունի մի քանի հարյուր ընտանիքների խնդիր։
Հաղթանակ գյուղում հողհատկացումների օրինականությունը հանձնաժողովը կուսումնասիրի առանձին և համապատասխան առաջարկություն կներկայացնի 3 ամսվա ընթացքում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ հարցերի վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել