HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ինքնաոչնչացման մղել ընդդիմությանը

Արմեն Առաքելյան Փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հայտարարությունը քաղաքական կոնսոլիդացիայի արտահայտություն չէ: Որովհետեւ այն հիմնված չէ բոլոր երեք կողմերի ազատ կամարտահայտման վրա: Պարզապես իշխանությունը, օգտագործելով պետական լծակները կամ կիրառելով դրա սպառնալիքը, մյուս երկու խաղացողներին` ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին, ստիպեց ստորագրել այն: Սա աննախադեպ երեւույթ էր մեզանում` երկու պատճառով: Նախ` առաջին դեպքն է, երբ պետական լծակները գործադրվում են քաղաքական պայմանավորվածությունների, դաշինքների ստեղծմանը հարկադրելու համար, երկրորդ` առաջին անգամ գործող նախագահը ընտրություններից երկու տարի առաջ ոչ միայն առաջադրում է իր թեկնածությունը, այլեւ ստիպում, որպեսզի միաժամանակ այն պաշտպանեն իշխանական բոլոր ուժերը: Ակնհայտ է, որ եթե նախագահն իրեն բավականաչափ ամուր զգար, նման քայլի գնալու անհրաժեշտություն չէր լինի: Կոալիցիոն հայտարարության ստորագրումը իշխանության թուլության, նույնիսկ խուճապի մեջ գտնվելու արտահայտություն է: Այն որքան ուղղված է ընտրություններում դիրքերն ամրացնելուն, նույնքան էլ բխում է այսօրվա իրականությունից եւ իշխանությանը սպառնացող` դրանում առկա լրջագույն մարտահրավերից: Ի զորու չլինելով համարժեք լուծումներ տալ կուտակվող սոցիալ-տնտեսական խնդիրներին, որոնք զգալիորեն մեծացրել են սոցիալական բունտի հավանականությունը, իշխանությունն ընդամենը փորձում է զսպել այն, խեղդել բնում, բացառել դժգոհության շարժումների քաղաքականացումը: Դրա համար անհրաժեշտ էր ստեղծել ուժեղ իշխանության տպավորություն, ինչը եւ իշխանության ներսում փորձում են անել` կենտրոնախույս բոլոր տրամադրությունների վերացմամբ: Այս հրամայականն այնքան կարեւոր էր իշխանության համար, որ անտեսվեցին ժողովրդավարության ամենակարեւոր երկու սկզբունքները` ազատ մրցակցության եւ արդար ընտրությունների: ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի գոյությունն այլեւս ինքնանպատակ է: Որպես կուսակցություն նրանք հրաժարվեցին, ինքնակամ զրկվեցին մոտիվացիայից` իշխանության հասնելուց: Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ նրանք ինքնակամ հաղթող ճանաչեցին Հանրապետական կուսակցությանը: Այլ բան ուղղակի չի կարող լինել, որովհետեւ պարզագույն տրամաբանությունը հուշում է, որ չի կարող ընտրություններում պարտված կուսակցության ղեկավարը հավակնել հանրապետության նախագահի պաշտոնին, իսկ մնացած ուժերը պաշտպանեն պարտվող կուսակցության լիդերի թեկնածությունը: Այս տեսակետից բացարձակապես նշանակություն չունի` կոալիցիոն ուժերը խորհրդարանական ընտրություններին գնում են միասնակա՞ն ցուցակով, թե՞ առանձին: Երկու դեպքում էլ արդյունքը նախապես որոշված է` առաջինը լինելու է ՀՀԿ-ն, երկրորդը` ԲՀԿ-ն, երրորդը` ՕԵԿ-ը: Եվ այդ մասին հստակ ասված է կոալիցիոն հայտարարության մեջ` պահպանել կոալիցիոն ուժերի միջեւ ներկայումս առկա հարաբերակցությունը: Ամբողջ պայքարն, ըստ այդմ, ընթանալու է միայն խորհրդարանում կոալիցիայի ներկայացվածության մեծացման նպատակով: Այսինքն` կոալիցիան նախապես որոշել է, որ ընդդիմությունը գալիք խորհրդարանում ավելի քիչ է ներկայացված լինելու: Եվ դա որոշվել է թե ընդդիմության, եւ որ ամենակարեւորն է` թե ընտրողի փոխարեն: Սա նաեւ ոչ միայն ողջ ընդդիմությանը եւ հատկապես խորհրդարանում այժմ ներկայացված «Ժառանգությանը» եւ ՀՅԴ-ին մարգինալացնելու, այլեւ ընտրություններում իշխանությունից դուրս գտնվող ուժերին խորհրդարանական ընդդիմության սահմանափակ տեղերի համար պայքարի մղելու միջոց է: Այսինքն` մեծամասնության հարցն արդեն լուծված է, մնում է որոշել` որ ուժերն են ներկայացնելու փոքրամասնությունը: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ իշխանությունը պարզապես գալիք խորհրդարանական ընտրությունները փորձում է վերածել խորհրդարանական ընդդիմության տեղերի համար ընթանալիք մրցապայքարի: Ակնհայտ է, որ այս դաշտում երեք հիմնական ուժեր կան` ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ Հայ ազգային կոնգրեսը: Իշխանությունն ուզում է, որ այս երեքը պայքար ծավալեն միմյանց դեմ: Ցանկացած տարբերակ նրան ձեռնտու է լինելու. միեւնույն է` ընդդիմությունը ԱԺ-ում որակ չի կազմելու: Սակայն ներկա դրությամբ ավելի մեծ են ՀԱԿ-ի հնարավորությունները, որովհետեւ այն ունի շատ ավելի լուրջ ներուժ, ավելի հստակ պահանջներ է դնում իշխանության առջեւ, հասարակական շրջանակների հետ աշխատելու ավելի մեծ փորձ ու դաշտ ունի, մշակել է տարբեր ոլորտների հետ կապված հայեցակարգային մոտեցումներ եւ շատ ավելի վստահելի է որպես ընդդիմություն, քան, ասենք, ՀՅԴ-ն: Եվ եթե Կոնգրեսը հաղթանակ տանի խորհրդարանական ընդդիմության համար ընթանալիք պայքարում, ապա մենք կունենանք մի Ազգային ժողով, որը հատկապես արտաքին քաղաքական խնդիրների, առաջնայնությունների եւ տեսլականների կտրվածքով միատարր է: Այս դաշտում գործնականում ընդդիմություն չի լինելու: Սակայն խնդիրը հետեւյալն է` կհամակերպվե՞ն այս ուժերը իշխանության կողմից իրենց պարտադրվող սահմանափակ, խղճուկ դերակատարության հեռանկարի հետ: Եթե նրանք ոչ թե սիմվոլիկ խորհրդարանական ընդդիմություն լինելու, այլ իշխանության գալու, ավելի ճիշտ` իշխանափոխություն իրականացնելու ամբիցիոզ նպատակներ ունեն, ապա պարտադրված են լինելու միմյանց հետ համագործակցության եզրեր գտնել: Իշխանության ամբողջ հաշվարկը հիմնված է նրա վրա, որ դա հնարավոր չի լինելու, որովհետեւ նման ձախողված, անարդյունք փորձ եղել է նախկինում: Բայց հիմա կան համախմբման մեծ պոտենցիալ ունեցող երկու շատ էական գործոններ, որոնք չկային նախկինում. հասարակական-սոցիալական ակտիվությունը` պայմանավորված Կառավարության անարդյունավետ ու իրականությունից կտրված գործունեությամբ, եւ եգիպտաթունիսական սինդրոմը: Կամ այս գործոնները կմիավորեն ընդդիմությանը, կամ կդառնան այն «քաղցր» ու մեծ պատառները, որոնց յուրացման համար մղվող պայքարը վերջնականապես կկազմալուծի ընդդիմադիր դաշտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter