HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Անօթևանները տուն են ստացել, բայց պայմանով

Վանաձորում ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած 32 ընտանիք մասնակցեց բնակարանների բաշխման վիճակահանությանը, և արդյունքում յուրաքանչյուրին հայտնի դարձավ իր նոր բնակարանի համարն ու հարկը: Սա հանրապետության նախագահի մտահղացումն է` նրա նախընտրական խոստումներից մեկը, որ կյանքի պիտի կոչվեր դեռ 2008 թվականից. նախագահը վանաձորցիներին խոստացել էր, որ ոչ աղետի հետևանքով անօթևան մնացածների համար բնակարաններ կկառուցվեն: Իսկ մինչ օրս չէին կառուցվում, քաղաքապետ Սամվել Դարբինյանի ասելով, ֆինանսական ծանր պայմանների պատճառով: Վերջապես` դարձյալ նախընտրական շրջանում, համայնքային բյուջեից հատկացված 120 մլն դրամով Վանաձորի Տարոն 2 թաղամասում երկու անավարտ շենք վերակառուցվեց: Ավելի ճիշտ` դրանք ոչ թե վերակառուցվել են, այլ 3 պատրաստի բետոնե հարկերին 1 տուֆե հարկ է ավելացվել. ստացվում է` 120 մլն դրամը երկու հարկի և կոմունիկացիոն ցանցերի վրա է ծախսվել: Բնակարաններն էլ 1 և 2 սենյականոց են. «3, 4 սենյականոց բնակարաններ չունենք: Սա զուտ կարիքավորներին ապահովելու ծրագիր է, բարելավման ծրագիր չէ»-նշեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Նոր բնակարան ստացած ընտանիքները տնակային ավանի բնակիչներ են. «Հիմնականում հաշվի են առնվել տնակներում ամեաերկար ապրող ընտանիքները»,-ընտրության սկզբունքը բացատրեց քաղաքապետը: Նրա խոսքով` հիմնական շահառուները այն անօթևաններն են, որոնց քաղաքապետարանը, ժամանակին տնակներից հանելով, տեղավորել է հանրակացարաններում և վարձակալվող բնակարաններում: Քաղաքապետը հատուկ ընդգծեց, որ ամեն ինչ «օրենքի սահմաններում է արվել». բնակիչների հետ նախ պայմանագիր է կնքվել, նոր միայն տնակները հանվել են թաղամասից, որպեսզի նրանց ապահովեն բնակարաններով: Այնինչ, «ոչ օրենքի սահմաններում» մինչ տնակները նշված թաղամասից հանելը, քաղաքապետն ավագանու որոշմամբ արդեն նախօրոք օտարել էր տնակների հողատարածքները: Բնակարանային հանձնաժողովի անդամ Գրիշա Պառավյանի խոսքով` բնակարանները առայժմ տրվում են վարձակալական կարգով: Բնակիչների հետ դեռ պայմանագրեր չեն կնքվել: Նրա փոխանցմամբ` բնակարանի սեփականության իրավունքը բնակչին կհանձնվի այն բանից հետո, երբ բնակարանում ավարտված կլինեն վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքները: Դրա համար բնակչին տրվում է 6 ամիս ժամանակ: Գրիշա Պառավյանի փոխանցմամբ` բնակարանի վերանորոգումը «պարտադիր պայման» է տան սեփականատեր դառնալու համար: Սեփականության իրավունքն էլ տրվում է բնակարանը 5 տարի չվաճառելու պայմանով: Սակայն նշված ժամկետում բնակարանի վերանորոգումը չավարտելու դեպքում, ըստ Գրիշա Պառավյանի «կվերանայվի բնակարանի հատկացման նպատակահարմարությունը»: Բայց ինչպես պարզվեց, բնակիչները տեղյակ չէին այս պայմանից: Օրինակ Մարինե Զուրաբյանը գիտեր, որ նոր ստացած բնակարանում վերանորոգման աշխատանքներ են արվելու. «Միայն դուռ ու պատուհան է դրված, և պատերն ա բաժանած: Կոյուղագիծը կա շենքում, բայց ամեն բնակիչ իրա բնակարանում պետք ա քաշի: Պատերից, հատակից հետ պետք ա սարքենք. ով ինչ հնարավորություն ունի: Մեկը ես հնարավորություններ չունեմ մեծ աշխատանքներ կատարելու. պատերը թեթև կգաջեմ, մի թեթև կսպիտակացնեմ, գետինը առայժմ լինոլյում կանեմ»,-ասաց Մարինեն: Բայց նա տեղյակ չէր, որ այդ աշխատանքները չկատարելու դեպքում սեփականության իրավունք չի ստանա, ավելին` «կվերանայեն բնակարանը հատկացնելու նպատակահարմարությունը»: «Դա հնարավոր չի` հետ վերցնեն: Առաջին անգամ եմ լսում: Բնակարանը մեզ ա պատկանում: Մի ամսվա ընթացքում մեր սեփականության վկայականը, օրդերը` մեր բնակարանների համարներով հաստատված, բանալիները կտան»,-ասաց Մարինե Զուրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter