Փորձագետը խորհուրդ է տալիս հրաժարվել մշակաբույսերի աճեցումից եւ վայրի հատապտուղներ հավաքելուց
էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը 2010 թ. Ալավերդիում եւ Ախթալա քաղաքի հարեւան Նեղոց եւ Քարկոփ համայնքներում իրականացրել է «ՀՀ գյուղմթերքների ծանր մետաղներով աղտոտման ռիսկի գնահատում» ծրագիրը: Հետազոտությամբ Ալավերդիում, Նեղոց եւ Քարկոփ գյուղերի հողերում,
դրանցում աճեցված մշակաբույսերում եւ անտառային հատապտուղներում հայտնաբերվել են ծանր մետաղների, այդ թվում նաեւ առաջնային տոքսիկական տարրերի` սնդիկի, կադմիումի եւ արսենի գերբարձր պարունակություններ, որոնք քաղցկեղածին են եւ մեծ վտանգ են ներկայացնում բնակչության առողջության համար:
Հետազոտված 7 ծանր մետաղներից (պղինձ, ցինկ, կապար, նիկել, արսեն (մկնդեղ), սնդիկ, կադմիում) 6-ը հայտնաբերվել են հողերի բոլոր նմուշներում, իսկ սնդիկ հայտնաբերվել է միայն Ալավերդիից նմուշարկված հողերում: Ալավերդիից նմուշարկված հողերում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) գերազանցել են կապարը, պղինձը, ցինկը եւ արսենը: Քարկոփից նմուշարկված հողերում ՍԹԿ-ները գերազանցել են արսենի, կապարի եւ պղնձի պարունակությունները, իսկ Նեղոց գյուղից նմուշարկված հողերում ՍԹԿ-ները գերազանցել են արսենը, կապարը, ցինկը եւ պղինձը: Սնդիկի մեծ կոնցենտրացիա է հայտնաբերվել Քարկոփ համայնքից նմուշարկված մշակաբույսերի մեջ: Այստեղ նմուշարկված սեւ թզի մեջ սնդիկի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցել է 11,6 անգամ, եգիպտացորենի մեջ` 9,9 անգամ, ազնվամորու մեջ` 5,5 անգամ եւ սպիտակ թզի մեջ` 2,6 անգամ:
Նեղոց գյուղից նմուշարկված ազնվամորու հետազոտության արդյունքներով` կադմիումի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցել է 131,9 անգամ, նիկելը` 36,8 անգամ, ցինկը` 35,8 անգամ, համեմի մեջ սնդիկը ՍԹԿ-ն գերազանցել է 6,8 անգամ, լոբու մեջ` 7,5 անգամ: Ալավերդիում մշակված նեխուրի մեջ արսենի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցել է 24,9 անգամ, ցինկը` 5,9 անգամ: Ծանր մետաղների` թույլատրելի սահմանների գերազանցումներ են արձագրվել նաեւ նմուշարկված մյուս մշակաբույսերի մեջ: «Այս տոքսիկ տարրերի 70%-ը մարդու օրգանիզմ է անցնում սննդի միջոցով, այդ պատճառով էլ մենք շեշտը դրել ենք այս հողերում աճեցված գյուղմթերքների հետազոտության վրա»,- Ալավերդու Օրհուս կենտրոնում փետրվարի 18-ին ծրագրի ամփոփիչ շնորհանդեսի ժամանակ ասաց ծրագրի ղեկավար, էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի լաբորատորիայի ղեկավար Լիլիթ Սահակյանը:
Ըստ նրա` հետազոտման համար առաջինը նմուշարկվել է Ալավերդին: Քանի որ Դեբեդի հովտում գյուղատնտեսական մեծ հանդակներ չկան, նմուշարկումը կատարվել է տնամերձերից: Ախթալայում նմուշարկումներ չեն կատարվել, քանի որ ախթալացիները ծրագիրն իրականացնողներին տեղեկացրել են, որ Ախթալայում գյուղմշակության հողերը Դեբեդի ջրով չեն ոռոգվում: Ծրագրում շեշտը դրված է եղել Դեբեդ գետի ջրով ոռոգվող հողահանդակների ուսումնասիրման վրա, դրա համար էլ ուսումնասիրող խումբը մեկնել է Քարկոփ, որտեղ նմուշարկվել է 2 մոդելային տարածք: Քարկոփում բնակչությունը խմում եւ օգտագործում է անձնական ջրհորների ջուրը, որն անալիզի չի ենթարկվում: Այստեղ 44 ջրհոր կա: Բնակիչներից մեկի խնդրանքով հետազոտություն իրականացնող խումբը նմուշարկել եւ ոսումնասիրել է մեկ ջրհորի ջուր:
«Հետազոտման պահին Դեբեդից նմուշարկված ջրում մենք փորձեցինք թթվահիմնային միջավայրը գնահատել: Դրանք ՀՀ-ում հաստատված քաղցրահամ ջրերի համար սահմանված նորմաների մեջ էին` դեպի չեզոք: Մեր հետազոտության պահին Դեբեդի ջրերում մետաղները չէին գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Չէին գերազանցում նաեւ ջրհորի ջրում, ինչը մեզ շատ ուրախացրեց: Այդ ջրհորների ջուրը պետք է անպայման հետազոտվի, որովհետեւ մենք ընդամենը 7 տարր ենք հետազոտել, իսկ խմելու ջրի մեջ կա 160-ից ավելի ցուցանիշ»,- ասաց Լ. Սահակյանը:
Քննարկմանը չէր ներկայացել Քարկոփի համայնքապետը: Լ. Սահակյանը տեղեկացրեց, որ հողերի եւ մշակաբույսերի մեջ հայտնաբերված ծանր մետաղները կուտակվում են շրջակա միջավայրում եւ մարդու օրգանիզմում եւ քաղցկեղածին են, իսկ բնությունը դրանցից ազատվելու բնական մեխանիզմներ չունի, եւ դա անդառնալի հետեւանքներ է թողնում մարդու առողջության վրա:
Հետազոտողների եզրակացությամբ` Ալավերդի քաղաքում, Նեղոց եւ Քարկոփ համայնքներում աճեցվող գյուղմթերքը չի համապատասխանում ՀՀ-ում եւ արտերկրում գործող սննդամթերքի անվտանգության նորմերին: Մինչդեռ վտանգավոր գյուղմթերքը սպառվում է ոչ միայն այն մշակողի կողմից, այլեւ տեղափոխվում տեղական եւ հանրապետության այլ քաղաքների շուկաներ, ինչը վտանգավոր է բնակչության առողջության համար: Հաշվի առնելով Ալավերդի քաղաքի եւ Նեղոց գյուղի հողերի աղտոտվածության գերբարձր մակարդակը, ինչպես նաեւ գյուղմթերքներում առկա առաջնային տոքսիկական տարրերի գերպարունակությունները` ծրագիրն իրականացնողներն առաջարկում են ավելի մանրամասն հետազոտել ոչ միայն տնամերձ հողամասերում, այլեւ Ալավերդի քաղաքի շրջակայքի խոշոր գյուղատնտեսական հողահանդակներում աճեցվող գյուղմթերքների պարունակությունը: Ստեղծված իրավիճակում Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը հողերի բարելավման որոշ միջոցառումներ է առաջարկում: «Հողերի բարելավումը սեփական ուժերով հնարավոր է` 20-40 սմ հզորությամբ վերին հողաշերտը փոխարինելով առողջ հողաշերտով: Առավել հասանելի եւ էժան միջոց է հողի պարարտացումը գոմաղբով, թռչնաղբով եւ տորֆով»,- ասաց Լիլիթ Սահակյանը:
Մշակաբույսերի օգտագործման անգավորությունը նվազեցնելու համար նա առաջարկեց մրգի եւ բանջարեղենի պարտադիր լվացում հոսող ջրով: Խորհուրդ տվեց տեղական բանջարեղենը օգտագործել խաշած վիճակում, իսկ տեղական մրգերից չրեր պատրաստելուց` խուսափել: Հաշվի առնելով թունավոր տարրերի մեծ կուտակումները հատապտուղներում եւ մրգերի (ազնվամորի, թութ, թուզ) եւ համեմունքային կանաչիների մեջ (նեխուր, համեմ)` ծրագրի ղեկավարն առաջարկեց հրաժարվել այս մշակաբույսերի աճեցումից եւ Ալավերդի քաղաքի մոտակայքում վայրի հատապտուղներ հավաքելուց: Ծրագրի արդյունքների վերաբերյալ ալավերդցի բժիշկ Ռաֆիկ Ղազինյանն ասաց. «Երեխաներ ունենալիս ուրախանում ենք, որ երեխա ունեցանք: Էս հետազոտությունը մեզ ցույց տվեց, որ ամեն օր մենք մեր երեխաներին կերակրում ենք թույնով: Դեռ խորհրդային տարիներին ծանր մետաղների պարունակությունը մեր հողերում միջազգային նորման գերազանցում էր 30-40 անգամ»: Ռաֆիկ Ղազինյանն առաջարկեց «էկոլոգիան չդիտել թշնամություն հանքահումքային արտադրության սեփականատիրոջ նկատմամբ, այլ` թշնամություն երեխաների նկատմամբ»: Քննարկման մասնակիցներն իրենց մտահոգությունները հայտնեցին Թեղուտի հանքավայրի շահագործման հետեւանքով Թեղուտ, Շնող եւ շրջակա այլ համայնքների հողերին, ինչպես նաեւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխատարը Կոշաբեդ սարի գագաթը բարձրացնելուց հետո Օձունի եւ նրա ենթաշրջանների գյուղերի վարելահողերին սպառնացող վտանգի առնչությամբ:
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը համայնքապետերին առաջարկեց հողերը ծանր մետաղներից մաքրելու խնդրով դիմել Կառավարությանը: Ծրագրի ղեկավար Լիլիթ Սահակյանն էլ հայտնեց, որ ՀՀ Կառավարությունն գյուղմթերքների անվտանգության ուսումնասիրման հարցն արդեն հանձնարարել է իրենց կենտրոնին: «Մենք ենք զբաղվելու, որպեսզի հասկանանք, թե ինչ իրավիճակում ենք գտնվում ու կարո՞ղ ենք, արդյոք, այստեղից արտահանել ինչ-որ սննդամթերք»,- ասաց Լիլիթ Սահակյանը:
Մեկնաբանել