«Սարդարապատը» կոչ է անում մասնակցել մարտի 1-ի միջոցառումներին
2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազատ քաղաքացիները, Ազատության հրապարակում ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից բռնության ենթարկվելով, չընկրկեցին, այլ համախմբված կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացրին ի լուր աշխարհի։
Հայ ժողովրդից տարիների ընթացքում թալանածը պահպանելու և այն ավելացնելու անհագ մոլուցքը կուրացրել է իշխող վարչախմբի պարագլուխներին և նրանց կամակատարներին։
Հարստություն, իշխանություն, վայելքներ. սա է վարչախմբի բարոյականությունը և կյանքի նպատակը։ Այս արժեհամակարգն է, որ զանգվածային լրատվամիջոցներով շուրջօրյա քարոզում են մարդկանց։
Այդպիսինների դավանած «արժեքներին», «սրբություններին» և «բարոյականությանն» է դեմ հայ մարդը։ Դեմ է, որ մեր երկիրը դարձնեն կազինոների և հասարակաց տների երկիր, դեմ է, որ աշխատանք չլինելու պատճառով հայը կամ լքի հայրենիքը և դառնա գաղթական, կամ՝ սպասավոր և ծառա սեփական երկրում։
Եվ վերջապես, մարտի 1-ին Հայաստանի քաղաքացին ընդվզեց սեփական արժանապատվությունը ոտնահարող, ընտրությունները կեղծող, ժողովրդին կեղեքող իշխող վարչախմբի դեմ։
Կոչ ենք անում մեր համախոհներին և մեր հայրենակիցներին. 2011 թվականի մարտի 1-ին բոլորս համախմբված և միակամ մասնակցենք բոլոր այն միջոցառումներին, որոնք պետք է տեղի ունենան մեր հայրենիքում ի հարգանք մարտի 1-ի զոհերի հիշատակի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել