Գյուղատնտեսական տեխնիկան պարտադիր տեխնիկական զննություն չի անցնի
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը։ Իրավական ակտի նպատակն է վերացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու ինստիտուտը` գյուղացուն հնարավորություն ընձեռելով զերծ մնալ տվյալ գործընթացի համար լրացուցիչ ֆինանսական միջոցների վատնումից և ժամանակատար այլ աշխատանքների իրականացումից։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով` այս որոշումը ևս գոհունակությամբ կընդունվի գյուղերում։ Փաստորեն վերացվում է այն պարտավորությունը, որ գյուղացին ամեն տարի պետք է գյուղատնտեսական տեխնիկան ներկայացներ տեխզննության` ծախսելով միջոցներ, կրելով մի շարք անհարմարություններ։ Ավտոմեքենաների տեխզննության հարցը նույնպես համարելով վիճահարույց և կոռուպիոն ռիսկեր պարունակող, վարչապետը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հանձնարարել է ուսումնասիրել այն, հաշվի առնել այլ երկրների փորձը և իրավիճակը շտկելու առաջարկություն ներկայացնել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել