Կայուն բարելավման գործուն մեխանիզմների մասին
Մրցունակության և կանոնակարգիչ բարեփոխումների թեման է քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի, «Ջեյքոբս ընդ ասոշիեյթս» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Սքոթ Ջեյքոբսի հետ հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է «Ջեյքոբս ընդ Ասոշիեյթս» խորհրդատվական ընկերության բարձր վարկանիշն ու միջազգային հարուստ փորձը օրենսդրական կանոնակարգերի բարեփոխման ասպարեզում` ավելացնելով, որ ընկերության ծառայությունները կարող են օգտակար լինել մայրաքաղաքի կառավարման ոլորտում։
Խոսելով քաղաքային տնտեսության և գործարար հատվածի միջև համագործակցության արդյունավետ մոդելի ձևավորման շուրջ, Կարեն Կարապետյանը նշել է, որ այսօր քաղաքապետարանի աշխատակազմի թիվ մեկ խնդիրը բիզնես միջավայրի համար բարենպաստ պայմանների ապահովումն է ու ներդրումների ներգրավումը:
Այդ դաշտում ընթացակարգերը պարզեցնելու և կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար քաղաքապետը կարևոր է համարել իրավական ակտերի ու կանոնակարգերի բարեփոխման անհրաժեշտությունը` ակնկալելով ընկերության խորհրդատվական աջակցությունը։
«Ջեյքոբս ընդ ասոշիեյթս» –ի գործադիր տնօրենը քաղաքապետին համառոտ ներկայացրել է ընկերության աշխատանքի փորձը գոյություն ունեցող կանոնակարգերի մաքրման, ներդրումների տեսանկյունից բարենպաստ նոր կանոնակարգերի ստեղծման գործընթացի հստակեցման ու որակի վերահսկման ուղղությամբ:
Նրա խոսքով, ընկերության կողմից մշակված Կանոնակարգման ազդեցության գնահատում (ԿԱԳ) և կանոնակարգիչ գիլյոտին ծրագրերը բարեփոխումների ժամանակակից գործիքներ են։ Որպես կայուն բարելավման գործուն մեխանիզմներ, հաջողությամբ ներդրվել են մի շարք երկրներում և էական ազդեցություն են ունեցել բիզնես միջավայրի զարգացման վրա:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու և առաջարկությունների առաջին փաթեթը ներկայացնելու վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել