HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆեյսբուքը» դարձել է անանուն կենդանիների ձայնը

Գայանե Թորոսյան Այս քոթոթն անուն չունի։ 2010 թ. սեպտեմբերի վերջին Երեւանի բակերից մեկում երեխաները նրան պարանով կապկպել էին ու վրան ջուր լցրել։ Փոքրիկն այդ տանջանքին չէր դիմացել, բայց նրա պատկերը դեռ մնացել է 27-ամյա Օվսաննա Հովսեփյանի ստեղծած ինտերնետային կայքում, որի միջոցով կամավորականների մի խումբ փորձում է լուծել անտուն կենդանիների խնդիրը։ Նյու Յորքի նահանգի Աստորիա քաղաքի 25-ամյա բնակիչ Անի Ոսկանյանն իր Ֆեյսբուքի էջում դիմանկարի փոխարեն տեղադրել է փոքրիկի նկարը` ասես որպես «մխիթարանք, կամ ավելի շուտ՝ կատարվածի հետ հաշտվելու փորձ»: «Հաշտվելն իրականում անհնար է,» գրում է Ոսկանյանն իր մեկնաբանություններից մեկում, «Ես խղճում եմ այդ երեխաներին ու նրանց ծնողներին։ Նրանք խավարի մեջ են։ Գուցե քոթոթի համար փրկություն էր այդ միջավայրից հոգին ազատելը... Ես դա, իհարկե, ցավով եմ ասում, քանի որ դաժանութունը պետք է պատժվի»: Հայաստանում Ֆեյսբուքի եւ նման հասարակական ցանցերի տարածման հետ զարգանում է նաեւ ինտերնետի կիրառումը բարեգործական նպատակներով, ինչպես, օրինակ, անտուն կենդանիների որոնման, փրկության, եւ հուսալի տներում ապաստանման համար։ Փրկված կենդանիներից շատերին անհրաժեշտ է լինում անասնաբուժական օգնություն, որի համար կամավորականները դրամահավաքներ են կազմակերպում, հաճախ դիմելով Հայաստանում կենդանիերի համար գործող միակ բարեգործական օթեւանի տնօրեն Նունե Մեհրաբյանի օգնությանը։ Եթե այսպես շարունակվի, ապա կամավորականներին գուցե հաջողվի Երեւանի ու շրջանների բնակիչների տներում տեղավորել անտուն շների ու կատուների զգալի մասին։ Միեւնույն ժամանակ նրանք մարդասիրության օրինակ են ծառայում նրանց համար, ովքեր հետեւում են կենդանիների փրկության հետ կապված հաճախ դրամատիկ դեպքերի զարգացմանը Ֆեյսբուքի «իրական ժամանակում»: ԱՄՆ Նյու Յորք նահանգի պետական համալսարանի Օնեոնտայի մասնաճյուղի հասարակագիտության ամբիոնի դասախոս Բրայան Լոուն պնդում է, որ «նույնիսկ անանուն զոհերի տառապանքին ականատես լինելն առաջացնում է շտապ օգնության հասնելու խիստ ցանկություն»: Լոուն իր Բարոյական բառարանների ծնունդը խորագրով գրքում գրում է համեմատաբար նորերս առաջացած բարոյական ու էթիկական նորմերի ու աշխարհայացքի արմատավորման մասին։ Երեւանցի Օվսաննա Հովսեփյանի եւ նրա շուրջ հավաքված կամավորականների ուժերով Ֆեյսբուքում ստեղծվել է լուսանկարների մի պատկերասրահ, որը փաստացի նկարագրում է փողոցներում կամ նկուղներում ծնված քոթոքների ու փիսիկների անասելի տառապանքները։ Շատերին տերերն առանց պատճառի տնից դուրս են շպրտում, թողնելով որ այդ ձագերն օր ու գիշեր կաղկանձեն ու մլավեն, ասես չհասկանալով, թե ինչում է իրենց մեղքը։ Իրականում ոչ մի մեղք էլ չկա, պարզապես՝ շատ են... Միացյալ Նահանգներւմ, օրինակ, անտուն մնացած կենդանիների գրեթե մեծամասությանը ստիպված են լինում քնեցնել, ասում է Լոուն։ Միայն մի մասին է տներում հայտնվելու բախտ վիճակվում, բայց այդ երջանիկ փոքրամասնությանը տերերն անսահման սիրով ու հոգատարությամբ են խնամում, հրամցնելով որակյալ հավի, տավարի կամ ձկան կերակրատեսակներ։ Հայաստանի շները հաճախ բավարարվում են հացի մնացորդներից ու ձավարեղենից պատրաստած կերակուրներով։ Կամավորականներն այդ նպատակով երբեմն հացահավաք են կազմակերպում՝ Ինտերնետի միջոցով։ «Նրանց շատ բան պետք չէ. մի քիչ բրինձ կամ ձավար.... ամեն ինչ պետք կգա,» գրում է նման հավաքների նախաձեռնող Հովսեփյանը։ Վերջերս խմբի նախաձեռնությամբ կամավորականներն օգնեցին մի փոքրիկ կաղ շնիկի, որի վրա անհայտ մի անձ արձակել էր իր մարտական պիտբուլին հենց այն ընթացքում, երբ փրկարարները ճամփա էին ընկած՝ նրան որդեգրողի տուն բերելու։ Անհավասար «մարտից» հետո շնիկին քննող անասնաբուժն ասում էր, որ բացի ներքին արնահոսությունից, կենդանին տառապում էր նաեւ մինչեւ ստամոքսը հասնող թոքերի իջեցումից ու կոկորդի պատռվածքներից։ Ճգնաժամն անցնելուն պես բժիշկը խոստացել էր վիրահատել նաեւ վիրավոր թաթը, որպեսզի շնիկն այլեւս չկաղար։ Թեեւ նրա առողջական վիճակը դեռ մազից էր կախված, բայց գտնվեց մի բարի անձ, որը մշտական տուն ու գեղեցիկ անուն տվեց նախկինում անանուն այդ էակին։ Սակայն միշտ չէ, որ բարի մարդիկ հասցնում են օգնության գալ տառապյալ կենդանիներին, որոնք խախուտ ապաստան են գտնում շենքերի մուտքերում կամ աղբակույտերի կողքին։ Այս խոշորաթաթ դարչնագույն քոթոթի դեպի վեր՝ 25-ամյա Վլադ Պետրոսովի լուսանկարչական ապարատին ուղղված հայացքում անսահման հույս ու աղերս կա։ Պետրոսովն այս շնիկին գտել էր Երկրորդ Մասիվի ՄԳ հանրախանութի մոտակայքում, իսկ փետրվարի 7-ին Օվսաննա Հովսեփյանը Ֆեյսբուքում նրա լուսանկարի տակ գրել էր. «Այս ձագուկը շատ դժվար է դիմանում սառնամանիքին, հատկապես գիշերները։ Ինձ խնդրել է, որ իր համար տուն գտնեմ։ Գուցե իր բախտն էլ բերի, ինքն էլ ունենա ապրելու տեղ ու օրական մի աման տաք ճաշ։ Ախր ուզածն այնքան էլ մեծ բան չի, չէ ՞։» Նույն օրն այդ շանը տեսել էին Հայկի արձանի մոտակայքում, որն անվտանգ տեղ չէ թափառող կենդանու համար, իսկ ավելի ուշ՝ թուլացած, հազիվ ոտքի վրա կանգնելով, հնարավոր է՝ վիրավոր վիճակում, փողոցով դեպի քաղաք իջնելիս։ Պետրոսովն այդ օրը շնիկին շատ փնտրեց, բայց չգտավ։ Ֆեյսբուքի միջոցով որոնումներին միացած 36-ամյա Աննա Ժամքարյանն իր համակարգչի կողքից չեր հեռանում ամբողջ օրը, մինչեւ ինքն էլ դուրս չեկավ Մասիվի փողոցները խուզարկելու։ Վիրտուալ խմբի որոշ անդամների կարծիքով, շնիկին հավանաբար ինչ-որ մեկը խղճացել ու ապաստան էր տվել։ Ոմանք, սակայն, ավելի թերահավատ էին. «Չեմ կարծում որ նրան փրկած լինեն.... Սա հայկական իրողությունն է։ Ստիպված ենք սպասել մինչեւ Վլադից որեւէ լուր ստանանք», գրել էր Ժամքարյանը։ Լուրն այպես էլ չեկավ։ Վերջերս անցկացված հարցման տվյալներով, բնակչության 60 տոկոսը դեմ է թափառական կենդանիների փրկության գաղափարին, նրանց համարելով մարդկանց առողջության եւ անվտանգութան դեմ սպառնալիք։ Բնազդին ենթարկվելով, շներն, իրոք, ոհմակ են կազմում, ու երբեմն հարձակվում անցորդների վրա։ Սակայն եթե ամեն կենդանի տեր ու անասնաբուժ ունենար, վայրագության կամ վարակի մասին մտահոգվելու կարիք էլ չեր լինի։ Չհաշված, իհարկե, ցեղական մարտական շներին, որոնց տերերը վերածում են անմեղ զոհերի դեմ անգիտակից զենքի։ Օվսաննա Հովսեփյանի ասելով, վերջին չորս տարում Ունիգրաֆ-Х ընկերությունը պետությունից ստացել է տարեկան 180 միլիոն դրամ՝ Հայաստանի բոլոր շրջաններում անտուն շների հավաքման, բուժման ու ստերջացման համար։ Թեեւ ընկերությունն իր Ինտերնետային կայքում «հետադարձ կապի» կոճակ ունի, նրա անձայն հիմնախնդրի լույսի (թե ՞ խավարի) ներքո նման կապից խուսափելն այնքան էլ զարմանալի չէ։ Անբուժելի կամ կատաղի շներին Ունիգրաֆ-Х-ի աշխատակիցներն, իրենց ասելով, «չեզօքացնում» են քաղաքից դուրս գտնվող հատուկ տարածքում, կենդանասերների աչքից ու ականջից հեռու։ Անհավասար շնամարտերի սիրահարների համար, սակայն, անհանգստանալու պատճառ չկա։ Նրանց քնած խիղճն ու մրափող օրենքն առայժմ ահազանգելու միտք էլ չունեն։ Ու քանի դեռ հասարակական կարծիքը շարունակում է մեղադրել դարերով ընտելացված, իսկ հետո հանկարծ ծեծված ու փողոց շպրտված «մարդու բարեկամներին», այն սպիտակ անանուն փոքրիկին տանջամահ արած պատանիներին ոչ մի խղճի խայթ առայժմ չի սպառնում։ Այս կենդանիներին շտապ անհրաժեշտ են նոր տերեր (կայքի մուտքը Ֆեյսբուքից). http://www.facebook.com/profile.php?id=24006767#!/album.php?aid=173414&id=586473243 Հայաստանում կենդանիների միակ օթեւանի հասցեն. http://www.savetheanimals.am/ Նվիրատվություն կարող եք կատարել այդ բարեգործական կազմակերպության բանկային հաշվին.ARDSHININVESTBANK 247010070156 (ՀՀ դրամով), կամ՝ 247010070156/0001 (ԱՄՆ դոլարով)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter