Կաշառակերության և շորթման դեպքեր Լոռիում
Այն, որ հաշմանդամության կարգ սահմանելու և թոշակավորման գործընթացներում կոռուպցիոն մեծ ռիսկ կա, չի ժխտում նաև Լոռու մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանը: Դատախազի խոսքով` դեռևս 2010 թվականի վերջերին բնակիչներից ահազանգեր էին ստացվում բժշկական կոնսուլտատիվ հանձնաժողովների կողմից չարաշահումների վերաբերյալ:
Այն բանից հետո, երբ դատախազի խոսքով, ոստիկանությունը բացատրական աշխատանք տարավ բնակչության շրջանում, հայտնվեցին մարդիկ, որոնց միջոցով Լոռիում բացահայտվեց հանցագործության երկու դեպք: Հարուցված են քրեական գործեր:
Դրանցից մեկը թոշակառուի թոշակը յուրացնելու փաստի առթիվ է: Վանաձոր քաղաքի թիվ 16 փոստային բաժանմունքի պետ Շողիկ Վարդումյանը, 2006-2010 թթ. կենսաթոշակների վճարման փաստաթղթերում կեղծելով թոշակառու Ռոզա Խումարյանի ստորագրությունը, վերջինիս անվամբ ստացել է 839 հազար դրամ: Այդ գումարից 107 հազար դրամը Շողիկ Վարդումյանը մի անձի միջոցով ուղարկել է հանրապետությունից բացակայող Ռոզա Խումարյանին, իսկ մնացած 732 հազար դրամը յուրացնելու եղանակով հափշտակել: Տեսնելով, որ իր գումարներն այլևս չեն փոխանցվում, Ռոզա Խումարյանը դիմել է իրավապահներին:
Լոռու մարզի գլխավոր դատախազի փոխանցմամբ` նշված գործի վարույթում Ռոզա Խումարյանի բողոքից բացի կան նաև ուրիշ բողոքներ:
Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Արմինե Ասոյանն էլ հաղորդում է ներկայացրել իրենից կաշառք պահանջելու մասին: Պարզվել է` 2011 թ. փետրվարի սկզբին Արմինե Ասոյանը հաշմանդամության կարգ ձեռք բերելու նպատակով դիմել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի բժիշկ-նյարդաբան, նույն ընկերության բժշկական կոնսուլտատիվ հանձնաժողովի նախագահ Ֆիլոմենա Մոսոյանին:
Վերջինս կաշառք ստանալու պայմանով խոստացել է իր ծանոթ, Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանից ստանալ անհրաժեշտ բժշկական փաստաթուղթը և սկսել թոշակավորման գործընթացը: Արմինե Ասոյանից կաշառք տալու համաձայնություն ստանալով` նրան ուղարկել է Գայանե Գասպարյանի մոտ: Վերջինս էլ, առանց ստացիոնար հետազոտման, 20 հազար դրամ կաշառքի դիմաց Արմինե Ասոյանին է տրամադրել 2-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով և նմանատիպ այլ հիվանդություններով տառապելու մասին կեղծ էպիկրիզ, որը Արմինե Ասոյանը 35 հազար դրամ կաշառքի հետ ներկայացրել է Գայանե Գասպարյանին:
Բժիշկները ձերբակալված են:
Լոռու մարզի գլխավոր դատախազն անդրադարձավ նաեւ այս դեպքի հետ կապված մամուլի հրապարակումներից մեկին, ըստ որի` բժիշկները ձերբակալվել են ընդամենը 50 հազար դրամի պատճառով: Դատախազի խոսքերով` նախ` նշված գումարի չափով կաշառք է վերցվել յուրաքանչյուր քաղաքացուց, երկրորդ` 50 հազար դրամը թոշակավորվող քաղաքացու համար փոքր գումար չէ:
«Եթե ամեն մարդու համար սահմանված գործարքային գինը լիներ, ասենք, 10 հազար դոլար, կվերցնեին 10 հազար դոլար: Դա է նրանց գործարքի գումարը»,- ասում է դատախազը:
Վերջինս համոզված է, որ քրեական գործի հարուցումը և կաշառքի փաստի արձանագրումը մեծ պրոֆիլակտիկ նշանակություն կունենա մյուս կոնսուլտատիվ հանձնաժողովների աշխատակիցների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել