
«Գլենդել Հիլզը» դատի է տվել «Ժամանակ» օրաթերթին: Ընկերությունը պահանջում է հերքել 2010 թվականին օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» լուրը, որտեղ օրաթերթը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրներին, պատմում է չկայացած գործարքի մասին:
««Գլենդել Հիլզ» կազմակերպության Գյումրիի ներկայացուցիչները Գյումրիում իրենց կառուցած Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի ինքնափլուզումից հետո փորձել են ամեն գնով համոզել բնակիչներին որ նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին: Մեր աղբյուրը, որ չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, թե բնակիչներին « Գլենդել Հիլզն» առձեռն առաջարկել է 1000 դոլար գումար, ինչպես նաև խոստացել է արագ վերանորոգել բնակարանը, միայն թե թեման չհայտվի ԶԼՄ-ներում, իսկ հակառակ դեպքում սպառնացել, որ չի վերանորոգի բնակարանը: Տուժած բնակիչները հրաժարվել են «Գլենդել Հիլզի» հետ ստվերային գործարքից»,- գրել է թերթը:
«Գլենդել Հիլզը» սա զրպարտություն է որակում ու պահանջում հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները և փոխհատուցել պատճառված վնասը:
«Հետքի» հարցին, թե որքան փոխհատուցում են պահանջում, ընկերության ներկայացուցիչ Արթուր Միքայելյանը պատասխանեց, որ գումարային պահանջը հետագայում են ներկայացնելու. «Գումարի չափսը դեռ չենք ներկայացրել»:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ նախնական դատական նիստը: Սակայն «Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ Արսեն Մեսրոպյանը միջնորդեց հետաձգել այն` հիմնավորելով, որ ինքն ընդամենը երեկ է ներգրավվել որպես պաշտպան և դեռ չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին, ավելին` ժամը 12:00-ին մասնակցելու է արդեն նախօորոք նշանակված մեկ այլ դատական նիստի:
Դատավոր Ա. Սուքոյանը 10 օր ժամանակ տրամադրեց փաստաբանին գործի նյութերին ծանոթանալու համար` հիշեցնելով, որ գործը սեպտեմբերից դատարանի վարույթում է և մշտապես ձգձգվում է պատասխանող կողմի պատճառով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել