
Երեկ «Օջախ» ռեստորանային համալիրում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կազմակերպված խնջույքից նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Խնջույքին ներկա մեր աղբյուրների փոխանցմամբ` բավականին դիպուկ ելույթ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը: Դիմելով կոալիցիոն կուսակցություններին` նա ասել է, թե բազում փորձություններ են անցել միասին, որոնցից վերջինին կարողացել են պատվով դիմակայել, եւ եթե նման որոշում չկայացվեր` շատ ծանր կլիներ խնջույքին ներկա գտնվողներից շատերի վիճակը. «նրանք այստեղ չէին լինի»:
Նախագահի խոսքից հետո տխուր է եղել հատկապես Գագիկ Ծառուկյանը: Նա ողջույնի խոսքով կամ կենացով հանդես չի եկել: ԲՀԿ-ի նախագահը նույնիսկ չի պարել քաղաքական այրերի հետ եւ նստած տեղից դուրս չի եկել:
Պարզաբանման համար դիմեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին: Նա ասաց, թե արձակուրդում է եւ որեւէ մեկնաբանություն չի կարող տալ:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ թեեւ ինքը մոտ 2 ժամ ուշացումով է հասել խնջույքին, սակայն նախագահի խոսքի ընդհանուր տրամաբանության մեջ նման արտահայտություն չի եղել:
«Դուք ինչ-որ լուրեր եք լսել, մեկը մյուսից փոխանցված, անհեթեթ մտքեր եք տրամադրում, որ ես հաստատեմ` եղե՞լ է, թե՞ չի եղել: Մենք հանդիպել ենք, շատ բարի ձեւով, ինչպես հայերը հայերի հետ են հանդիպում, այնպես որ, որոնել, գտնել քաղաքական փոս կամ ծուխ, կարծում եմ` տեղին չէ»,- ասաց Գալուստ Սահակյանը: Ըստ խմբակցության ղեկավարի` Սերժ Սարգսյանն իր խոսքում միասին լինելու, պայքարելու մասին է խոսել եւ քաղաքական հայտարարություններ չի արել:
Այն, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ խոսքով հանդես չի եկել, Գալուստ Սահակյանը արտառոց չի համարում. «Որեւէ մեկը որեւէ մեկից նեղացած չէր, եւ այնպես չէր, որ հասարակությունը հավաքվել էր, ամբիոն էր դրված եւ ինչ-որ քաղաքական անալիզներ են արվել: Նախ` ես 2 ժամ ուշացումով եմ գնացել, չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում: Համենայնդեպս, այստեղ չեմ տեսնում որեւէ բան, որ կարելի է վերլուծել, ինչ-որ բաներ գտնել, նորից ճեղքեր որոնել: Դա շատ սովորական, հանգիստ խնջույք էր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել