Առաջարկում են Արցախի հարցում մշակել նոր հայեցակարգ
Այսօր քաղաքացիական ազգային նախաձեռնությունը «Արցախի թագավորությունից մինչեւ Հանրապետություն» թեմայով սեմինար-քննարկում էր կազմակերպել: Քաղաքագիտության մագիստրոս Ստեփան Հասան-Ջալալյանը խոսեց Արցախում պետականության ձեւավորման եւ զարգացման մասին, որի ընթացքում ցուցադրվեց նաեւ հատվածներ Արցախի վերաբերյալ իր նկարած ֆիլմից:
«Հարությունյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, Երեւանի պետական համալսարանի ասպիրանտ, Վաշինգտոն իրավաբանական քոլեջի մագիստրոս Լեւոն Գեւորգյանը խոսեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության հռչակագրի օրինակության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության ազդեցությունն ինքնորոշման իրավունքի վրա, եւ թե ինչ է առաջարկում դատարանի եզրակացությունը Արցախյան հիմնահարցի կարգավորման տեսանկյունից: Նրա խոսքերով` դատարանը խիստ սահմանափակ մոտեցում է ցուցաբերում եւ թաքնված կերպով որոշակի լուծումներ է տալիս:
Լեւոն Գեւորգյանն ասում է, որ դատարանն իր եզրակացությունների մեջ օգտագործում է Կոսովոյի ժողովուրդ եզրույթը, իսկ ՄԱԿ-ի կանոնադրությունը ժողովուրդ ասելով հասկանում է պետության ազգաբնակչությունը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա այդ սկզբունքը գործում է ուժի գործադրման համատեքստում: Միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը խոսեց Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում գործող հիմնական հայեցակարգերի վերաբերյալ: Նրա խոսքերով` Հայաստանը ղեկավարվում է ԵԱՀԿ-ում ընդունված հայեցակարգով եւ ճանաչում է Ադրբեջանը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված հայեցակարգին, ապա այն մի կողմից հնարավորություն է տալիս պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ` իրականցնել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
«Այս բանաձեւն անտեսում է այն քաղաքական իրավիճակը, որը ձեւավորվել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում, քանի որ որեւէ մեկի կողմից դրա ստորագրումը կհակասի տվյալ երկրի սահմանադրությանը, այն կիրականացվի ի հակառակ գոյություն ունեցող իրավական ակտերի»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքերով` բոլոր հայեցակարգերի հիմնական թերությունն այն է, որ ի սկզբանե անտեսված է մարդու իրավունքների սկզբունքը, այն մղված է երկրորդ պլան: Նրա կարծիքով` ԼՂ-ն կարող է մեծ դերակատարություն ունենալ խաղաղ գործընթացը փոխելու հարցում:
«Եթե Արցախը լուռ սպասի մինչեւ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեն որեւէ փաստաթուղթ, այդ դեպքում իրադարձությունը կարող է դառնալ անշրջադարձելի եւ ԼՂ-ի լռությունը դիտվել որպես համաձայնություն»,- ասաց նա:
Անդրեաս Ղուկասյանի խոսքերով` այս սկզբունքների ընդունումը տարածաշջանում կարող է բերել մի նոր քաղաքական իրադրության, երբ քաղաքական էլիտաները հակասության մեջ կմտնեն իրենց հասարակության հետ: Նա կարծում է, որ մեզանում Ղարաբաղի հարցում նոր հայեցակարգի կարիք կա:
Մեկնաբանել