
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությանը տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին հայցն ընդդեմ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, այսօր լսվեց Վարչական դատարանի Գյումրիի նստավայրում` Էդիկ Նահապետյանի նախագահությամբ:
Հայցադիմումի պատճառը «Հետք» շաբաթաթերթում գյումրեցի ազդեցիկ տոհմերից մեկի` Դրամփյանների պատմությունը լիարժեք ներկայացնելու առնչությամբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ուղղված գրավոր հարցաշարին չպատասխանելն էր: Անդրադառնալով այս տոհմին` չի շրջանցվել նաեւ նրանց ժառանգ Իրինա Աբաջյանի եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ երկարատեւ դատական վեճը:
Այս առիթով «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Գյումրու քաղաքապետին 2010թ-ի հուլիսի 6-ին տեղեկատվություն ստանալու 8 հարցից բաղկացած գրություն էր ուղարկել: Հուլիսի 9-ին քաղաքապետարանի Ընդհանուր բաժնում հարցումը մուտք էր արվել, հետագայում պատասխանի համար մակագրվել Իրավաբանական բաժին:
2010թ-ի Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարանը (նստավայրը` Գյումրի, նախագահությամբ Էդ. Նահապետյանի) ադեն իսկ վարույթ էր ընդունել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Մոտ երկու շաբաթ անց` հարցումն ուղարկելուց հինգ ամիս անց, քաղաքապետարանից ստացվել է մի պատասխան:

Այսօր կայացած դատական նիստին մասնակցում էր ոչ թե քաղաքապետարանի իրավաբանական բաժնի ղեկավար Արա Սարգսյանն, ով դեռ 2010թ-ի հուլիսին պիտի պատասխաներ հարցումներին, այլ նույն բաժնի աշխատակից Կարեն Եղիազարյանը:
Լսելով հայցը` վերջինս պնդեց, որ չեն ընդունում այն, իսկ հայցվոր կողմն էլ հայտարարեց, որ հայցապահանջը պնդում է ամբողջովին:
«Խախտվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթները,- նշեց հայցվոր կողմի ներկայացուցիչը,- եւ մինչ օրս չի տրամադրվել պահանջվող ամբողջ տեղեկատվությունը»:
Դատավոր Էդիկ Նահապետյանը փորձեց ճշտել հայցվոր կողմից` արդյոք այդքան անհրաժե՞շտ էր, ասենք, քաղաքապետ Վարդան Ղուկասյանից ճշտել, թե ում է պատկանում Աբովյան փողոցի թիվ 262 շենքը եւ արդյոք քաղաքապետն իրավասո՞ւ էր իմանալ, թե երբ, ում եւ ինչ նպատակներով է վաճառվել այն:
Հայցվոր կողմը ստիպված էր բացատրել, որ ցանկացած տեղեկատվություն լրագրողը պիտի ճշտի մի քանի աղբյուրներից: Իսկ որ քաղաքապետը ոչ միայն կարող էր եւ տեղյակ պիտի լիներ, թե ում է օտարվել այդքան կարեւորագույն մի շինություն, որ գտնվում է «Կումայրի» արգելոցի հաշվեկշռում եւ կադաստրային արժեքն էլ անցնում է 53 մլն դրամը, այլ պարտավոր էր: Եվ հարցն էլ քաղաքապետին ուղղվել էր` հաշվի առնելով հենց այս հանգամանքը:
Հայցվոր կողմը միջնորդեց հնարավորություն տալ հավելյալ ապացույցներ ներկայացնելու համար: Դրանք արդեն իսկ հրապարակված հոդվածներն էին, որոնց հետազոտումը դատավոր Էդիկ Նահապետյանը համարեց առավել նպատակահարմար մինչեւ հաջորդ դատական նիստը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարեն Եղիազարյանն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե որն է «քաղաքապետարանի ամենօրյա գերլարված եւ ծանրաբեռնված աշխատանքը», որի պատճառով իրենք 5 ամիս ուշացրել են պատասխանը: «Մենք ամեն դեպքում պատասխանել ենք, հարգելի դատարան»,- ասաց նա:
«Իսկ ինչո՞ւ միայն նոյեմբերի 25-ին, հետաքննողների հայցը վարույթ ընդունելուց 13 օր հետո»,-հարցրեց հայցվոր կողմի ներկայացուցիչը:
«Այդ ժամանակ նոր հնարավոր եղավ պատասխանել»,-պարզաբանեց Կարեն Եղիազարյանը:
Հայցվորը դատարանին պարզաբանեց, որ սովորաբար «ձեր այսինչ հարցի պատասխանը կգտնեք այսինչ կետում, կամ այնինչ հարցի պատասխանը` այնինչ կետում» հնարավորություն չի տալիս լրագրողին լիարժեք ինֆորմացիա ստանալ, այն ձեւակերպելու եւ ընթերցողին հասցնելու: Հայցվորի հարցին Կարեն Եղիազարյանն այդպես էլ չպատասխանեց, թե ինչու է խախտվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները եւ հարցման արձագանքը հնչել միայն 5 ամիս անց:
Լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար դատարանը հայցվոր կողմին տվեց 10 օր ժամանակ: Հաջորդ դատական նիստի մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել