Ինչո՞ւ պաշտոնապես չի բացահայտվում փոխոստիկանապետի սպանությունը
Արթուր Հովհաննիսյան
«Հայացք» շաբաթաթերթ
Երկու տարի առաջ` 2009 թ. փետրվարի 3-ին, իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից սպանվեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացնող խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Մհերյանը:
Սպանության ժամանակ Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վերադառնալուց հետո` փետրվարի 5-ին, շտապ հրավիրելով Անվտանգության խորհրդի նիստ, ասաց. «... Ձեզ ինչ օժանդակություն է անհրաժեշտ, որովհետև ակնհայտ է, որ այս ոճրագործությունը ցավ է պատճառել տասնյակ հազարավոր մարդկանց: Ցավ, վրդովմունք, վիրավորանք, որովհետև ոճրագործների գնդակը ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, պաշտոնյայի դեմ, այլև մի ողջ համակարգի դեմ, ողջ ոստիկանության դեմ, ողջ դատաիրավական համակարգի դեմ, և անկախ դրդապատճառից` մենք այդպես պետք է ընդունենք: Գևորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների վերացման համար պայքարին, և սա էլ մենք պետք է գիտակցենք, պետք է գիտակցենք և համարժեք պատասխան տանք, սա պետք է գիտակցենք, և մեր գործողությունները պետք է բխեն նաև այս հանգամանքից»:
Չնայած ՀՀ նախագահի` ամենաբարձր մակարդակով օժանդակելու պատրաստակամությանը` նախաքննությունն իրականացնող մարմինը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, համապատասխան հետևություններ չկատարեց: ՀՀ ազգային անվտանգության խորհուրդն էլ, իր հերթին, այս հարցում չեղավ պահանջկոտ ու հետևողական: Գ. Մհերյանի սպանությունն առ այսօր մնում է չբացահայտված կամ... պաշտոնապես չբացահայտված:
Ավելորդ չենք համարում հիշեցնել նաև 2009 թ. փետրվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ասածը. «... Ուզում եմ ձեզ ուղղակի հավատացնել. ամենայն ըմբռնումով և պատասխանատվությամբ ենք վերաբերվում այդ գործին` քաջ գիտակցելով, որ դա ոստիկանության, մի ամբողջ հասարակարգի, ինչու չէ, պետության վարկանիշի հետ կապված խնդիր է, արժանապատվության հետ կապված մեր բոլորի` ոստիկանների: Ես, որպես ոստիկանության պետ, երաշխավորում, հավաստիացնում եմ ձեզ` մեր համակարգն ամեն ինչ կանի»:
Առկա բազմաթիվ փաստերի (որոնց դեռ կանդրադառնանք) վերլուծությունից այն տպավորությունն է ստեղծվում, որ ՀՔԾ-ն չի ցանկանում բացահայտել Գ. Մհերյանի սպանությունը: Իսկ «ինչու»-ն արդեն բոլորովին այլ խնդիր է...
Այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանապետը չէր չափազանցնում և, իրոք, ուներ լավատեսության հիմքեր` Հայաստանի ոստիկանության կոլեգիայի 2010 թ. փետրվարի 5-ի նիստում հայտարարելով հետևյալը. «Հանցագործության բացահայտման ուղղությամբ ունենք որոշակի ձեռքբերումներ, անձնակազմն այդ մասին արդեն գիտի, պարբերաբար ես ներկայացնում եմ: Տարվում են ամենօրյա օպերատիվ աշխատանքներ, որոնք, համոզված եմ, այս տարվա ընթացքում կտան իրենց դրական արդյունքը»:
Ի՞նչ նկատի ուներ Ա. Սարգսյանը` հավաստելով, որ հանցագործության բացահայտման ուղղությամբ ունեն որոշակի ձեռքբերումներ: Ո՞ւմ և ի՞նչ փաստեր նկատի ուներ ՀՀ ոստիկանապետը դրանից հետո` 2010 թ. ապրիլի 14-ին, «Ուրբաթ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարելով, որ կալանավայրերում գտնվող մարդիկ կան, որ թեև «Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով են կալանավորված, այնուամենայնիվ, առնչություն ունեն Գևորգ Մհերյանի սպանության հետ` ըստ քրեական գործում տեղ գտած փաստարկների»:
Վերոնշյալ հարցերից մեկին պատասխանենք միանգամից ու հակիրճ. Ա. Սարգսյանը նկատի ուներ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով 2009 թ. 4,5 տարվա ազատազրկման դատապարտված, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող, 1956 թ. ծնված Գրիգոր Իգիթյանին և նրա եղբորը` քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, մասնավորապես` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար դատապարտված, մինչ այդ ՀՀ ոստիկանության ակադեմիայի հրաձգության ավագ դասախոս (փոխգնդապետի կոչումով), այժմ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Խորեն Իգիթյանին:
Սակայն, մինչ ներկայացնելը, թե ոստիկանապետն ինչ փաստեր նկատի ուներ, որոնց համաձայն` եղբայրներն առնչություն ունեն Գ. Մհերյանի սպանության հետ, և հանցագործության բացահայտման ուղղությամբ այդ ինչ որոշակի ձեռքբերումների մասին է հայտարարել, անհրաժեշտ է ներկայացնել այն փաստերը, որոնք կօգնեն հասկանալու Գ. Մհերյանի սպանության` առայժմ հայտնի տվյալների համաձայն, միակ լուրջ ու հնարավոր դրդապատճառը:
Ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններն առաջին անգամ Հայաստան են եկել, Հայաստանի հետ առնչվել 88-ի երկրաշարժի կապակցությամբ: Այն ժամանակ Ջորջ Նաջարյանի թարգմանիչը հանգամանքների բերումով դարձել է Գրիգոր Իգիթյանը: Հետագայում նրանք ընկերացել կամ մտերմացել են, Նաջարյանները նրան` որպես իրենց կողմից լիազորված ներկայացուցչի, շատ բան են վստահել: Չարաշահելով այդ վստահությունը` Գ. Իգիթյանը խարդախությամբ սփյուռքահայ բարերարներից հափշտակել է հսկայական ունեցվածք:
Դեռևս 2006 թ. փետրվարի 17-ին «Հետք» (www.hetq.am) էլեկտրոնային պարբերականն այս կապակցությամբ գրել է. «ՀՀ Գլխավոր դատախազության մեր աղբյուրները հայտնեցին, որ ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների գործով քննիչներին լավ աշխատանքի համար ղեկավարությունը պարգևատրել է: Փաստորեն, քննիչներ Արմեն Նադիրյանը և Արտաշես Բասենցյանը պարգևատրվել են այս գործը փակելու համար: Արդեն երկու տարի է` Նաջարյանների` փորձագետների գնահատմամբ 3 մլն դոլար արժողությամբ գույքը հափշտակված է, իսկ գույքը հափշտակող Գրիգոր Իգիթյանը (դա բացահայտված է քրեական գործով) մնացել է անպատիժ: 2006 թ. հունվարի 25-ին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հերթական անգամ որոշում կայացրեց Գ. Իգիթյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին պատկանող` Երևանի «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում կառուցված երկու եռահարկ շենքերը, Երևանի Աբովյան փողոցում գտնվող ֆոտոխանութը` իր սարքավորումներով, Նաջարյանների թարգմանիչ և ներկայացուցիչ Գ. Իգիթյանը խարդախությամբ հափշտակել էր, և արդեն երկու տարի է` այս գործը մեկ հայտնվում է դատարանում, մեկ` Գլխավոր դատախազությունում:
«2004 թ. հոկտեմբերից, երբ Նաջարյանները այս` իր փաստերով և հիմնավորումներով դասական խարդախություն համարվող գործը հանձնել են ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության պաշտոնյաներին, վերջիններս իրենց վրա են վերցրել Գրիգոր Իգիթյանի շահերի պաշտպանի գործառույթները: Այդ նպատակով, ըստ էության, իրենց վերագրելով դատական գործառույթներ` Դատախազությունն անընդհատ և ապօրինի կարճում է Իգիթյանի դեմ բացված քրեական գործը կամ բողոքարկում է իր ապօրինի որոշումները վերացնող դատական որոշումները»,- ասում է Նաջարյանների ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը:
Նաջարյանների դիմումների հիման վրա, դռնբաց և բազմամարդ դատական նիստեր կայացնելով, ՀՀ հինգ դատական ատյաններ (այդ թվում` Վճռաբեկ դատարանը) հինգ որոշումներով հաստատել են, որ Նաջարյաններին պատկանող գույքը խարդախությամբ հափշտակվել է, նրանց դեմ կատարվել է հանցագործություն, որից վերջիններս տուժել են, և որ Գ. Իգիթյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
Իգիթյանին «փրկելուն» ուղղված Դատախազության ջանքերի արդյունքում, սակայն, ավելի է բացահայտվում Իգիթյանին սատարելու` Դատախազության պաշտոնյաների առաքելությունը: Շուրջ մեկ և կես տարվա ընթացքում դատարանները հինգ անգամ մերժել են Գ. Իգիթյանի նկատմամբ քրեական գործը կարճելու մասին Դատախազության որոշումները և բողոքները: Դատախազության պաշտոնյաները համառորեն հրաժարվում են ընդունել դատարանի որոշումները և կատարել դրանց պահանջները` այդպիսով խախտելով ոչ միայն Հայաստանի օրենքները, այլև ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունները»:
Դատելով «Հետքի» նույն, ինչպես նաև մի շարք այլ հրապարակումներում ներկայացված բազմաթիվ փաստերից` այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության, իսկ այժմ Գ. Մհերյանի սպանության գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը կամ հօգուտ Գ. Իգիթյանի շահագրգիռ պաշտոնյա է եղել, կամ էլ, ինչը դժվար է ենթադրել, իր պաշտոնի հետ անհամատեղելիության աստիճանի չի տիրապետում օրենսդրությանը: Գ. Իգիթյանին առնչվող քրեական գործի վարույթը 2004 թ. կարճվել է: Հենց այստեղ էլ ժամանակն է պատասխանելու այն հարցին, թե Գ. Իգիթյանի և այս ամենի հետ ինչ առնչություն ուներ Գ. Մհերյանը:
Հասկանալով, որ Հայաստանում իրենց «քցելու» գործին մասնակից են նաև քր. գործը կարճող, արդարադատության ճանապարհը փակող որոշ իրավապահներ, և որ առանց երկրի բարձրագույն ղեկավարության միջամտության` իրենց հիմնախնդիրը չի լուծվի, ըստ մեր ստացած տեղեկատվության` Նաջարյաններն իրենց ասելիքը հասցրել են այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ակնկալելով, որ վերջինիս հանձնարարությամբ քրեական գործը կուսումնասիրվի, կբացահայտվի ճշմարտությունը:
Ռ. Քոչարյանը քր. գործի ուսումնասիրումը հանձնարարել է Գ. Մհերյանին: Վերջինս, ուսումնասիրելով գործը, հայտնաբերել է բազում օրինախախտումներ: Արդյունքը եղել է այն, որ նախաքննության մարմինը Գ. Իգիթյանին մոտ 3 տարի հետո, ի վերջո, մեղադրանք է առաջադրել, որից հետո դատարանը նրան դատապարտել է առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախություն կատարելու համար: Ուշագրավ է, որ չնայած իր կատարած հանցագործության ծանր բնույթին` Գ. Իգիթյանը Գ. Մհերյանի սպանության օրն ազատության մեջ է եղել. նա ՔԿՀ է բերվել փետրվարի 6-ին:
Այս ամենից հետո թերևս զարմանալի չէ, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ինչու, չնայած Գ. Իգիթյանի դեմ բազմաթիվ փաստերի առկայությանը, չի բացահայտում Գ. Մհերյանի սպանությունը: Համենայն դեպս, թող ՀՔԾ-ն հրապարակայնորեն բացատրի, թե առկա փաստերն ինչու չի գնահատել մեկ համատեքստում կամ ինչու դրանց ընդհանրապես չի տվել համապատասխան գնահատական ու բացահայտել հանցագործությունը:
Ինչպես մեզ հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, Խորեն Իգիթյանն իր պաշտպանի ներկայությամբ հիշյալ օպերատիվ քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Հ. Սարդարյանին ցուցմունք է տվել այն մասին, որ Գ. Մհերյանի սպանությունը կատարել է եղբայրը` Գ. Իգիթյանը: Բացի այդ, 2009 թ. հունիսի 26-ին Խ. Իգիթյանի բնակարանի և աշխատասենյակի խուզարկությամբ հայտնաբերվել է նաև «Մակարով» ատրճանակի (նախնական տվյալներով և քր. գործով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` Գ. Մհերյանը սպանվել է «Մակարովից» արձակված կրակոցներով) 9 մմ տրամաչափի ավելի քան 260 մարտական փամփուշտ, որոնցից 128-ն իրենց արտադրության վայրով (գործարան) և ժամանակով համապատասխանում, համընկնում են Գ. Մհերյանի սպանության վայրում հայտնաբերված պարկուճներից մեկին: Նշված փամփուշտների և պարկուճի վրա նույն թվերի դրոշմվածքն է` «539-91», որից «91»-ը արտադրության տարեթիվն է, իսկ «539»-ը` արտադրող գործարանի ծածկագիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել