
Փետրվարի 25-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի ղեկավար Հայկ Խաչիկյանն ավագանուն ներկայացրեց իր գործունեության 2010թ. տարեկան հաշվետվությունը: Ախթալայի ավագանու 6 անդամից 4-ը «Մեթըլ Փրինս» կորպորացիայի աշխատակից է:
Վերջիններիս և քաղաքապետ Հայկ Խաչիկյանին երկուստեք չէր հաջողվում ավագանու նիստում թաքցնել իրենց սառը հարաբերությունները: Լեռնահարստացման կոմբինատի աշխատակից ավագանիները նիստի ողջ ընթացքում կարծիքներ և գնահատականներ չհայտնեցին քաղաքապետի տարեկան հաշվետվության վերաբերյալ:
Իր հերթին Հայկ Խաչիկյանի հաշվետվությունը վերլուծական չէր, ընդգրկում էր բյուջեի եկամուտների և ծախսերի մերկապարանոց թվեր: Քաղաքապետն իր հաշվետվությունը սկսեց բյուջեի եկամուտների հրապարակմամբ: «Պետության կողմից 2010թ. մեզ հատկացված դոտացիան կազմել է 27,8 մլն դրամ, մեր նախատեսած սեփական հարկային եկամուտները` 11,6 մլն դրամ: Վերջինիս մեջ գույքահարկը կազմել է 4,3 մլն դրամ, հողի հարկը` 2,6 մլն դրամ»,- ասաց նա:
Եկամուտների այս և այլ աղբյուրներ հրապարակելուց հետո քաղաքապետը ներկայացրեց վարչական բյուջեի ծախսային մասը` կրկին գրեթե առանց մեկնաբանությունների: Քաղաքապետարանի աշխատավարձի ֆոնդը 2010թ. կազմել է 10,7 մլն դրամ, որը համայնքի բյուջեի եկամուտների 30 %-ն է:
Բյուջեից զգալի գումարներ են հատկացվել քաղաքի լուսավորության համար: Առողջապահության հոդվածով 1,5 մլն դրամ է տրամադրվել Ախթալայի հիվանդանոցի` անցյալից ժառանգություն մնացած պարտքը մարելու համար, որպեսզի 2011թ. համաշխարհային բանկը հատկացված վարկային ծրագրով Ախթալայում կառուցի նոր առողջապահական կենտրոն:
Հավաքագրված եկամուտներով կազմակերպվել է քաղաքի 2 մանկապարտեզի երեխաների սննդի սպասարկումը, երաժշտական դպրոցի պահպանությունը: Գումարներ են հատկացվել նաև 2 մանկապարտեզի գազաֆիկացման և ջեռուցման, ներհամայնքային ճանապարհների փոսանորոգումների և այլ նպատակներով:

Համայնքի 2010թ. բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 40 մլն 088 հազար դրամ: «Մենք բյուջեի եկամուտների մուտքերը ապահովել ենք 101%-ով»,- ասաց
Հայկ Խաչիկյանը:
Նա եկամտային և ծախսային բյուջետային թվերը հրապարակելուց հետո ավարտված համարեց իր հաշվետվությունը: Ավագանու անդամները և նիստին հրավիրված մեկ տասնյակից ավելի ախթալեցիները, չնայած քաղաքապետի հորդորներին, հաշվետվության հետ կապված հարցեր չուղղեցին նրան:
«Եթե հարցեր չունեք, անցենք քվեարկությանը»,- առաջարկեց քաղաքապետը: Ավագանին անձայն ու միաձայն հաստատեց Հայկ Խաչիկյանի 2010թ. հաշվետվությունը:
Ավագանու նիստի օրակարգի հաջորդ հարցը 2011թ. Ախթալայում առողջապահական կենտրոն կառուցելու համար քաղաքապետարանի բյուջեից 2,5 մլն դրամ ներդրում կատարելն էր: Ավագանին հաստատեց նաև այդ հարցը:
Քաղաքապետի հաշվետվությունը հաստատվելուց հետո ավագանու` ավարտին մոտեցող նիստում Ախթալայի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը դրական գնահատեց քաղաքապետ Հայկ Խաչիկյանի 2010թ. կատարած աշխատանքը:
Ավագանու անդամ Ալբերտ Սոսյանը քաղաքապետին հարց ուղղեց 2010թ. Ախթալայի` թերի կառուցված կանգառի և «Սվինեց» թաղամասի ոռոգման ջրագծի մասին: Հայկ Խաչիկյանը պատասխանեց, որ քաղաքապետարանը ծրագրել է կանգառի և «Սվինեց» թաղամասի ոռոգման ջրագծի խնդիրն ավարտել 2011թ.: Հետո քաղաքապետը հանկարծ հիշեց, որ իր տարեկան հաշվետվության մեջ տեղ չէին գտել բյուջեի կապիտալ գործառույթներով կատարված աշխատանքները:
«Կատարված աշխատանքներին ես ուզում եմ ավելացնել, որ մենք 2010թ. ունեցել ենք աննախադեպ կապիտալ աշխատանքներ: Պետական բյուջեով հիմնանորոգվել են քաղաքի 2 կամուրջները, և գազաֆիկացվել է «Սվինեց» թաղամասը: Դրա համար պետբյուջեից հատկացվել է 75 մլն դրամ: Դոնոր կազմակերպությունների և ծնունդով ախթալեցի, մոսկվաբնակ Նորայր Բլուդյանի միջոցներով վերանորոգվել է «Սարահարթ» թաղամասի Ծովինար Բլուդյանի անվան մանկապարտեզի մասնաշենքը: Դա կազմում է 17 մլն դրամ: Մենք ֆոնդային բյուջեով կատարել ենք 130 մլն դրամի կապիտալ աշխատանքներ»,- ասաց քաղաքապետը:
Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը քաղաքապետի նշած աշխատանքներին ավելացրեց եկեղեցու վերանորոգումն ու վերաբացումը: «Եկեղեցին ունեցավ նոր պատուհաններ, նոր դռներ, կահույք: Սա ևս ձեռքբերում է»,- ասաց Տեր հայրը:
Հայկ Խաչիկյանը ավագանուն և նիստի մյուս մասնակիցներին նաև տեղեկացրեց, որ 2011թ. 30 մլն դրամ է նախատեսել քաղաքի բնակելի շենքերի տանիքների վերանորոգման և 55 մլն դրամ` Ախթալայի առողջապահական կենտրոն կառուցելու համար: Նախատեսվում է նաև Ախթալայի «Բարիտ» թաղամասում կառուցել երեխաների խաղահրապարակ:
Ավագանու նիստում բուռն քննարկումներ ծավալվեցին Ախթալայի նախկին հիվանդանոցի վերագործարկման շուրջ: Հայկ Խաչիկյանը հայտնեց, որ Ախթալայի հիվանդանոցի հին շենքը պատկանում է Պետական գույքի կառավարման գործակալությանը: Քանի որ շենքը քաղաքապետարանին չի պատկանում, քաղաքապետարանը որոշել է դոնոր կազմակերպության` Համաշխարհային բանկի միջոցներով Ախթալայում կառուցել բժշկական կենտրոնի նոր շենք: «Այսօր բնակչության թիվը թե Ախթալայում և թե հարևան համայնքներում թույլ չի տալիս, որ Ախթալայում հիվանդանոցի շենքը վերականգնեն»,- ասաց Հայկ Խաչիկյան:
Ավագանու անդամ, բժշկուհի Անահիտ Մուրադյանի կարծիքով` հիվանդանոցի վերագործարկումը անհրաժեշտ է, քանի որ այն կծառայի ոչ միայն Ախթալայի, այլև ենթաշրջանի բնակչությանը: Անահիտ Մուրադյանը ավագանու անդամներին հիշեցրեց նախկինում շրջանավող խոսակցություններն այն մասին, որ Ախթալայի հիվանդանոցի մասնաշենքը տրվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանը` հոսպիտալ կառուցելու համար:
Հայկ Խաչիկյանը, ի պատասխան ավագանու անդամի հայտարարության, պարզաբանեց, որ Տավուշի մարզի 6 համայնքը և Նոյեմբերյանը սահմանակից են Ադրբեջանին, և այնտեղ են տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերը: Կառավարությունը նպատակահարմար է համարել հոսպիտալ կառուցել Բերդ համայնքում:
«Ժամանակին մեր հիվանդանոցը Թումանյանի տարածաշրջանում առաջինն էր: Շուտով պահածոների գործարանի նման մեր հիվանդանոցի շենքն էլ կքանդեն և շինանյութը կվաճառեն: Մենք էլ սահմանակից ենք ադրբեջանական գյուղերին»,- դժգոհեց Անահիտ Մուրադյանը:
«Հիմա Համաշխարհային բանկի կողմից կառուցված մի սիրուն շենքում մի երկու մարդ է նստելու և աշխատելու: Պետք է կառավարությունից պահանջենք, եթե պետք է, խնդրենք, աղաչենք, ոնց որ մի քանի տարի առաջ էր Ախթալայում մեր հիվանդանոցը աշխատում, այն կրկին վերագործարկենք»,- ասաց ավագանու անդամ Ալբերտ Սոսյանը:
«Քեզ թվում ա մարնեուլցին պետք է գա, Ախթալայի հիվանդանոցում բուժվի՞»,- Ալբերտ Սոսյանին հարցրեց քաղաքապետը: «Մարնեուլցին չի գա, մեր հարևան ճոճկանեցիները կգան»,- պատասխանեց ավագանու անդամը:
Ախթալայի ընտանեկան բժիշկների ամբուլատորիայի վարիչ, բժիշկ Կարեն Ազարյանն անիրատեսական համարեց Ախթալայի հիվանդանոցի վերաբացումը: Նա նպատակահարմար էր համարում, որ ամբուլատորիայի նոր շենք կառուցվի: Կարեն Ազարյանի տեղեկացմամբ` չի աշխատում անգամ Ախթալայի ամբուլատորիայի շտապօգնության մեքենան, մինչդեռ ամբուլատորիան առաջին բժշկական օգնությամբ սպասարկում է Շամլուղ, Նեղոց և Քարկոփ համայնքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել