Վնասազերծում «Կոնվերս բանկի» Նոր Նորքի մասնաճյուղում
Մեկնաբանում է ոստիկանությունը
Մարտի 29-ին` ժամը 12:10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 10/12 հասցեում գտնվող «Կոնվերս բանկի» Նոր Նորք մասնաճյուղում հրազենից վիրավորված մարդ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է:
Ժամը 12.00-ի սահմաններում, գլխարկով դեմքը ծածկած վիճակում, նա մուտք է գործել նշված բանկի վարչական տարածք և «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37.800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6.695 դոլար:
Հանցագործությունը կանխվել է նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության և բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու շնորհիվ. չնայած զենքի սպառնալիքին` նա գործադրել է իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ինչի հետևանքով Արթուր Հակոբյանը որովայնի և ազդրի շրջանում ստացել է հրազենային վնասվածքներ, վնասազերծվել ու տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է 9 մմ տրամաչափի կրակված 4 պարկուճ, նշված գումարն ամբողջությամբ` 1 փաթեթով:
Արթուր Հակոբյանի մոտից առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ` 1 պահունակով` 8 փամփուշտով:
Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել