Երևանում կհաշվառի ֆինանսների նախարարությունը, իսկ մարզերում` մարզպետները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային վարկ տրամադրելու մեխանիզմների հետ կապված հարցեր:
Համաձայն ՀՀ կառավարության ընդունած որոշման` մարզերում այդպիսի տրանսպորտային միջոցներ ունեցող քաղաքացիների հաշվառումը, տիպային պայմանագրերի ստորագրումն իրականացնելու են մարզպետները, մայրաքաղաքում` ֆինանսների նախարարությունը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին և պարզաբանվեցին հայտերի ընդունման, քաղաքացիների դիմումների ուսումնասիրման, պայմանագրերի կնքման ընթացակարգերի հետ կապված հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանը, ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Ա. Աֆրիկյանը, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Ս. Գրիգորյանը, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզպետները, Շիրակի փոխմարզպետը, Երևանի փոխքաղաքապետը, պատասխանատու այլ անձինք:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց մարզերում հաշվառված քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունն արդեն իսկ փոխանցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, շարունակել քաղաքացիների իրազեկումը և մինչև մարտի 2-ը ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումից օգտվել ցանկացողների վերաբերյալ հավաքագրվող տեղեկատվությունը ներկայացնել ՊԵԿ-ին:
Նախատեսվում է, որ մարտի 2-ից մարզպետները` մարզերում, իսկ ֆինանսների նախարարությունը Երևանում կսկսի քաղաքացիների ընդունման և պայմանագրերի ստորագրման գործընթացը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել