Սուխլիսցիները պահանջում են վերադարձնել Հայր Գրիգորին
Հերթական նամակով ուզում ենք դիմել մեր քրիստոնյա ժողովրդին կաթոլիկ եկեղեցու հակաքրիստոնյա կեցվածքի խնդրով: Մենք` Վրաստանի Հանրապետության Ախալցխայի շրջանի Սխվիլիսի (Սուխլիս) գյուղի բնակիչներս, երկար տարիներ շփվելով Հռոմի դրածո վարդապետների հետ, որոնք հովվել են մեր գյուղում, տեսել ենք նրանց հակահայկական գործունեությունը:
Նրանցից թե' ազգությամբ հայերը և թե' օտարները մշտապես հայտարարել են, թե իրենք ազգ չեն ճանաչում, և դրա հետ մեկտեղ եկեղեցում իրենց կրոնավորին վայել չեն պահում, պատեհ-անպատեհ անպատվում են մարդկանց, չեն պահում մարդկանց հաղորդվելու գաղտնիության խորհուրդը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին անվանում են «հրձված»:
Մի անգամ Հռոմի Պապի դեսպան Գուջեռոտիի հետ հանդիպման ժամանակ, երբ մենք ասացինք, որ այսպես շարունակվելու դեպքում կդիմենք Հայ առաքելական եկեղեցուն, ասաց, «Ուզում եք մուսուլման դարձեք»: Այն հարցին, թե արդյոք Հռոմի Պապն էլ է այդպես մտածո՞ւմ, ասաց` այո: Այսպիսով, ստացվում է, որ նրանց չի հետաքրքրում ոչ քրիստոնեության գաղափարը, ոչ էլ Հայր Աստվածը, այլ միայն կաթոլիկությունը, այլապես ինչու պետք է այդքան թշնամական դիրք բռնեն քույր եկեղեցու նկատմամբ: Տեսնելով ու զգալով այս ամենը` մենք` սուխլիսցիներս, պահանջում ենք, որ գյուղ վերադարձնեն Մխիթարյան Միաբանության վարդապետ տեր Գրիգոր Միքայելյանին: Նա մեզ մոտ հովվել է չորս տարի: Տեսնելով նրա մարդասիրությունը, վերաբերմունքը մեծի ու փոքրի նկատմամբ, ազգին ու Աստծուն ծառայելու նրա կամքը` մենք նրանից բացի էլ ոչ ոքի չենք ուզում տեսնել որպես մեր հոգևոր հովիվ: Նաև հետաքրքիր է Մխիթարյան Միաբանության Աբբահոր և Հայաստանում նրանց թեմի առաջնորդ Հայր Սերոբի որդեգրած դիրքը: Նրանց հետ խոսակցության ժամանակ, զգացվում է նրանց վախը Հռոմի նկատմամբ: Նրանք համակերպվել են իրենց ստրկական վիճակի հետ և չեն մտածում, որ դավաճանում են Մխիթարյանների ուխտին:
Ախալցխայի շրջանի Սխվիլիսի գյուղի Եկեղեցու խորհուրդ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել