HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մենք էդ տաղավարն էդտեղ չենք ուզում տեսնել»

«Սկզբում որ լսում էի, ինձ թվաց, թե սատանան դարձել է սուրբ, մարդն էն աստիճան է փոխվել, որ էդքան ստորություններից հետո որոշել է լավ բան անել իմ համար ու առաջարկում է հաշտության համաձայնագիր կնքել` թվում է թե երազային պայմաններով: Բայց Հենրիկ Գասպարյանին թող չթվա, թե դիմացինն էլ խայծը կուլ տվեց, ես լավ գիտեմ, թե իրանց ուզածն ինչ է ու հերիք է, որ ես համաձայնվեմ իրանց պայմաններին... վերջ, օղակը կսեղմեն»,-փետրվարի 17-ի չկայացած դատական նիստից հետո Գյումրիի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի առաջարկն է վերլուծում «Սինան» ՍՊԸ տնօրեն Մկրտիչ Սինանյանը: Փետրվարի 17-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ««Սինան» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի» դատական գործով առաջին լսումը: Գյումրու քաղաքապետարանի կողմից Մայակովսկու փողոցի 2 հասցեին հարող 24քմ մակերեսով հողատարածքը աճուրդով օտարելու մասին 07.04.2008 թ. թիվ 6/3 արձանագրությունը, քաղաքապետարանի եւ Ռոբերտ Պետրոսյանի միջեւ 04.09.2008 թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը եւ 23.09.2008 թ. կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով «Սինան» ՍՊԸ-ն հերթական անգամ դիմել էր դատարան: Դատավոր Բագրատ Մկրտչյանի գլխավորությամբ սկսված դատական նախնական լսումը տեւեց ընդամենը 15 րոպե: Պարզվեց, որ պատասխանող կողմի ներկայացուցիչ իրավաբանը հիվանդ է: Արա Սարգսյանին, ով ղեկավարում է քաղաքապետարանի իրավաբանական բաժինը, փոխարինում էր նույն բաժնի ավագ մասնագետ Կարեն Եղիազարյանը: Վերջինս էլ ժամանակ խնդրեց դատավորից գործի նյութերին ծանոթանալու համար: Բացի այդ, դատական նիստին չէին ներկայացել նոտարական գրասենյակի եւ կադաստրի աշխատակիցները, ինչպես նաեւ հիշյալ 24 քմ-ը աճուրդով գնած Ռոբերտ Պետրոսյանը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 23-ին: Նիստի ավարտից հետո Գյումրիի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նախ Մկրտիչ Սինանյանի փաստաբան Հովհաննես Հարությունյանին, այնուհետեւ հենց իրեն հաշտության համաձայնագիր կնքելու առաջարկություն արեց. «Ես առաջարկում եմ համաձայնագիր կնքել, քաղաքապետարանը պատրաստ է թույլատրել «Սինան» ՍՊԸ-ին իր զբաղեցրած հողատարածքում կառուցել նոր երկհարկանի շենք: Դա կլինի իր սեփականությունը»: Հ. Գասպարյանի մեկնաբանությամբ` Մայակովսկի-Շահումյան փողոցներին հարող տարածքը երկրաշարժից հետո իրենից շատ բարդ հանգույց է ներկայացրել` տնակ-տաղավարներից եւ բացօթյա շուկայից կազմված: «Դրանք շատ սարսափելի տեսք ունեին, եւ մենք կամաց-կամաց վերականգնեցինք, համալիր նախագիծ եղավ ու ասեմ, որ վերականգնման աշխատանքները համարյա թե ավարտվում են: Մնացել են մեկ-երկուսը, դրանց թվում է «Սինան» ՍՊԸ-ին պատկանող տաղավարը,- պարզաբանեց Հենրիկ Գասպարյանը եւ շարունակեց` այս անգամ անդրադարձ կատարելով «Հետքի» նախորդ համարում տպված «Էս սարն իմն է, էս ծառն իմն է...» հոդվածին,- էդ տարածքի հետ կապված ոչ մի անձնական խնդիր չկա, ինչպես թերթի մեջ գրել էիք, քաղաքապետն ընդհանրապես կապ չունի էդ տարածքի հետ, հարեւանությամբ գտնվելը դեռ չի նշանակում, որ անպայման պետք է աչք ունենալ վրան, որովհետեւ դա իրականությանը չի համապատասխանում»: Առաջարկների իր փաթեթը ներկայացնելիս քաղաքի գլխավոր ճարտարապետը չմոռացավ շեշտել, որ Մկրտիչ Սինանյանը պիտի կառուցի արդեն ոչ թե երկհարկանի շինություն, ինչպես հարեւանությամբ գտնվող խանութները, այլ եռահարկ: «Քանի որ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը 3 հարկանի է, մենք խնդիր ենք դրել, որպեսզի հարեւանությամբ գտնվող կառույցները եւս համապատասխանեն: Մենք արդեն զգուշացրել ենք, եւ այդ խանութների շարքը, որ կա Շահումյան փողոցի կողմից, պիտի մեկ հարկ ավելացնեն, դե իսկ «Սինան» ՍՊԸ-ն էլ արդեն պիտի փորձի համապատասխանեցնել առկա նորմերին: Եւ քարը, եւ շարվածքը, քանդակները պարտադիր են, որ ամբողջական համալիր ստացվի այդ փողոցի վրա»,- նշեց Հենրիկ Գասպարյանը: Նա չմոռացավ շեշտել, որ Մկրտիչ Սինանյանն իրենց երբեք չի դիմել վերակառուցման համար: Սինանյանն էլ իր հերթին արդարացավ. «Ինչպե՞ս դիմեր, եթե 2007 թ.-ից սպասում է խանութի դիմացի տարածքի վարձակալության վերաբերյալ տված իր դիմումի պատասխանին, իսկ 2008 թ.-ից դատական վեճերի մեջ է քաղաքապետարանի հետ»: Ինչ վերաբերում է վաճառված 24քմ տարածքին, ապա այդ աճուրդը քաղաքապետարանը հաշտության համաձայնագիրը կնքելու դեպքում չեղյալ չի համարելու: «Դա կմնա, որովհետեւ արդեն վաճառել ենք: Կանաչապատման գոտի կլինի, իսկ էն մնացած հատվածում էլ` 36քմ-ի վրա, ավտոկանգառ է լինելու,- պարզաբանեց Հենրիկ Գասպարյանը,- կարծում եմ` մեկ տարին բավական է, որ պրն Սինանյանը կարողանա կառուցել, վերջացնել»: Հաշտության համաձայնագրի առաջարկին Մկրտիչ Սինանյանը չհամաձայնվեց այդ պահին միանշանակ պատասխան տալ, քանի որ ինքը միակ սեփականատերը չէ եւ պիտի խորհրդակցի գործընկերների հետ: «Իսկ եթե Վարդան Ղուկասյանը որոշեր 5 հարկանի կառույց ունենալ հյուրանոցի տեսքով, հարեւան շինությունների տերերին է՞լ պիտի նման պահանջ ներկայացվեր, ինչպես հիմա, երբ 3 հարկից ոչ պակաս կառույցի առկայության հարցն եք առաջ քաշում, դա ավելորդ պարտադրանք ու ծանրություն չէ՞ սեփականատերերի նկատմամբ»,- հարցրինք պրն Գասպարյանին: «Չէ, դրանք քաղաքաշինական պահանջներ են: Համալիր ծրագիրն արդեն մշակված է, ու էս պահին 5 հարկի մասին խոսք չկա, 3 հարկի մասին է խոսքը: Ամեն դեպքում, մի բան հստակ է` մենք էդ տաղավարն էդտեղ չենք ուզում տեսնել»,- հայտարարեց Հ. Գասպարյանը: Մկրտիչ Սինանյանը չի պատրաստվում հրաժարվել իր հայցից: Թեպետ, իր իսկ խոսքերով, մի պահ անգամ հուզվել է Հենրիկ Գասպարյանի առաջարկից: «Հետո, իհարկե, երբ վերլուծում ես, հասկանում ես, որ դա թակարդ է: Սրանք ուզում են ուղղակի էնպես անեն, որ ես իմ կամքով իրանց զիջեմ տարածքն էլ, խանութն էլ: Երբ Հենրիկ Գասպարյանն ասում է, թե մեկ տարում կկառուցես կպրծնես, խելքը գլխին մարդը կհասկանա, որ դա հնարավոր չէ, մանավանդ, որ ֆինանս էս պահին ձեռքիդ չկա: Կամ պարտադրանք, թե պիտի լինի 3 հարկ, նույն գույնի քարով, շքեղ քանդակներով, էդ հյուրանոցը 2001 թ.-ից կկառուցեն... փաստորեն, որ պահից ստորագրածս պարտավորությունները չկարողացա կատարել, էդ պահից վրես էնքան տույժ ու տուգանք են դնելու, որ ստիպված լինեմ ասել` արեք վերցրեք, ես պրծնիմ ձեզնից, դուք էլ` ինձնից: Բայց ցավս էն է, որ զգում եմ` էս ամեն ինչի վերջն իմ էստեղից հեռանալն է լինելու»,- ասաց Մ. Սինանայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter