HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերը վանաձորցի է

«Գրոսմայստերը» (շվեդերենից թարգմանաբար` «մեծ վարպետ») շախմատում տրվող ամենաբարձր կոչումն է, իսկ հայ շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ տիտղոսակիրը վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանն է, ով ռեկորդ է սահմանել` 15 տարեկանում նվաճելով այն: Հիմա Սամվելը 17 տարեկան է: Շախմատի պատմությանը քիչ մարզիկներ են հայտնի, ովքեր կրկնել են այս ցուցանիշը: Նույնիսկ աշխարհահռչակ Կարպովը 16 տարեկանում է դարձել գրոսմայստեր: Հետաքրքիր է, որ վանաձորցի շախմատիստը միանգամից է գրոսմայստեր դարձել` դեռ վարպետ չդարձած: Առաջին անգամ Սամվելը միջազգային մրցության է մասնակցել 10 տարեկանում` դառնալով Եվրոպայի առաջնության չեմպիոն: Դրանից հետո նա շատ հաջողություններ է գրանցել եւ հանրապետական, եւ միջազգային մրցաշարերում: Նույնիսկ դժվարանում է բոլորը մտաբերել. 2-րդ, 3-րդ համահայկական խաղերի չեմպիոնն է, աշխարհի առաջնության բրոնզե եւ արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն: 2011-ին Սամվելը մասնակցել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը եւ զբաղեցրել 2-րդ տեղը: Դրանով իրավունք է ձեռք բերել մասնակցելու մարտ-ապրիլ ամիսներին Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը: Հայաստանի բարձրագույն խմբի 12 գրոսմայստերներից մեկն է Սամվելը, ընդ որում` արդեն լուրջ գրոսմայստեր` լուրջ ցուցանիշով. նրա վարկանիշը մոտենում է 2600-ին (Լեւոն Արոնյանի վարկանիշը 2806 է): «Անհաջողություն էլ է լինում, հաջողություն էլ: Նույնիսկ հաջողությունից հետո անհաջողությունն էլ նորմալ է: Եթե ընտրել ես այս բնագավառը, եթե նպատակներ ունես, պետք է չկոտրվես,- ասում է Սամվելը,- երբ որ 10 տարեկանում դարձա Եվրոպայի չեմպիոն, սկսեցի լուրջ վերաբերվել շախմատին: Դրանից հետո շատ անհաջողություններ էլ եղան, բայց դա խթան հանդիսացավ, որ իմ սխալները հասկանալով, դրանք շտկելով` առաջ շարժվեմ»: Շախմատը Սամվելի համար խաղ է եւ սպորտ միաժամանակ, ընդ որում` «լարված, բարդ» սպորտ: «Ճիշտ է, ֆիզիկապես չես տանջվում, բայց մտավոր ես հոգնում: Եթե բռնցքամարտիկը 6-8 րոպե է լարված գտնվում, շախմատիստը` 6-8 ժամ լարված խաղում է պարտիան: Կարող է թվալ` ընդամենը ֆիգուրներն ես այս ու այն կողմ շարժում, ոչ մի ֆիզիկական բան չես անում, բայց պարտիան երբ ավարտվում է, այնպես հոգնած ես լինում, որ երեւի ֆիզիկական աշխատանքից այդքան չհոգնես»,- ասում է Սամվելը: Ինքը` Սամվելը, շախմատում սիցիլիական պաշտպանություն է խաղում: «Փորձում ես գտնել ամենալավ քայլերը, որ հաղթանակի հասնես: Հակառակորդն էլ փորձում է իր քայլերը գտնել, որպեսզի ինքը հաղթի: Ով ավելի արագ է կողմնորոշվում, ով ավելի շատ է կարողանում հաշվել, նա էլ հաղթում է: Լավ քայլերը գալիս են լավ հաշվելուց: Եթե ամեն քայլից հետո կարողանաս 3-7 քայլ հաշվել, արդեն լավ է: Եթե մի քայլ ես անում, հակառակորդը 1 տարբերակ ունի, այդ դեպքում հեշտ է, կարող ես 10 քայլ էլ հաշվել, 20 քայլ էլ: Բայց եթե այնպիսի քայլ ես անում, որ հակառակորդը 4-5 տարբերակ ունի, այդ ժամանակ դժվար է: Ամեն քայլից հետո ճյուղավորվում է»,- ասում է Սամվելը: Նա Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սանն է: Հիմա արդեն Երեւանում է մարզվում` Տիգրան Նալբանդյանի խմբում: Դպրոցի տնօրեն եւ մարզիչ Արշակ Ռամազյանի խոսքով` «գավառական քաղաքն» արդեն նեղ է Սամվելի համար: «Տիգրան Պետրոսյանին երբ հարցրել են` ամենահաջող քայլդ ե՞րբ արեցիր, պատասխանել է` Մոսկվա գնացի: Եթե այն ժամանակ այսքան գրոսմայստերները Երեւանում լինեին, բնականաբար, Մոսկվա չէր գնա: Գնաց, որ շախմատային միջավայրում լինի: Լուրջ անալիտիկ աշխատանք է տարվում. վարպետների խաղեր են նայում, վերլուծում: Վերլուծականը ամենաանհրաժեշտ բանն է»,- ասում է Արշակ Ռամազյանը Սամվելի երեւանյան պարապմունքների մասին: Բայց վանաձորյան շախմատը, ըստ նրա, օրինաչափ զարգացման մեջ է: Հիշում է, որ մի ժամանակ քաղաքում ընդամենը ՖԻԴԵ-ի մի վարպետ կար: Հիմա Վանաձորում վարպետներ կան. Արշակ Ռամազյանից բացի` արդեն վարպետի կոչում ունեն նաեւ դպրոցի սաները` Տիգրան Սիմոնյան, Անահիտ Խառատյան, Լիա Մարտիրոսյան, Նարինե Գասպարյան, Դավիթ Շահինյան (վերջինս 2010-ի պատանիների համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնն է): «Սամվելն առաջին հերթին գենետիկորեն լավ լիցքեր է ստացել, լավ մարդ է: Աշխատասիրություն է դաստիարակել իր մեջ: Դա դժվար գործ է: Նրա օրինակը բերում եմ մյուս երեխաներին»,- ասում է մարզիչը: Սովորական օրերին Սամվելի պարապմունքը 5-6 ժամ է տեւում, լուրջ մրցաշարերից առաջ` 10-12 ժամ: Դպրոցից դուրս Սամվելը տանն էլ է մարզվում. շախմատային գրականություն է կարդում, հետեւում շախմատի վերաբերյալ նորություններին, շախմատային պարտիաներ ուսումնասիրում: Երկար մարզումներից հոգնում է, բայց գիտակցում է, որ դա է իր մասնագիտությունը: Իսկ պրոֆեսիոնալ մրցապայքարի համար օրական 10 ժամ մարզվել է պետք: Մարզիչը համոզված է, որ հաջողության հասնելու համար կարեւոր գրավական է նաեւ համեստությունը. «Եթե այդպիսին չլինի, առաջ չի գնա: Ով մի քիչ մեծամտացավ, իր համար ճանապարհը փակ է: Լուրջ քայլեր չի կարող անել»: Լավ ծանոթ լինելով իր մարզիկի էությանն ու բնավորությանը` մարզիչ Արշակ Ռամազյանը համոզված է, որ Սամվելը հետեւողական քայլերով շարունակելու է իր ճանապարհը մեծ շախմատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter