HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանգնեցրեք ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների խտրական քաղաքականությունը

Ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախքահայության իրավունքների` հայկական բլոգոսֆերայում կազմվել է հանրագիր (պետիցիա), որի անգլերեն տարբերակը տեղադրված է այստեղ: Ստորև ներկայացվում է հանրագրի տեքստի հայերեն թարգմանությունը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ՄԱԿի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Վրաստանի իշխանությունները հետզհետե խստացնում են իրենց քաղաքականությունը երկրի հայ ազգային փոքրամասնության, մասնավորապես պատմականորեն Վրաստանի հարավ-արևմտյան շրջաններում (Ջավախք) համախումբ բնակվող հայության նկատմամբ: Ոտնահարվում են ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական, մշակութային տարրական իրավունքները: Ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչները, որոնք փորձում են բողոքել վրաց իշխանությունների խտրական քաղաքականության դեմ, հետապնդվում են: Այսպես, 2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1.000 օրը: Ձերբակալված լինելով 2008թ. Հնգօրյա պատերազմի նախօրյակին` նա վրացական դատարանի կողմից խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք առնչվում են Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա հանրային գործունեությանը: Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը նոր թափ է ստացել:  Ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների հարկադիր և տոտալ վերահսկողության տակ: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, աշխատանքից են ազատվում այդ գործընթացի դեմ ձայն բարձրացնող հայ ուսուցիչները: Ջավախքահայության համընդհանուր հիասթափության և բոյկոտի պայմաններում կեղծվեցին 2010թ.  մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունները: Բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ու Եվրախորհուրդը հորդորում են վրացական իշխանություններին լուծում տալ Վրաստանի հայ փոքրամասնության առջև ծառացած խնդիրներին, սակայն այդ բոլոր հորդորները վրաց իշխանությունների կողմից արհամարհվում են: Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը` մենք` ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ ձեռնարկել անհապաղ միջոցներ` ուղղված ջավախքահայության նկատմամբ խտրական քաղաքականության կասեցմանը: Ի մասնավորի, մենք պահանջում ենք. 1. անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին, դադարեցնել ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները: 2. տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում, 3. իրավական կարգավիճակ տրամադրել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիները, 4. վերացնել Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Ժդանովական անցակետում հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքը, 5.  կասեցնել Վրաստանի հայկական դպրոցների վրացականացմանն ուղղված ծրագրերը, 6.  վերացնել Ջավախքի հիմնախնդիրներով զբաղվող մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքը: 2011թ. Մերձավոր Արևելքում ծայր առած իրադարձությունները գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ իրենց բնակչության տարրական իրավունքները կոպտորեն ոտնահարող մենատիրական վարչակարգերը կենսունակ չեն: Ուստի, հանուն տարածաշրջանում կայունության հաստատմանը` կոչ ենք անում միջազգային և եվրոպական կառույցներին ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter