«Դուք կարո՞ղ եք ասել` ձեր հորեղբոր աղջիկը ինչի՞ մեքենա չի առնում»
Այդպես էլ քաղաքապետ Դարբինյանը չունի իր համայնքին վերաբերող հարցերի պատասխանները
Մինչ Վանաձորում ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած 32 ընտանիք նախընտրական շրջանում պայմանով տուն է ստանում համայնքից, Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ (կամ Կարեն Դեմիրճյան) փողոցի թիվ 17 ավերակ շենքի 6 ընտանիքի բնակարանային խնդիրը շարունակում է կախված մնալ օդում:
Այս խնդրին «Հետքն» արդեն անդրադարձել է: Հիշեցնենք, որ շենքը գերատեսչական է, պատկանում է ՀՀ Էներգերտիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հյուսիսային մասնաճյուղին:
Շենքի բնակիչներն էլցանցի նախկին և ներկա աշխատողներ են, երկրորդ, երրորդ սերունդներ, որոնք բնակֆոնդի տված օրդերներով արդեն կես դար ապրում են այս բնակարաններում, ուստի` օրինական պահանջ ունեն դրանց նկատմամբ: Բայց բնակիչներին իրավունք չի տրվում սեփականաշնորհել իրենց բնակտարածքները, քանի որ շենքը քանդման ենթակա է: Շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ նշված է վթարայնության չորրորդ կարգ: Չնայած դրան` շենքը ընդգրկված չէ աղետի գոտու բնակարանաշինության պետական ծրագրում:
Քաղաքային և մարզային իշխանությունները դա բացատրում են նրանով, որ պետությունը պարտավորություն է վերցրել միայն պետական բնակֆոնդի նկատմամբ: Իսկ քանի որ շենքը մասնավոր սեփականություն է, շենքի բնակիչները չեն կարող հաշվառվել աղետի գոտում արտահերթ բնակարանների հատկացման հերթացուցակում: Այս մասին բնակիչներին պաշտոնապես տեղեկացրել է նաև քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանը:
Սրանով խնդիրը դրվում է համայնքի կամ էլցանցի վրա:
Մի քանի տարի առաջ քաղաքային և մարզային իշխանությունները խնդրի լուծումը տեսնում էին շենքը էլցանցի հաշվեկշռից համայնքի հաշվեկշռին փոխանցելու մեջ: Դա նախ և առաջ բխում էր համայնքի շահերից. շենքն իր հաշվեկշռին փոխանցելուց հետո համայնքն այն աճուրդով պիտի օտարեր` պայմանով, որ այդ տարածքում բնակելի շենք կառուցելուց հետո կառուցապատողը պիտի լուծեր շահառու 6 ընտանիքի բնակարանային խնդիրը և նրանց բնակմակերեսներ հատկացներ նոր կառուցված շենքում: Համայնքի ղեկավարությունն իր նպատակը պաշտոնապես այսպես էր ձևակերպում:
Ի դեպ, սրա նախադեպը Վանաձորում արդեն կա «էլիտար» շենքի օրինակով: «Էլիտար» շենքի տարածքը նույնպես համայնքի կողմից օտարվել է` իբր թե նշված պայմանով, բայց ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոչ «փոսն է լցվում», ոչ բնակիչներին է փոխհատուցում տրվում:
Վանաձոր համայնքի ղեկավարությունը սկզբում էլցանցին դիմել է Գրիգոր Լուսավորիչ 17 շենքը իր հաշվեկշռին փոխանցելու խնդրանքով: Հավանաբար մերժում ստանալով` համայնքն արդեն հայց է ներկայացրել դատարան` շենքը քանդելու պահանջով: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը վճռով բավարարել է հայցը` էլցանցին պարտավորեցնելով շենքը քանդել քաղաքապետարանի կողմից բնակիչներին ժամանակավոր բնակտարածություն հատկացնելուց հետո:
Քաղաքապետարանը բողոքարկել է վճիռը վերադաս ատյանում: Վերաքննիչ դատարանը, քննելով քաղաքապետարանի բողոքը, մերժել է այն` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատարանը նաև պարզաբանում է տվել քաղաքապետարանին, որ վերջինս պարտավոր է բնակիչներին նոր բնակտարածություն հատկացնել: Վերաքննիչ դատարանի վճռից հետո քաղաքապետարանը բնակիչներին ժամանակավոր բնակտարածություն է առաջարկել հանրակացարանում:
Բնակիչները հրաժարվել են ժամանակավոր կացարանից` գերադասելով մնալ ավերակ բնակարաններում: Եվ քանի որ բնակիչները մինչ օրս դուրս չեն գալիս շենքից, էլցանցը այն քանդելու հնարավորություն չունի. էլցանցի ղեկավարությունը նման հիմնավորում է բերել «Հետքին» ուղարկած գրավոր պատասխանում:
Էլցանցի դիրքորոշումը հայտնի է նաև շենքի բնակիչներին. շենքն էլցանցի խնդիրն է, շենքի բնակիչները` համայնքինը: Եթե համայնքն իր բնակիչներին շենքից հանի, էլցանցն իր շենքը կքանդի:
Բայց բնակիչները գիտեն, որ շենքից դուրս գալով` փողոցում են հայտնվելու:
Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը գրավոր տեղեկացրել է նրանց, որ դատարանի վճռում նշված չէ, թե ով է պարտավոր լուծել նրանց բնակարանի խնդիրը: Ապա հայտնել է, որ դա էլցանցի խնդիրն է:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն էլ բնակիչներին ասել է, որ «նրանց հետ գործ չունի, նրանց տեր չէ. թող գնան Աբրահամյանին (էլցանցի տնօրենին - հեղ.) դիմեն»:
«Հետքի» հետ զրույցի ընթացքում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նախ ասաց, որ այս և քաղաքի մյուս` 84 վթարային և ամրացման ենթակա շենքերի խնդրով քաղաքապետարանը մի քանի անգամ դիմել է կառավարությանը, որը պատասխանել է, որ համապատասխան միջոցներ լինելու դեպքում կզբաղվի խնդրով:
Քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Տ. Պապանյանի խոսքը, սակայն, կասկածի տակ է դնում քաղաքապետի ասածը: «84 վթարային շենքն է մեր գույքը: Գրիգոր Լուսավորիչ 17 շենքի մարդիկ մեր բնակֆոնդում հաշվառված չեն, մեր հերթացուցակում չկան, որովհետև մեր շենքերի բնակիչ չեն, աղետից տուժած չեն»,-համայնքի ղեկավարության կարծիքն է փոխանցում գլխավոր ճարտարապետը:
Ինքը` քաղաքապետը, Գրիգոր Լուսավորիչ 17 շենքն իր բնակիչներով նախ կառավարությանն է «փոխանցում»: «Կառավարության խնդիրն է, դա համայնքի խնդիրը չի»,- ասում է, ապա այդ խնդրից հրաժարվում «հօգուտ» էլցանցի: «Էդ շենքը իրա տարածքով ու բնակիչներով էլցանցի խնդիրն է… Մենք նույնիսկ դատարան ենք տվել, որ դատարանը վտարի, (բնակիչներին - հեղ.), բայց ըտեղ էլ որևէ լուծում չստացվեց»,- համայնքի բնակիչների մասին է խոսում համայնքի ղեկավարը:
Ինչո՞ւ էլցանցը չի լուծում «իր խնդիրը». քաղաքապետը պատասխան չունի: «Դուք կարո՞ղ եք ասել ձեր հորեղբոր աղջիկը ինչի մեքենա չի առնում իրա համար. Էլեկտրացանցի պրոբլեմն է, ինչի՞ էլեկտրացանցի պրոբլեմը իմը դարձնեմ»,- ասում է:
Իրականում քաղաքապետին ձեռնտու էլ չէ, որ էլցանցը «լուծի իր խնդիրը»: «Շենքը քանդելուց հետո բնակիչներին որտե՞ղ են տուն տալու»,- հռետորական հարց է հնչեցնում քաղաքապետ Դարբինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել