HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». անձեռնմխելի Սամվել Ալեքսանյանի օղիները բարեհաջող վաճառվում են

Եթե մի երկրում որևէ ընկերություն կարող է արդեն առնվազն 3 տարի շարունակ գործնականում գրեթե պատասխանատվության չենթարկվելով նմանակել օտարերկրյա արտադրողների հայտնի ապրանքային նշանները, ավելին` կարող է տվյալ իրավախախտմամբ արտադրված արտադրանքի իրացումն այդ ամբողջ ընթացքում անարգել շարունակել, նշանակում է, որ բանի պետք չէ կամ տվյալ երկրի տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը, կամ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը կոչված է ու պարտավոր է հետևել այդ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարմանը:

Հնարավոր է նաև, որ և օրենսդրությունն է խայտառակ բնույթի (այսինքն` ի սկզբանե համապատասխանեցված է օրինախախտ ընկերությունների շահերին, «կարված» է դրանց տերերի հագով), և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինն է անգործություն դրսևորել: Հիմա փորձենք պարզել իրականությունը, իսկ մինչ այդ որոշակիացնենք, որ տվյալ հոդվածում խոսքը ՀՀ ԱԺ պատգամավոր, հայտնի բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-Գրիգ» ընկերության, նրա արտադրած և իրենց արտաքին տեսքով, ապրանքային նշանով ուկրաինական և այլ ընկերությունների օղիներին նմանակած առնվազն 10 անվանատեսակ օղիների և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասին է:

«Տնտեսական մրցակցության օրենսդրությամբ նախատեսված անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ էին այդ օղիների հետ կապված խախտումները, ավելի որոշակի` «Ալեքս-Գրիգ» ընկերության արտադրած այդ օղիների ապրանքային նշանները շփոթության աստիճանի նման էին այլ ընկերության կողմից արտադրվող օղիներին, ինչը կարող էր հասարակության մոտ շփոթություն առաջացնել տնտեսավարող սուբյեկտի արտադրանքի վերաբերյալ,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչության ավագ փորձագետ Հայկ Կարապետյանը:- Սկզբնական շրջանում հանձնաժողովի ուշադրությանն արժանացած այդպիսի արտադրանքներն էին «Պառլամենտ» անվանումով օղին, որը շփոթության աստիճանի նման էր ռուսական «Պառլամենտ» անվանումով օղուն, «Ռուսսկիյ Բրիլլիանտ» օղին, որը էլի շփոթության աստիճանի նման էր այլ ընկերության կողմից արտադրվող «Ռուսսկիյ Բրիլլիանտ» օղուն, ինչպես նաև դարձյալ իրավախախտմամբ արտադրած, օտարերկրյա ընկերության արտադրանքին նմանակած «Բուֆետնայա Տրադիցիա» օղին: Այս օղիների առնչությամբ հանձնաժողովը վարույթը սկսել է 2009 թ., ընկերությունը բողոքարկել է հանձնաժողովի որոշումը, հետագայում դատարանի կողմից որոշումը թողնվել է անփոփոխ:

Այնուհետև ևս 5 օղիների առնչությամբ վարույթներ են հարուցվել, դրանք են «Ուկրաինկա», «Խլոպցի», «Մեդոֆֆ», «Պրայմ» և «Խլեբնիյ Դառ» օղիները ապրանքային նշանների առումով ընկերության նմանակած օղիները: Հանձնաժողովն այդ 5 օղու կապակցությամբ ևս արձանագրել է անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ընկերությունը դարձյալ դատական կարգով բողոքարկել է հանձնաժողովի որոշումները, սակայն դատական բոլոր ատյանները դրանք թողել են ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի վերջնական որոշումների կայացումից անմիջապես հետո հանձնաժողովը վարչական դատարան հայց է ներկայացրել` տվյալ ապրանքային նշաններով օղիների արտադրությունն ու իրացումը դադարեցնելու, դրանք շրջանառությունից հանելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումները կատարելու, ինչպես նաև իր նշանակած, բայց ընկերության կողմից դեռ չվճարված տուգանքները վճարելու պահանջով:

Եթե ընկերությունը դատարանի որոշումները կամովին չկատարի, ապա հանձնաժողովը ստիպված կուզի կատարողական թերթ, կդիմի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Նշեմ նաև, որ հանձնաժողովի կողմից հիշյալ հայցը վարչական դատարան ներկայացնելուց հետո ընկերությունը ս.թ. օգոստոսի 29-ին դատարան է ներկայացրել պատասխան (մենք այն ստացել ենք սեպտեմբերի 13-ին), որով հայտնել է, որ հայցադիմումի մեջ նշված օղիները շրջանառությունից հանվել են: Կան ևս երկու օղիների («Զելյոնայա Մետկա» և «Ռուդնիկ») վերաբերյալ հանձնաժողովի որոշումներ, որոնք ընկերությունը նույնպես բողոքարկել է դատարան»:

Երևի ողջ հանրությանն է հայտնի, որ «Ալեքս-Գրիգ» ընկերության արտադրած և «Երևան Սիթի» սուպերմարկետներում վաճառվող «Զելյոնայա Մետկա» օղին իր արտաքին տեսքով, պիտակով, ապրանքային նշանով չափազանց նման է ռուսական «Զելյոնայա Մառկա» օղուն, «Ռուդնիկ» օղին` ռուսական «Ռադնիկ» օղուն, «Մեդոֆե» օղին` «Մեդոֆֆ» օղուն, նույնը կարելի է ասել նաև ընկերության արտադրած բազմաթիվ այլ օղիների վերաբերյալ:

Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովն, օրինակ, ամրագրել է, որ ընկերության կողմից արտադրվող և իրացվող «Medofe» («Մեդոֆե») անվանումով օղու պիտակների վրա զետեղված ապրանքային նշանի բառային, գունային և պատկերային համադրությունները շփոթության աստիճանի նմանեցված են բրիտանական «Soyuz-Viktan Group» («Սոյուզ-Վիկտան գրուպ») սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և ՀՀ-ում պահպանման ենթակա «Medoff» («Մեդոֆֆ») անվանումով ապրանքային նշանի բառային, գունային և պատկերային համադրություններին:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` օրենք) համաձայն` տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը անբարեխիղճ մրցակցության գործողություն է:

Ընդգծենք, որ հիշյալ 10 օղիների առնչությամբ «Ալեքս-Գրիգ» ընկերության բոլոր վճռաբեկ բողոքներից հետո ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը դրանք, ըստ էության մերժելով, վերադարձրել է, որոշման 2-րդ կետով նշել, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման, այսինքն` անփոփոխ է թողել ինչպես վերոնշյալ խնդրի հետ կապված նախորդ` ՀՀ վարչական և վարչական վերաքննիչ դատարանների, այնպես էլ հանձնաժողովի որոշումները:

Հանձնաժողովն ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար, որպես պատասխանատվության միջոց, կիրառել է տուգանք` յուրաքանչյուր օղու կապակցությամբ 500000-ական դրամ, ինչպես նաև ընկերությունից պահանջել է վերացնել խախտումը, այսինքն` 1-ամսյա ժամկետում շրջանառությունից հանել խնդրահարույց (տասն անվանում) օղիները: Ընկերությունը հանձնաժողովի 2009 թ. թիվ 82-Ա, 83-Ա, 84-Ա որոշումներով նշանակված 500000-ական դրամ տուգանքները, ընդհանուր առմամբ 1500000 դրամ, ըստ Հ. Կարապետյանի, մուծել է արդեն, իսկ մնացած 7 օղիներին առնչվող իրավախախտումների համար նշանակված տուգանքները դեռևս չի մուծել:

- Մեր հայցադիմումի պատասխանում նշել է, թե անցել են մուծելու վաղեմության ժամկետները` վկայակոչելով անհիմն դրույթ, ինչը դատարանում, իհարկե, կքննարկվի,- ասաց Հ. Կարապետյանը:

«Հրաշալի» է, ավելի քան զավեշտ. ընկերությունն իրար հետևից նախ վարչական բողոքներ է ներկայացրել հանձնաժողով, ապա հայցեր, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է ներկայացրել դատական տարբեր ատյաններ, դատարանները 2010-ից սկսել են քննել դրանք, վերոնշյալ խնդրի առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի վերջին որոշումը 2011 թ. սեպտեմբերի 7-ին է կայացվել, իսկ հիմա ընկերությունն ասում է, թե տուգանքը մուծելու վաղեմության ժամկետն անցել է: Եթե դա իրոք այդպես է, ապա մենք ոչ թե պարզապես թերի, այլ իրավախախտներին պատասխանատվությունից խույս տալու հնարավորություն ընձեռող խայտառակ օրենսդրություն (ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք) ունենք և այն ընդունած, բիզնեսմեն պատգամավորներով գերհագեցած խայտառակ խորհրդարան, որի ընդունած համապատասխան օրենքները չեն հակասում հայտնի անձանց անօրինական շահերին: Սակայն խնդիրն արդյոք միայն օրենսդրությա՞նն է վերաբերում... Ոչ, իհարկե:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ի՞նչ է նախատեսել հանձնաժողովի որոշման պահանջները որոշման մեջ նշված ժամկետում չկատարելու համար: Ըստ Հ.Կարապետյանի` այսպիսի դեպքերում նախատեսված է վարույթ հարուցել ընկերության նկատմամբ հանձնաժողովի որոշումը չկատարելու համար և տուգանել մինչև 5 մլն դրամի չափով: Դա` ըստ այժմ գործող օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի: Դրանով հստակ սահմանված է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև 5 միլիոն դրամ: Այսինքն` այս պահին էլ հանձնաժողովը պարտավոր է ընկերությանը տուգանել, և այդ տուգանքների ընդհանուր գումարը թվով տասը որոշումների պահանջների չկատարման համար կարող է հասնել 50 մլն դրամի:

Մինչ հիշյալ օրենքում 2011 թ. ապրիլին կատարված և ամռանից ուժի մեջ մտած փոփոխությունները և լրացումները, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, տնտեսավարող սուբյեկտի կողմից հանձնաժողովի որոշումը չկատարելը որոշման մեջ նշված ժամկետում առաջացնում է տուգանքի նշանակում մեկ միլիոն դրամի չափով: Ինչպես ակնհայտ է, օրենքի պահանջն իմպերատիվ բնույթ ունի, այսինքն` տուգանքի նշանակումը ոչ թե հանձնաժողովի հայեցողությանն է թողնված, այլ նրա պարտականությունն է, հանձնաժողովի կողմից ենթակա է պարտադիր կատարման: Ընդ որում` օրենքում բառ անգամ չկա այն մասին, որ այդ տուգանքը կարող է չնշանակվել, կամ տուգանքի նշանակումը կարող է հետաձգվել, եթե տնտեսավարող սուբյեկտը բողոքարկել է հանձնաժողովի որոշումը: Հակառակը` նույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը)»:

Սակայն չնայած վերը նշվածին և այն հանգամանքին, որ «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ-ն կոպտորեն խախտել է հանձնաժողովի 2009 թ. նոյեմբերի 5-ի թիվ, թիվ 82-Ա, 83-Ա, 84-Ա, 2010 թ. մայիսի 19-ի թիվ, թիվ 56-Ա-ից 60-Ա, 2010 թ. օգոստոսի 4-ի թիվ 181-Ա և 182-Ա որոշումներով այդ որոշումների պահանջների կատարման համար սահմանված 10-օրյա (տուգանքը վճարելու համար) և 1-ամսյա (օղին շրջանառությունից հանելու համար) ժամկետները, հանձնաժողովն ինչպես իր ժամանակին, այնպես էլ ընդհուպ 2 տարի ուշացումով չի տուգանել հիշյալ ընկերությանը: Տուգանքի ընդհանուր գումարն այն ժամանակ կազմելու էր 10 մլն դրամ, այսինքն` կարելի է ասել նաև, որ հանձնաժողովը 10 մլն դրամի վնաս է պատճառել պետբյուջեին: Ավելին` հանձնաժողովն «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ-ին չի տուգանել նույնիսկ այն բանից հետո, երբ իր վերոնշյալ որոշումների դեմ ընկերության վճռաբեկ բողոքներից հետո այդ բողոքները չբավարարող ՀՀ վճռաբեկ դատարանի վերջնական դատական ակտեր են եղել (առաջին այդպիսի որոշումը եղել է դեռ 2010 թ. հուլիսի 21-ին): Չի տուգանել առ այսօր ու մտադիր էլ չէ տուգանել:

Հիշյալ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իր խնդիրներն իրականացնելու համար հանձնաժողովը կատարում է մի շարք հիմնական գործառույթներ, այդ թվում նաև «դիմում է դատարան` տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ»: Սակայն հանձնաժողովն իր այս հիմնական գործառույթը կատարել է չափազանց ուշացումով` իր հիշյալ որոշումներն արհամարհելու համար ընդամենը վերջերս հայց ներկայացնելով ՀՀ վարչական դատարան, և ընկերությանն այդպիսով լիարժեք հնարավորություն տալով օրենքի խախտմամբ բարեհաջող շարունակել հիշյալ օղիների արտադրությունը և իրացումը: Ընկերությունն էլ օգտվել և առ այսօր օգտվում է այդ հնարավորությունից, նույնիսկ հասցրել է իր արտադրած օղիներից մի քանիսի խմբաքանակն ամբողջությամբ իրացնել: Սակայն մի շարք օղիների վաճառքը, որոնք դեռ 2009 թ. և 2010 թ. պետք է շրջանառությունից հանված լինեին, դեռ շարունակվում է:

Ահա «Ալեքս-Գրիգ» ընկերության կողմից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայցադիմումի դեմ թիվ ՎԴ 4181/05/11 գործով վարչական դատարան (դատավոր` Կ.Բաղդասարյան) ներկայացրած պատասխանից մի հատված. «Ինչ վերաբերում է հայցադիմումում վկայակոչված թվով 8 «որոշումներում նշված ապրանքային նշանների օգտագործմամբ օղիների արտադրությունն ու իրացումը դադարեցնելու և բացառելու, ինչպես նաև դրանք շրջանառությունից հանելու» պահանջին (այսուհետ նաև` առաջին պահանջ), ապա հարկ եմ համարում նշել, որ վաղուց «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի (այսուհետ նաև` Ընկերության) կողմից այդ ապրանքային նշանների անվանումներով օղիների արտադրություն, իրացում չի իրականացվում, և այդ օղիներն արդեն շրջանառությունից հանված են, որպիսի հանգամանքը հանձնաժողովի առաջին պահանջը դարձնում է առարկայազուրկ»:

Ընդգծենք, որ վերը մեջբերվածը պետական մարմնին ուղղված բացահայտ կեղծ պատասխան է, քանի որ «Երևան Սիթի» սուպերմարկետներում շարունակվում է վերոնշյալ որոշումներում նշված ապրանքային նշանների օգտագործմամբ «Բուֆետնայա Տրադիցիա», «Մեդոֆե», «Ռուսսկիյ Բրիլլիանտ», «Խլեբնիյ Դառ» և այլ օղիների իրացումը, ինչի մասին տեղեկացրել ենք հանձնաժողովին: Սակայն հանձնաժողովը, կարծում ենք, նույնիսկ ինքն իրեն չի հարգում, այլապես իրեն «լոխի» տեղ դնելու ընկերության վերոնշյալ փորձից հետո իր որոշումների պահանջները չկատարելու համար կտուգաներ նրան:

Կարծում ենք նաև, որ հանձին հանձնաժողովի վերոնշյալ անգործության, մենք գործ ունենք կոռուպցիայի կամ վախկոտության դրսևորման հետ (սա թող ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզի): Մի՞թե հանձնաժողովը նույն կերպ կվարվեր, եթե օրինախախտ ընկերությունը ոչ թե երկրի տնտեսական ու քաղաքական վերնախավում կարկառուն տեղ ունեցող օլիգարխինը լիներ, այլ շարքային մեկինը: Դժվար թե... Նշենք նաև, որ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` «Հանձնաժողովի պաշտոնատար անձը սույն օրենքի խախտման համար կրում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter