Բեռլինում անցկացվեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ
Երեկ Բեռլինում տեղի ունեցան Սումգայիթի զոհերի հիշատակի 23-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Միջոցառումները մեկնարկեցին Բեռլինի Հումբոլդի համալսարանի մոտ, որտեղից մասնակիցները երթով ուղղվեցին դեպի Բրանդենբուրգյան դարպասներ: Այնտեղ կազմակերպվեց բողոքի ակցիա, որի ընթացքում բարձրացվեցին Ադրբեջանի ոճրագործությունը դատապարտող պաստառներ, անցորդներին բաժանվեցին թռուցիկներ:
Այնուհետև Բեռլինի Սուրբ Լուիզեն եկեղեցիում Գերմանիայի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը մատուցեց Սուրբ պատարագ, որին հետևեց զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն` ակնառու գիտնականների, կրոնական գործիչների, մտավորականների և եկեղեցական երգչախմբի մասնակցությամբ:
Արարողությանը ելույթ ունեցան Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը, ԳԴՀ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Բեռլինի հայ եկեղեցական և մշակութային միության նախագահ Պետրոս Դիկիչյանը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Միջոցառման ընթացքում հնչեցին ազգային և կրոնական երգեր: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել