HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունը 1914-18 թթ. վրացական պարբերականներում» գիրքը

Վրաստանի Ազգային խորհրդարանական գրադարանում ապրիլի 20-ին կայացավ «Հայոց ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: Գրքի ստեղծման գաղափարը և ժողովածուի հրատարակման բոլոր աշխատանքները իրականացրել են «Վրաստանի հայ համայնք» և «Վրաստանի հայ ուսանողների միություն» հասարակական կազմակերպությունները: Գիրքը լույս է տեսնում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի (EAFJD) Վրաստանի գրասենյակի և «Վրաստանի հայ համայնքի» հովանու ներքո:

«Հայոց ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» ժողովածուում տեղ են գտել Վրաստանի Ազգային խորհրդարանական գրադարանի վրացական պարբերականների բաժնում պահպանվող, Հայոց ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր: Վրացերեն այս ժողովածուում ներկայացված են Հայոց ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր վրացական երեք` «Սաքարթվելո» («Վրաստան»), «Սամշոբլո» («Հայրենիք»), «Սախալխո փուրցելի» («Ժողովրդական թերթոն») թերթերից և «Կլդե» («Ժայռ») ամսագրից:

Գիրքը հեղինակել են «Վրաստանի հայ ուսանողների միության» անդամներ Ալեքսանդր Օհանյանը, Արթուր Միրզոյանը, Ռազմիկ Բադալյանը, Գևորգ Յագուտովը և Էդուարդ Սահակյանը, ովքեր մեկ տարի շարունակ գրադարանում ուսումնասիրել, այնուհետև մշակել և պատրաստել են ժողովածուն:

Գրքի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օթար Ջանելիձեն, ով նշում է, թե այս ժողովածուում տեղ գտած նյութերը արտահայտում են այն ժամանակվա վրացական մամուլի և քաղաքական կազմակերպությունների տեսակետը` Հայոց ցեղասպանության մասին, և ցույց տալիս վրաց ժողովրդի վերաբերմունքը Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված ողբերգությանը:

«Գրքի հիմնական նպատակներից է խթանել Վրաստանի գիտական շրջանակներին` ուսումնասիրելու նյութերի ու փաստերի այն մեծ պաշարը, որը պահպանվում է վրացական արխիվներում` դրանով լրացնելով Հայոց ցեղասպանության արդեն հայտնի պատկերը»,- ասում է գրքի նախաձեռնողներից Ալեքսանդր Օհանյանը:

«Վրաստանի հայ ուսանողների միության» նախագահ Արմեն Աղաջանովն էլ նշում է, որ «Հայոց ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գիրքը նպատակ ունի նաև վրացի ընթերցողին ծանոթացնել Հայոց ցեղասպանության փաստին, քանի որ այս հարցը վրաց հասարակությունում տասնամյակներ շարունակ «տաբու» է համարվել: Այս մասին հայտնում է «Վրաստանի հայ համայնքի» մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter