
Երևանի Արաբկիրի ոստիկանության արդեն նախկին պետ Վարուժան Ադամյանը, ատրճանակը ձեռքին, ուղիղ երեք տարի առաջ` 2008-ի մարտի 1-ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց պաշտպանում էր քոչարյանասերժական ռեժիմը: Նախորդ օրը ՀՀ ոստիկանությունը հաստատեց, որ Ադամյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ներկայումս «կադրերի տրամադրության տակ է»:
Նույն օրը ոստիկանությունը հաստատեց նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանին պաշտոնանկ անելու մասին տեղեկությունը:
Նրանք երկուսն էլ աչքի էին ընկնում իրենց առանձնակի դաժանությամբ հատկապես ընդդիմության դեմ իրագործվող օպերացիաների ժամանակ` սկսած դեռ 2003 թվականից: Ու հիմա Ադամյանն ու Թամամյանը ոչ միայն պաշտոնանկ են արվել, այլ նաև խոսվում է այն մասին, թե նրանք անցնում են մի քրեական գործով, որը, սակայն, որևէ կապ չունի նրանց` ընդդիմության ներկայացուցիչների դեմ իրագործած դաժանությունների հետ:
Այսօր` մարտի 1-ին, Երևանում անց է կացվելու ընդդիմության մեծ հանրահավաքը, և ոստիկանական համազգեստներ կրող մի քանի թամամյաններ ու ադամյաններ էլի իրենց ճղելու են ավազակապետության պաշտպանի կոչմանն արժանանալու համար:
Նշենք, որ Հ.Թամամյանին պաշտոնանկ անելու մասին լուրը լսելուց հետո իր բնակարանում նախնական տվյալներով ինքնասպան է եղել նրա հայրը` 81-ամյա Ղուկաս Թամամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել