HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը պետական ծառայությո՞ւն է, թե՞ սեփական ֆիրմա

Կամ ամսական 12 միլիոնը որտեղի՞ց Լրատվական միջոցները տեղեկացնում են, որ Ոոստիկանության պարեկապահակային ծառայության 240 աշխատակից դիմում է գրել` համակարգից դուրս գալու համար: Նրանք, իրենց աշխատանքային պայմանագրի համաձայն, պետք է ստանան ամսական 150 հազար դրամ, բայց արդեն վեց ամիս է, դրա փոխարեն ստանում են 50 հազարական դրամ: Օրերս ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը նրանց համոզել է նման բան չանել` խոստանալով, որ ինքն իր գրպանից ամեն ամիս 50 հազար դրամ կտա նրանց: ՊՊԾ աշխատակիցները, սակայն, չեն համաձայնել: Ի~նչ գթասրտություն: Հայաստանն այնքան է զարգացել ու զարգացած երկրներից էլ դեռ մի բան անցել, որ ոստիկանապետը անգամ «բարեգործությամբ է զբաղվում», պատրաստ է իր աշխատակիցներին իր գրպանից վճարել: Պարզվում է` Ներսես Նազարյանի գործերը լավ են: Վերջերս «Հարսնաքարում» տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը, որին ներկա են եղել նաև Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ըստ տարածված լուրերի` քավորը՝ Ռուբեն Հայրապետյանը, Նազարյանի որդուն Bentley է նվիրել, որի գինը սկսվում է 150 հազար դոլարից և հասնում մինչև 400 հազար դոլարի: Ներսես Նազարյանը, սակայն, ասել է, թե նման բան բացարձակ չկա, իր տղան Bentley չունի, այլ ապառիկով 60 հազար դոլար արժողությամբ Nissan Patrol է գնել: Հարց է առաջանում. որտեղի՞ց Ներսես Նազարյանին այդքան փող, որ իր գրպանից այդքան մարդու պատրաստ է ամսական 50 հազարական դրամ տալ: 240 անգամ 50 հազար՝ 12 միլիոն դրամ... Իսկ նրա որդուն, որ երիտասարդ է ու դեռ նոր է ամուսնացել, որտե՞ղից այդքան ֆինանսական կարողություն, որ 60 հազար դոլար հատկացնում է միայն Nissan Patrol գնելու համար, թեկուզև ապառիկ, բայց վստահ նա ամսական 10 հազար դրամով դա չի փակելու: Ես առիթն ունեցել եմ արդեն անդրադառնալ այն խնդրին, թե Հայաստանում «Հայաստանի Հանրապետություն» գոյություն չունի, այլ գոյություն ունի Հայաստանի Բաց Բաժնետիրական Ընկերություն, որը իրեն կոչում է «Հայաստանի Հանրապետություն»: Նախագահից, վարչապետից ու Ազգային ժողով կոչվածի նախագահից ու պատգամավորներից սկսած` մինչև նախարար ու  փոխնախարարներ կոչվածները այլ բան չեն, քան այդ ընկերության բաժնետերերը, իսկ ավելի շարքայինները` դրա զուտ ծառայողները: Եթե այդպես չէ, թող ապացուցեն` արդյո՞ք ոստիկանապետը կարող է ի վիճակի լինել ամսական իր գրպանից 12 միլիոն դրամ վճարել: Ով Հայաստանի Բաց Բաժնետիրական Ընկերությունում բաժին ունի կամ նրա թափթփուկն է հավաքում, դառնում է իշխանամետ՝ «մերոնցից», իսկ ով` չէ` այդ ընկերության «դաժան» մրցակիցն է, իկարկե ոչ թե քաղաքական իմաստով, այլ հենց զուտ նրանց հարստությունն ու եկամուտի աղբյուրը նրանց ձեռքից վերցնելու իմաստով: Այդ նույն «գթասիրտ» ու «բարեգործ» ոստիկանապետը վերջերս բոլոր համայնքների ոստիկանապետերին բառացիորեն հրահանգել է թողնել բոլոր գործերը ու զբաղվել քաղաքացիներին մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից հետ պահելու գործով և պնդել է բոլոր ուժերը կենտրոնացնել այս ուղղությամբ, օգտագործել բոլոր հնարավոր լծակները, նույնիսկ փակել փողոցները Երևանում, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Սա է Հայաստանի պարզ պատկերը: Իսկ ոստիկանները, եթե ուզում են` ժողովուրդն իրենց հարգի, իրենց համարի իսկական Ոստիկան, հարկ եղած դեպքում իրենց պաշտպանի, ուրեմն չպետք է թույլ տան, որ ոստիկանապետերը իրենց շահագործեն, ժողովրդին ծառայելու փոխարեն՝ ծառայեցնեն իրենց քմահաճույքներին ու «Բաց բաժնետիրական ընկերության» շահերին: Ոստիկանը, իր «Շեֆի» կամ Ոստիկանապետի անօրինական հրահանգներն ու պահանջները կատարելուց խուսափելու համար, պետք է քաջ տեղեկացված լինի իր գործողություններին վերաբերող օրենքից, որպեսզի չկարողանան իրեն ապօրինի մեղադրանք ներկայացնել՝ «ոստիկանական պարտականությունները չկատարելու համար»: Եթե իրենց հրահանգ է տրվում, որ «դիմեն ամեն միջոցի, որ խաթարեն մարտի 1-ի հանրահավաքը», ոստիկանը պետք է հարց տա ոստիկանապետին. «Օրենքի ո՞ր տառի համաձայն պետք է փակել ճանապարհները, խոչնդոտել ժողովրդի մուտքը դեպի Երևան: Ժողովուրդը օրենքի ո՞ր կետն է խախտել, որի համար նրան պետք է արգելել  հանրահավաքին մասնակցելու», և այսպես շարունակ: Ոստիկանը չպետք է թույլ տա, որ իրեն ստորացնեն, օգտագործեն անձնական կամ խմբային շահերի համար: Ոստիկանը չպետք է թույլ տա, որ իր հարգանքն ու արժանապատվությունը ոտնահարեն, ստորացնեն և իրեն դրդեն ժողովրդի՝ իր Մոր, Հոր, Եղբոր և Զավակների դեմ՝ նրա արդարացի և օրենքի սահմաններում բարձրացրած ձայնը խեղդելու համար: Ոստիկանը ժողովրդի զավակն է, իր ծառայությունը միայն մեկ նպատակ ունի՝ ծառայել ժողովրդին, ապահովել նրա անվտանգությունը, պաշտպանել կարգուկանոնը, օրենքը խախտողներին օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկել: Ժողովրդավարական երկրներում ոչ մի ոստիկանապետ օրենքից դուրս չի կարող ոստիկանից անօրինական գործողություններ պահանջել: Եթե դա տեղի էլ ունենա, ապա տվյալ ոստիկանը շատ հանգիստ կարող է, համաձայն օրենքի, նրան դատի տալ: Ոստիկանը պետք է գիտակցի, որ ինքը Ոստիկան է ոչ թե նրա համար, որ ոստիկանապետի անօրինական հրահանգները կատարի, այլ օրենքի սահմաններում ժողովրդին ծառայի, նրա անվտանգությունն ապահովի ու կարգուկանոնը պահպանի: Քաղաքակիրթ երկրներում հանրահավաքը, հանրահավաքին մասնակցելը ապօրինի գործողություն չէ, և դրա համար ոչ ոքի չեն խանգարում, չեն արգելում, փողոց չեն փակում և թույլ չեն տալիս անգամ, որ որևէ մեկը այդ հանրահավաքը խանգարի: Ընդհակառակը, դրան խանգարողին են պատժում: Իսկ Հայաստանում հանրահավաքը խանգարողն ու խոչնդոտ առաջացնողը ոստիկանապետն ինքն է: Ինչը որ հոտի, աղ կցանեն, բայց որ ա՞ղն է հոտում... Երվանդ Խոսրովյան 28.02.2011 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter