Երևանի կենտրոնում նոր հյուրանոց կկառուցվի
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «Տաշիր» գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր համաձայնագիր են ստորագրել երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակում նախատեսվում է լայանածավալ ներդրումային ծրագրեր իրականացնել մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, կառուցապատման, հանգստի գոտիների ու կանաչ տարածքների ստեղծման և մի շարք այլ ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով հյուրերին համագործակցության առաջարկն ընդունելու համար` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի և խոշոր բիզնեսի միջև ձևավորվող հարաբերությունները սկզբունքորեն նոր որակ են ստեղծում քաղաքի և քաղաքային տնտեսության կառավարման մեջ:
«Մայրաքաղաքում գործարար միջավայրի բարելավման և ներդրումային միջոցների ներգրավման հետ կապված այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում»,- ասել է քաղաքապետը` համոզմունք հայտնելով, որ քաղաքային տնտեսության առանձին ոլորտներ, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում, կարող են ավելի արդյունավետ կառավարվել մասնավոր հատվածի կողմից:
«Այս պարագայում քաղաքային բյուջեի հիմնական մասը կուղղվի սոցիալական և բարեկարգման ծրագրերին»,-ընդգծել է նա:
Ողջունելով քաղաքային իշխանության նոր մոտեցումը` Սամվել Կարապետյանն իր հերթին նշել է, որ «Տաշիր» գրուպը քաղաքապետարանին համարում է երկարաժամկետ և հուսալի գործընկեր: Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ ընկերության կողմից իրականացվող ծրագրերը բոլորովին նոր պայմաններ կստեղծեն մայրաքաղաքի բնակչության հարմարավետության և հանգստի կազմակերպման առումով:
Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է Երևանի կենտրոնում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց, ավարտին հասցնել «Դալմա Գարդեն» առևտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը, առևտրային ժամանակակից կենտրոններ ստեղծել Հյուսիսային պողոտայում, վերակառուցել և արդիականացնել Երևանի կրկեսը, հանգստի գոտիներ ու զբոսայգիներ հիմնել քաղաքի տարբեր հատվածներում:
Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ծրագրերի շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է ավելի քան 600 նոր աշխատատեղերի ստեղծում` սպասարկման ոլորտում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել