HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոլսահայերը ներկայացնում են փոքրամասնության իրավունքների խախտումները Թուրքիայում

Հարութ Սասունյան Վերջերս Ստամբուլում թողարկված երկու փաստաթղթերը նոր լույս են սփռում Թուրքիայում փոքրամասնության իրավունքների խախտումների վրա: Այդ զեկույցների հեղինակները զգուշավոր, սակայն ճիշտ գնահատական են տալիս հայկական, հունական և հրեական համայնքների առջև ծառացած հիմնախնդիրներին: «Զեկույց ոչ մահմեդական փոքրամասնությունների վերաբերյալ» խորագիրը կրող առաջին փաստաթուղթը թվագրված է 2011 թվականի փետրվարին: Դրա հեղինակներն են երեք հայտնի պոլսահայեր` Գրիգոր Դոշեմիչյանը, Երվանդ Օզուզունը և Մուրադ Բեբիրօղլուն: Հեղինակները նպատակադրվել էին Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներին լուծում գտնել ճիշտ այն ժամանակ, երբ կառավարությունը նախապատրաստվում է վերանայել սահմանադրությունը` Եվրամիությանն անդամակցելու իր հնարավորությունները բարձրացնելու համար: Չնայած հեղինակները չեն նշում, թե արդյոք իրենց զեկույցը ներկայացվել է թուրք պաշտոնյաներին, սակայն իշխանությունները, անկասկած, տեղյակ են դրա բովանդակությանը: Այն թուրքերեն լեզվով տեղադրված է Ստամբուլում գործող hyetert.com կայքէջում: Ստորև թարգմանաբար ներկայացված են զեկույցի հիմնական կետերը. Ոչ մահմեդական փոքրամասնությունների առջև ծառացած դժվարությունները հեղինակները կապում են 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության ստեղծման հետ` որպես միաձույլ, միատարր պետության, որը հիմնված էր մեկ մշակույթի և մեկ կրոնի վրա: Այդ քաղաքականությունը լուրջ հետևանքներ է ունեցել փոքրամասնությունների համար, ստիպելով նրանց փախչել երկրից կամ ձուլվել: Ոչ մահմեդական փոքրամասնությունները դիտարկվում էին կամ որպես օտարերկրացիներ կամ պետության ներքին թշնամիներ: Հնարավոր չէ մի ոստիկան կամ սպա գտնել, որը փոքրամասնական որևէ խմբի անդամ լինի: 1934 թվականին Թրակիայից հրեաների տեղահանությունը, 1942 թվականի փոքրամասնությունների ունեցվածքից ահավոր չափի հարկերի գանձումը, և 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում հույների վրա կատարված լայնածավալ հարձակումները, հանգեցրին ոչ միայն այս համայնքների աղքատացմանը, այլ նաև նրանց մշակույթի քայքայմանը: Այսպիսի խտրական քաղաքականության և դաժան հարձակումների հետևանքով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների թվաքանակը զգալիորեն նվազեց` 1927 թվականի 350 հազարից հասնելով մինչև ներկայիս 80 հազարը, այն դեպքում, երբ թուրքերի թիվն ավելացավ վեց անգամ: Հեղինակները նշում են, որ թուրքական կառավարությունը վերջերս վերադարձրել է փոքրամասնությունների հաստատություններին պատկանող մի քանի կալվածքներ, որոնք բռնագրավվել էին սկսած 1974 թվականից: Սակայն փոքրամասնությունների հաստատությունների մասին նոր օրենքում առկա հակասությունների և թերությունների պատճառով վերադարձված կալվածքները չեն կարող շահավետ օգտագործվել, որովհետև ոչ մի համայնքի թույլ չի տրվում դրանք վերանորոգել: Կառավարությունը նաև խախտել էր Լոզանի պայմանագրի 41-րդ և 42-րդ հոդվածները, որոնցով Թուրքիան պարտավորվում էր ֆինանսավորում և հնարավորություններ ապահովել ոչ մահմեդական փոքրամասնություններին` կրթական, կրոնական և բարեգործական նպատակների համար, և պահպանության տակ առնել նրանց կրոնական հաստատությունները: Բացի Լոզանի պայմանագրից, Թուրքիայի կառավարությունը շարունակաբար խախտում է նաև ՄԱԿ-ի կոնվենցիաների և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ: Փոքրամասնությունների առջև ծառացած լրջագույն խնդիրներից մեկն այն է, որ թուրքական կառավարությունը չի ճանաչում Հայոց պատրիարքարանն ու Հրեական ռաբբինատը որպես իրավաբանորեն ճանաչված հաստատություն: Միայն անցյալ տարի, Հունական պատրիարքարանը, վերջապես ճանաչվեց որպես իրավական հաստատություն: Մեկ այլ խնդիր է կառավարության կողմից թուրք փոխտնօրենների նշանակումը փոքրամասնությունների դպրոցներում վերահսկողություն իրականացնելու համար, որը խոր անվստահություն է առաջ բերում: Նոր ուսուցիչների և կղերականների պատրաստումը ևս անհնարին էր դառնում թուրքական պետության կողմից կրոնական ճեմարանների փակման պատճառով: Զեկույցի հեղինակները պահանջում են, որպեսզի կղերականներին թույլատրվի կրոն դասավանդել փոքրամասնությունների դպրոցներում, ինչպես եղել է նախկինում: Եզրափակելով, հեղինակները թուրքական իշխանություններին կոչ են անում «ժողովրդավարական և ժամանակակից» սահմանադրություն մշակելիս հաշվի առնել բոլոր վերոնշյալ իրավական հարցերը: Երկրորդ փաստաթուղթը մի հարցազրույց է, որը «Ակունք» կենտրոնից Մելինե Անումյանը վարել է Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ, քանի որ Պատրիարքարանը պատրաստվում է նշել իր 550-ամյակը: Ըստ Աթեշյան սրբազանի, Ստամբուլում բնակվում են 67 հազար հայեր, իսկ երկրի ներսում` երեք հազար հայեր. Անկարայում` 500, Իսքենդերունում` 300, Սեբաստիայում` 70, Մալաթիայում` 50, իսկ Խարբերդում` 20 հայ ընտանիք: Բացի այդ, Սրբազանը հայտնել է, որ Թուրքիայում կան 100 հազար հայեր, որոնք վախենում են բացահայտել իրենց իսկական ինքնությունը: Այս ցուցանիշները չեն ներառում Հայաստանից եկած ապօրինի աշխատողներին, որոնք իրենց անօրինական կարգավիճակի պատճառով չեն կարող պսակադրվել, իսկ նրանց երեխաները` մկրտվել Պատրիարքարանի կողմից: Աթեշյան սրբազանը գոհ է, որ վերջին տարիներին մի քանի բռնագրավված կալվածքներ վերադարձվել են հայկական հաստատություններին: Նա հայտնել է, որ Թուրքիայում գոյություն ունեն Հայ Առաքելական 44 գործող  եկեղեցի, որոնցից 37-ը գտնվում են Ստամբուլում, երեքը` Իսքենդերունում, երկուսը` Տիգրանակերտում և մեկական` Մարդինում ու Կեսարիայում: Բացի այդ, Պատրիարքարանի հովանու տակ գործում են 12 հայկական դպրոցներ, իսկ հայ կաթողիկեներն ունեն երեք դպրոց ու տասը եկեղեցի: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում ապրում են երեք հազար հայ կաթողիկեներ և հազար հայ բողոքականներ: Ուրախալի է, որ ինը տասնամյակ անց Ստամբուլի հայ հոգևոր և աշխարհիկ ղեկավարները բավարար քաջություն ունեցան իրենց ձայնը բարձրացնելու ի պաշտպանություն իրենց ոտնահարված քաղաքացիական իրավունքների: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմ.` Ռ.Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter