HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռաֆիկ Պետրոսյանն օմբուդսմենին առաջարկում է բռնել Սահմանադրության եւ օրենքների «պոչը»

Ազգային ժողովն այս պահին ընտրում է Մարդու իրավունքների պաշտպանին: Արդեն պարզ է, որ հենց Կարեն Անդրեասյանն է լինելու Հայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ առաջադրված թեկնածուն միայն ինքն է, իսկ կոալիցիոն կուսակցությունները պաշտպանում են նրա թեկնածությունը: Քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը Կարեն Անդրեասյանին բնութագրեց դրական անձնավորություն: Պատգամավորը նաեւ հիշատակեց, թե Կարեն Անդրեասյանը իր ուսանողն է եղել եւ ամբիոնից արդեն դասախոսի կարգավիճակով սկսեց խրատներ տալ, թե ինչպես պետք է աշխատի մարդու իրավունքների պաշտպանը: «Արդեն փորձ ունենք, մարդու իրավունքների նախկին պաշտպանը  իր տարեկան զեկույցներում մի անգամ հայհոյում էր իշխանություններին, մեկ էլ նեղանում էր ու անցնում էր մյուս կողմին: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է պահի չեզոքություն»,- ասաց Ռ. Պետրոսյանը: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանվածությունը Հայաստանում գտնվում է ողբալի վիճակում: «Դա է ապացուցում նաեւ այն, որ մարդու իրավունքների առաջին պաշտպանը Քոչարյանին չենթարկվելու համար հեռացվեց, իսկ երկրորդ պաշտպանն ինքը հեռացավ»,- ասաց Վ.Դալլաքյանը: Ըստ պատգամավորի` խոսք չի կարող լինել մարդու իրավունքների պաշտպանվածության մասին, երբ երկրում  աղքատության մեջ է 1 մլն 100 քաղաքացի, եւ ոտնահարվում են նրանց օրվա հացը վաստակելու տարրական իրավունքները: Հետո անդրադարձավ քաղաքական մշակույթին, որը Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ: Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ  իշխանությունները պետք է պաշտպանի թեկնածության առաջադրումը զիջեին ընդդիմադիրներին: «Նման բան Հայաստանում երեւի տեղի կունենա 3011թվականին»,- ավելացրեց Վ.Դալլաքյանը: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մինչ այդ մեզ հայտնի ուղղությունները չեն, այլ շատ ավելի ընդգրկուն է: «Մենք օմբուդսմենից սպասելու ենք, աշխատանքային եւ սոցիալական իրավունքների պաշտպանվածություն: Իսկ այսօրվա կառավարությունն իր վարած քաղաքականությամբ  նպաստու՞մ է դրան, իհարկե ոչ»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով Ռաֆիկ Պետրոսյանի խրատներին` Վահան Հովհաննիսյանն ամբիոնից հռետորական հարց հնչեցրեց. «Իսկ մարդու իրավունքների պաշտպանը Ռաֆիկ Պետրոսյանի իրավունքնե՞րը պիտի պաշտպանի, որ այդպիսի խրատներ է տալիս, թե պաշտպանն ինչ չպիտի անի: Սա աննախադեպ բան է, նման բան մինչ այդ չէր եղել»,- ավելացրեց պատգամավորը: Վահան Հովհաննիսյանն ասաց, որ քանի որ ընդդիմությունը փաստորեն հնարավորություն չի ունեցել պաշտպանի թեկնածություն առաջադրել, եւ իրենք էլ գոհ չեն իշխանության առաջադրման  ընտրված ձեւից, ուստի ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու Կարեն Անդրեասյանի թեկնածությանը: Ռաֆիկ Պետրոսյանը «ծանր» տարավ Վահան Հովհհաննիսյանի քննադատությունը եւ տեղից ասաց, թե «բոլորդ էլ տեսած կլինեք «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը: Այնտեղ ասում էին բռնեք Իվանի պոչը, եւ հարցերը կկարգավորվեն: Ես էլ ասում եմ բռնեք Սահմանադրության եւ օրենքների պոչը»: Նա հորդորեց ավելորդ անգամ չսրել վիճակը: Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցությունը չէր մասնակցում այսօրվա քառօրյայի աշխատանքներին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին, խմբակցությունը ժամանակավորապես առկախել է քառօրյաների մասնակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter