Բռնցքամարտի լեգենդ Ենգիբարյանը` նախարարությունում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը մարտի 2-ին ընդունել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին: Հայաստանցի բռնցքամարտիկներից մինչ օրս միայն Վլադիմիր Ենգիբարյանին է հաջողվել օլիմպիական չեմպիոն հռչակվել: Դա հեռավոր 1956 թվականին էր` Մելբուռնում: Կաշվե ձեռնոցի հայ վարպետն իր մարզական կենսագրության ընթացքում նաև Խորհրդային միության և Եվրոպայի եռակի չեմպիոն է դարձել: 79-ամյա վետերանը 1994 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում և այս օրերին գտնվում է Երևանում: Ողջունելով լեգենդար մարզիկին` նախարար Արթուր Պետրոսյանն ընդգծեց, որ ողջ հայ ազգը հպարտանում է անվանի մարզիկով և մշտապես հիշում է նրա օլիմպիական հաղթանակը: Իր հերթին Վլադիմիր Ենգիբարյանը նշեց, որ ուրախ է գտնվել հայրենիքում, հանդիպել մեր երկրի մարզական ղեկավարության հետ: Ծանուցման կարգով նշենք, որ նախօրեին Վլադիմիր Ենգիբարյանը հանդիպել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Հանդիպման շրջանակներում ՀՀ-ում ֆիզիակական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Վլադիմիր Ենգիբարյանը պարգևատրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով: Նախօրեին օլիմպիական չեմպիոնը պարգևատրվել էր նաև ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգև ոսկե շքանշանով: Հանդիպման ավարտին նախարար Արթուր Պետրոսյանը շեշտեց, որ մեր երկրի մարզաշխարհի ներկայացուցիչները մշտապես ուրախ են հյուրընկալել հայ սպորտի կենդանի լեգենդ Վլադիմիր Ենգիբարյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել