HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատի» չհնչած ելույթը ՀԱԿ-ի հանրահավաքում

Փետրվարի 28-ին` «Ժողովրդական շարժման» կազմակերպած հանրահավաքի ժամանակ, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը հրապարակավ ասեց, որ մարտի 1-ին` ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ, «Սարդարապատ» շարժումը ևս խոսք ունի ժողովրդին ասելու։ Ցավոք, այդ խոսքը չասվեց, քանի որ ՀԱԿ-ի ղեկավարությունը նպատակահարմար չհամարեց «Սարդարապատ» շարժման ներկայացուցչին ելույթի հնարավորություն ընձեռելու։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցչի չհնչած ելույթն ամբողջությամբ։ Հայրենակիցներ, - Մարտի 1-ի մասին արվել են բոլոր վերլուծությունները, և տրվել են բոլոր գնահատականները: Անցած երեք տարիների ընթացքում լեգիտիմությունից զուրկ իշխանությունները այդպես էլ չցանկացան գտնել գեթ մեկ անձի, որին պատասխանատվության կանչեն տասը զոհված, տասնյակ վիրավորված և ազատազրկված քաղաքացիների համար: - Այսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաներում, երբ դեմոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող դիվային մեքենան: Այդ իսկ պատճառով, «Սարդարապատ» շարժումը պնդել է և շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսը և ուղիղ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակը: - Եթե երկու տարի առաջ այս կարգախոսը ընկալվում էր որպես ընդամենը ռոմանտիկ մարդկանց անհնարին ցանկություն, ապա այսօր մեր շուրջը` արաբական երկրներում, ծավալված աշխարհաքաղաքական տեկտոնական ընթացքների տրամաբանությունը ակնհայտ է դարձնում, որ վաղ թե ուշ այս ալիքը հասնելու է Կովկաս, այդ թվում նաև` Ադրբեջան, և անչափ կարևոր է, որ Հայաստանը օր առաջ պատրաստ լինի այդ` ժամանակային իմաստով անկանխատեսելի զարգացումներին: Նույն արաբական երկրների փորձը լավ դաս է Հայաստանի համար` գիտակցելու, որ միայն իշխանափոխությամբ մենք չենք հասնի մեր նպատակին, այն է հասնել անշրջելի համակարգային փոփոխությունների: Հարկավոր է Հայաստանի և Սփյուռքի լավագույն դիմադրական ուժերի միատեղումը այս անցումը առավել անցնցում իրականացնելու համար: - Այս վարչակարգին պետք է «ժողովրդավարություն»` առանց ժողովրդավարների, «ազատականություն»` առանց ազատականների, «նժդեհականություն»` առանց ազգայինների, «հայկական աշխարհ» առանց ֆիզիկական Հայաստանի... մի խոսքով սնամեջ հայրենիք, որի անունն է «Երևանի խանություն»... - Մեր հայրենիքը բազմիցս է ցույց տվել անկումից հետո փյունիկի նման հարություն առնելու իր կարողությունը: Միայն մտքով հնարավոր չէ հասկանալ և ըմբռնել պահի ողջ ճակատագրականությունը: Լայն բացենք մեր սրտերի դռները` նրանց թակող 4-րդ հանրապետության առջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter