HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախի հարցի վերջնական լուծումը կախված է հայության կամքից»

Վարչապետ Ա. Հարությունյանի մամուլի ասուլիսը Բեյրութում Երեկ Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը լիբանանյան այցելության շրջանակներում մամուլի ասուլիս է անցկացրել տեղի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Լիբանանում ՀՀ դեսպանատանը կայացած հավաքի ընթացքում Ա. Հարությունյանը անդրադարձել է Լիբանան այցելության հիմնական նպատակին, ինչպես նաև մանրամասնել Արցախի ներկա իրավիճակի կայունացմանն ուղղված և ազատագրված տարածքների բնակեցման, ԼՂՀ տնտեսության բարգավաճման նպատակով հայկական երկրորդ հանրապետության ձեռնարկած ծրագրերը: Ա. Հարությունյանը նշել է, որ իր այցելությունն ունի աշխատանքային բնույթ` ծանոթանալ լիբանանահայ գործարարների կարելիությունների հետ` դրանք Արցախի տնտեսական ասպարեզում ներգրավելու համար: Խոսելով լիբանանյան «Արցախ ֆոնդի» և ԱՐԻ ընկերության հետ գործակցության մասին` վարչապետը հայտնել է, որ այդ հարաբերությունները բացառիկ աշխատանքի արդյունք են, մինչ օրս որևէ ձախողում չի արձանագրվել փոխգործակցության ընթացքում: Վարչապետը նկատել է տվել, որ լուրջ ակնկալություններ ունի լիբանանահայ գործարարների հետ իր հանդիպումներից` հուսալով, որ ավելի մեծ արդյունքներ կարձանագրվեն Լիբանանում և դրանք կտարածվեն Հայաստանում և Արցախում: Նշելով ներդրումների անհրաժեշտությունը` Ա. Հարությունյանը շեշտել է, որ դրանք երաշխավորված են Արցախի պետության կողմից: Նրա խոսքով` ԼՂՀ իշխանությունների համար ազգային գերխնդիր է Շուշիի վերակառուցումը: Նշվել է նաև, որ արցախյան կառավարությունը հետամուտ է էլեկտրական նոր կայանների հիմնման, որոնց մի մասը արդեն իսկ իրագործված է անցած երկու տարվա ընթացքում: «Այս ծրագրերով արդեն կատարվել է 6,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում,- ասել է վարչապետը:- Արցախի կարողությունները մեծ են, ինչի շնորհիվ հնարավորություն կա արտահանել արտադրված էլեկտրաէներգիան»: Լրագրողների հարցերին ի պատասխան` վարչապետը անդրադարձել է, որ Արցախի համար վերաբնակեցումը և հայրենադարձությունը պետական քաղաքականության առաջնահերթություններից են: «Մեր այն հայրենակիցները, ովքեր կցանկանան վերաբնակվել ազատագրված տարածքներում, կառավարությունից կստանան հողային հատկացում և վարկային աջակցություն»,- պարզաբանել է վարչապետը: Ա. Հարությունյանը մասնավորեցրել է, որ Արցախի պետության համար կարևոր են հատկապես Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների վերաբնակեցումը, որովհետև այդ տարածքներն ունեն ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն: Ա. Հարությունյանը հաստատել է, որ եթե Արցախի կառավարության հնարավորությունները բավարարեին, ապա վերաբնակեցման լայն ծրագրեր կիրագործվեին նաև ազատագրված մյուս շրջաններում: ԼՂՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Արցախի հարցի վերջնական լուծումը կախված է Արցախի ժողովրդի և ամբողջ հայության կամքից. «Ինչ կարգի բանակցություններ էլ որ ընթանան, վերջին խոսքը ոչ միայն Արցախինն է, այլև` ամբողջ հայությանը»,- շեշտել է վարչապետը: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter