Ոչ մի առևտրի կենտրոն Երևանի վերջին այգում՝ Թամանյանի գլխավոր պողոտայում
Մարտի 1-ին տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետը և «Տաշիր» գրուպի նախագահը համաձայնագիր են ստորագրել մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Քանի որ մամուլում հստակ տեղեկություն չկա այն մասին, արդյոք այդ ծրագրերի թվում է նաև Մաշտոցի պողոտային հարող այգին, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հարկ է համարում կրկին հայտնել երևանցիների և հատկապես Կենտրոնի բնակիչների ստորագրահավաքով հաստատված կարծիքն այն մասին, որ.
- նրանք դեմ են Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգում որևէ ստորգետնյա առևտրի կենտրոնի կառուցմանը,
- նման շինարարության դեպքում այգին կկորցնի իր նշանակությունը, քանի որ զբոսայգին աքցանի մեջ կառնեն ստորգետնյա և վերգետնյա կոմերցիոն առևտրային կառույցները, անխուսափելիորեն կտուժեն հազվագյուտ ծառերն ու ծառարմատները,
- տարրական քաղաքաշինական նորմերի համաձայն զբոսայգու միջավայրն անհամատեղելի է առևտրային կառույցների հետ և ի սպառ կբացառի քաղաքացիների հանգստի և մեկուսի զբոսնելու հնարավորությունը,
- նշված նախագծով վերջնականապես խաչ կքաշվի Ալ. Թամանյանի նախագծած Գլխավոր պողոտայի հայեցակարգի վրա,
- պատրաստ ենք տրամադրել մեր նախաձեռնության Բաց ճարտարապետական ֆորումի անկախ մասնագիտական կարծիքներ նշված այգու վերաբերյալ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել