
Դերասանական կուրս Շուշիում
Սեպտեմբերի 11-ից Շուշիում գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի Գորիսի մասնաճյուղին կից դերասանական կուրս:
Առայժմ ուսումնական գործընթացը կազմակերպվում է «Նարեկացի» արվեստի կենտրոնի Շուշիի մասնաճյուղում: Ինչպես տեղեկացանք խմբի ղեկավար Մարատ Դավթյանից, ուսումն անվճար է բոլոր 12 ուսանողների համար:
Ներկա դրությամբ մասնագիտական առարկաները վարում է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի երկու դասախոս: «Գեղագիտություն» առարկան դասախոսում է բանաստեղծ, մշակութաբանության պրոֆեսոր Ռոմանոս Սահակյանը, իսկ «Դերասանական վարպետությունը»` Գարեգին Գրիգորյանը: Հումանիտար առարկաները կդասավանդեն տեղի համալսարանների դասախոսները:
Ռ. Սահակյանն ասում է, որ Շուշիում դերասանական կուրս բացելու գաղափարը Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտինն է, բայց դասապրոցեսը սկսելու առաջարկը՝ ԼՂՀ կառավարությանը: Նպատակն է տեղում կադրեր պատրաստել, ովքեր ավարտելուն պես կհամալրեն Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական եւ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնների դերասանական կազմը:
«Տեղում այդ ամենը կազմակերպելու առավելություններից մեկն այն է, որ Երեւանում սովորելու ընթացքում լինում է այնպես, որ հետ չեն գալիս Արցախ` նախընտրելով մնալ Երեւանում»,- ասում է պրն Սահակյանը:
Զրուցակիցս ասում է, որ կուրսի հետ կապված պլաններ շատ կան, ամեն ինչ կախված է ընթացքից, միգուցե այն այնքան հաջող լինի, որ վերջում վերածվի դերասանական ֆակուլտետի եւ սկսեն կադրեր պատրաստել ոչ միայն Շուշիի եւ Ստեփանակերտի, այլեւ շրջանների համար:
«Ուսումնական գործընթացը տեւելու է 4 տարի, եւ, ամենայն հավանականությամբ, մինչեւ այս կուրսի ավարտ նոր կուրս չի լինի: Ծրագիրը նույնն է, ինչ մայր բուհում, միայն մի տարբերությամբ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը` այստեղ այդ նույն դասաժամերը ավելի սեղմ ժամանակում ենք մատուցում: Դասախոսությունների ավարտից հետո ուսանողները քննություն են հանձնելու, իսկ հետո արդեն մեզ հերթափոխելու են գալու մասնագիտական այլ առարկաների դասախոսներ»,- ասում է Ռ. Սահակյանը:
Մեկնաբանել