Հայաստանում նոր իրավիճակ է հասունանում
Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքը պարզորոշ ցույց տվեց, թե որքան մեծ է հասարակության ներսում արմատական փոփոխությունների պահանջարկը:
Առաջին հերթին սա լուրջ ազդակ էր իշխանության համար` վերջապես հասկանալու, որ չի կարելի այդչափ անհաղորդ լինել երկրում կուտակված հիմնահարցերի նկատմամբ եւ դրանք լուծելու փոխարեն` լուսավոր ապագայի հույսերով ու Կառավարության ինչ-որ վիրտուալ հաջողություններով կերակրել հուսալքված ու երկրից փախչող հասարակությանը:
Այս հանրահավաքին ՀԱԿ-ը գնաց սպասվածից ավելի զգուշությամբ: Չնայած նախնական հայտարարություններին, թե սա լինելու է «վճռական» կամ «հանգրվանային» հանրահավաք` կոնգրեսականներն իրենք չէին պատկերացնում, որ Մատենադարանի մոտ գործողությունների պատրաստ այդքան մարդ կարող է հավաքվել:
Այս հանրահավաքը երկու հիմնական նպատակ էր հետապնդում. նախ, փորձել հասկանալ, թե վերջին շրջանում հասարակական առանձին դժգոհող ու բողոքի անջատ ակցիաներ անցկացնող շերտերին կոնսոլիդացնելու ինչ հնարավորություններ կան, եւ երկրորդ` ՀԱԿ-ը որքանով կարող է ստանձնել այդ գործառույթը:
Որ առավելագույն խնդիրները հենց սրանք էին, պարզորոշ ցույց տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ընթերցած` հանրահավաքի հայտարարությունը, որով իշխանություններին առաջադրված 15 կետանոց պահանջների գերակշիռ մասը հենց այդ հասարակական շրջանակների հետաքրքրությունների բավարարմանն էր ուղղված:
Մասնավորապես, պատահական չէր «փողոցային առեւտրի արգելման, երեկոյան ժամը 8-ից հետո փոքր խանութների աշխատանքի դադարեցման եւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ ընդունված չարաբաստիկ որոշումները» չեղյալ հայտարարելու, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը վերականգնելու, օգտագործման (այլ ոչ թե վաճառքի) նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկի անօրինական գանձումը դադարեցնելու պահանջների ներառումը:
Այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը հասարակական այդ շրջանակների պահանջները վերցրել է` գրեթե առանց մշակման, վերլուծության, կայացված որոշումների դրական ու բացասական կողմերը հաշվի առնելու, ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը, իրեն ոչ հատուկ կերպով, որոշակիորեն տուրք է տվել պոպուլիզմին` շատ ավելի էական համարելով այդ շրջանակներին իր կողմը գրավելու եւ փաստացի գործողությունների շարժիչը դարձնելու խնդիրը:
Եթե սրան էլ գումարում ենք մարտի 1-ի ոճրագործությունից տուժած բոլոր քաղաքացիների նյութական վնասները փոխհատուցելու, մասնավորապես` սպանվածներից յուրաքանչյուրի ընտանիքին 1 մլն դոլար, իսկ վիրավորներին` առնվազն 100.000 դոլար հատկացնելու, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձը 200 դոլար, գործազրկության նպաստը` դրա 50 տոկոսը, իսկ միջին կենսաթոշակը` միջին աշխատավարձի 40 տոկոսը դարձնելու պահանջները, ակնհայտ է դառնում թարմացվող շարժմանն ընդգծված սոցիալական բովանդակություն հաղորդելու ՀԱԿ-ի ձգտումը:
Եթե նկատի ունենանք, թե մեկնարկային ինչպիսի անկումային դրությունից է ՀԱԿ-ը սկսում այս նոր գործընթացը, զուտ մարտավարական իմաստով ինչ-որ տեղ արդարացվում է այս փուլում պոպուլիզմին միտումնավոր տուրք տալու մոտեցումը: Կոնսոլիդացման տեսանկյունից այն կարող է լուրջ նշանակություն ունենալ, սակայն` միայն կարճաժամկետ կտրվածքով, որովհետեւ դրա ետեւում չեն երեւում այլընտրանքային լուծումները, որոնք կարող են հարցականներ առաջացնել:
Երկրորդ փաստարկը, որ այս հանրահավաքն իր առջեւ լուրջ ամբիցիաներ չէր դրել եւ առավելապես հասարակական կրիտիկական մասսա հավաքելու ներուժի ստուգման նպատակ էր հետապնդում, այն է, որ ՀԱԿ-ը, ավելի ստույգ` Տեր-Պետրոսյանը, միտումնավոր բաց էր թողել ներկայացված պահանջների կատարման համար իշխանությանը կոնկրետ ժամկետներ, ավելի ճիշտ` վերջնաժամկետներ առաջադրելու պահը: Միակ ժամկետը, որ պարունակում է այդ հայտարարությունը, վերաբերում էր իրենց քաղաքական հայացքների համար ազատազրկված ՀԱԿ-ական ակտիվի ազատ արձակման պայմանին:
Սա նաեւ մարտավարական խնդիր է, որովհետեւ այս փուլում նման հստակ վերջնաժամկետներ ներկայացնելով` ՀԱԿ-ը բավականին սահմանափակելու էր մանեւրելու իր հնարավորությունները, եւ դրանք իշխանության կողմից չկատարվելու դեպքում կոնկրետ քայլերի ձեռնարկման խնդիր էր առաջանալու, ինչին, առանց հասարակական էներգետիկան ստուգելու, ՀԱԿ-ը չէր կարող դիմել:
Իսկ նման մանեւրի հնարավորություն Կոնգրեսն իր համար ուզում է թողնել եւ այն էլ ամենակարեւոր` իշխանափոխության խնդրի համատեքստում: Եթե նախկինում Տեր-Պետրոսյանը փաստացի արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը համարում էր նախապայման, ապա հիմա ընդգծում է առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցի շուրջ «իշխանությունների հետ գործնական երկխոսություն սկսելու» հանգամանքը:
Այսպիսով, Տեր-Պետրոսյանը պայմաններ է ստեղծում, որ անհրաժեշտ պահին իշխանության հետ հնարավոր լինի բանակցել կամ արտահերթ, կամ հերթական ընտրությունների միջոցով իշխանությունը հանձնելու տարբերակների ու ընթացակարգերի վերաբերյալ:
Ամեն դեպքում, մարտի 1-ի հանրահավաքը ցույց տվեց, որ Հայաստանում նոր զարգացումներ են սկսվում, եւ ՀԱԿ-ը կրկին փորձում է վերադարձնել ընդդիմադիր դաշտում կորցրած իր հեգեմոն կարգավիճակը: Արդեն իսկ ակնհայտ է, որ Կոնգրեսի հաջորդ` մարտի 17-ին ծրագրված հանրահավաքը որակապես այլ է լինելու ու բոլորովին այլ խնդիրներ է փորձելու լուծել, ինչի վստահությունը ՀԱԿ-ին տվեց այս հանրահավաքը:
Սա շատ լուրջ ահազանգ է իշխանության համար: Եթե գործընթացը այս մակարդակով շարունակություն ունենա, վերջինս կանգնելու է հստակ երկընտրանքի առաջ. կամ ընդառաջ գնալ հասարակական պահանջներին եւ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել իրավիճակը փրկելու համար, կամ կրկին դիմել ռեպրեսիվ մեթոդների` ավելի լուրջ ցնցումների առաջ կանգնեցնելով երկիրը:
Ստեղծվելիք իրավիճակում լավագույն լուծումը, միանշանակ, երկխոսությունն է, որից չպետք է խուսափի ոչ ՀԱԿ-ը եւ ոչ էլ իշխանությունը: Այս իմաստով իրենց դիրքորոշումը հստակեցնելու խնդրի առաջ է հայտնվում նաեւ ընդդիմադիր մյուս երկու ուժը` Դաշնակցությունն ու «Ժառանգությունը», որոնք կարող են միջնորդի դեր կատարել իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ ու հավասարակշռություն մտցնել քաղաքական դաշտում: Դրա համար ՀԱԿ-ը չպետք է նրանց վերաբերվի որպես երկրորդ սորտի ուժերի, ինչը կարող է հանգեցնել քաղաքական դաշտի ու հասարակության նոր, ծայրահեղ վտանգավոր բեւեռացման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել